Ըստ ամենայնի մենք պատրաստ ենք սպանել ու ոչնչացնել ցանկացածին՝ մարդը կա, մնում է պատճառը: Այսօր տրանսգենդերի հերթն է: Նա, ով սպանել է, պարզ է, որ չի ուզում, որ տղան լինի աղջիկ, աղջիկը լինի տղա: Չի ուզում, բայց չի կարող այնպես անել, որ չլինի: Ուրիշ ի՞նչ պիտի անի՝ պիտի սպանի: Այսինքն, իրեն մի փոքրիկ Հիտլեր է երևակայում:
Ովքե՞ր են վառում ու սպանում ոչ իրենց նմաններին՝ նրանք, որոնք ոչ մի առավելություն չունեն դիմացինի հանդեպ ու վախենում են, որ դիմացինը կունենա: Հենց նույն պատճառով Հիտլերը վառեց հրեաներին: Հիտլերը չէր տեսնո՞ւմ, որ հրեաներն իր նման մարդ են: Տեսնում էր, բայց այնքան քիչ արժանիք էր գտնում իր մեջ, որ վախենում էր նրանց արժանիքներից, որոնք ցանկացած մարդ կարող է ունենալ: Մարդը սպանել է տրանսգենդերին հետևյալ «փիլիսոփայությամբ»՝ազգը մաքրենք նրանցից, որոնք զզվելի են: Այսինքն, հիմնավորումն «էսթետիկ» է:
Այն, որ այսպիսի մտածողությունն ինքնին զզվելի է, նրան չի տանջում, որովհետև այդ դեպքում ինքը մի քիչ ավելի շատ պիտի մտածի: Իսկ ավելի շատ մտածելու ռեսուրս ինքը չունի: Հենց ավելի շատ մտածելու ռեսուրսի դեֆիցիտն է բոլոր հանցագործությունների հիմքում: Մարդը չի կարողանում ապրել իր խնդիրներով, ուզում է, որ մասնակից լինի ուրիշի խնդիրների վերացմանը։
Տրանսգենդերը չի փախել երկրից, կարծես թե չի բողոքել իր հանդեպ վերաբերմունքից, քանի որ գուցե մտածել է, որ մենք եվրոպական մյուս երկրների նման երկիր ենք՝ ի՞նչ է պատահել՝ կապրենք Հայաստանում, ինչպես ուրիշ տրանսգենդերներ ապրում են Հոլանդիայում, Գերմանիայում կամ Ֆրանսիայում։ Այսինքն, չի ուզեցել Հայաստանի անունը սևացնել որևէ տեղ, ուստի մնացել է Հայաստանում։ Բայց դա արդեն մարդասպանի խնդիրը չէ։ Նա մտածելու վրա ժամանակ չի ծախսի, նրան Հայաստանի հեղինակությունը հետաքրքիր չէ, ինքն ուղղակի զզվում է տրանսգենդերից։ Նույնիսկ երեխա էլ չունի, որ «հանուն» նրա ապագայի սպանի։
Այս 26-ամյա մարդասպանն, իհարկե, միայնակ չէ Հայաստանում։ Լիքը մարդ կա, որը վստահ է, որ տրանսգենդերին կամ համասեռամոլին պետք է վառել։ Հարց է ծագում՝ վառեցիք, պրծաք, ումո՞վ եք լրացնելու առաջացած դատարկությունը։ Պարզ է, չէ՞, որ լրացնելու եք ձեզ նման մարդասպաններով, որոնք պիտի ձեզ նման անհանդուրժող լինեն։ Եթե անհանդուրժող չեղան, քանի՞ գրոշի արժեք ունի նրանց գոյությունը վերացնել։
Բայց ի՞նչ հարց եք լուծում այդ անհանդուրժողականությամբ՝ Հայաստանի ոսկու պաշա՞րն է շատանում, Քելբաջարի ջրե՞րն են իրենց ուղղությունը փոխում դեպի Հայաստան, Թուրքիան Մասի՞սն է վերադարձնում։ Գոնե մեկ պատճառ ասեք, ըստ որի տրանսգենդերը չպետք է ապրի Հայաստանում։ Ինքը ձեզ հետ մեկ գդալի՞ց է ուտում։ Հանցագործությունը ցույց տվեք, այլապես, եթե զզվելի լինելով հարցը որոշվեր, էնքան մարդ գուցե գոյություն չունենար։
Իբր հետամնաց լինելու քիչ տեղ ունենք, մնացել էր տրանսգենդերին սպանելը մեզ հետ քցեր մնացած աշխարհից։ Եվ, ընդհանրապես, այսքանից հետո ասեք՝ ինչի՞ պիտի աշխարհը կանգնի Հայաստանի կողքին, եթե մի տրանսգենդերն էստեղ ապրելու իրավունք չունի։
Տղերք, քանի պետություն ենք, խաղացեք օրենքներով։ Էդ օրենքներից ոչ մեկը ձեր «էսթետիկ» ճաշակով չի գրվել։ Ձեր «էսթետիկ» ճաշակով լիներ, էս պետությունը չէր լինի։
Մհեր Արշակյան