Ֆեյսբուքում ընկերուհիներիցս մեկը 2020-ի այս օրվա մի լուսանկար է դրել գիրք ստորագրելիս: Լուսանկարի վերևում հետևյալ մակագրությունն է՝ էս օրից եմ ուզում: Այդ օրը այդ աղջիկը դեռ չգիտի, որ իրեն խաբել են նույն օրը, դրա նախորդ օրը, նախորդ օրվան նախորդող օրը և այդպես շարունակ: Աղջիկն այդ օրն է ուզում, որովհետև դեռ այդ օրը չգիտի, որ ապրում է ստի ու խաբեության մեջ: Այդ օրը նա համոզված է, որ Հայաստանի ամենամեծ խնդիրը կորոնավիրուսն է, իսկ Ղարաբաղը համարյա խնդիր չունի:

Խնդիրը պարտությունը չէ, այլ ամեն օր հետևողականորեն խաբվելը: Քաղաքացին պարտավոր չէ գլխի ընկնել ճշմարտությունը, նա իշխանություն է ընտրում, որ իրեն չխաբեն, քարշ չտան երջանիկ անտեղյակության բավիղներում ու չկանգնեցնեն մի անդունդի առաջ այնպիսի դեմքով թե՝ քո ընթացքն անկասելի է ու ամեն ինչ ավելի լավ է լինելու:

Հիմա հարցերի հարցն այն է, թե քանի որ Ղարաբաղի համար գոնե իշխանության տեսանկյունից ամեն ինչ վերջացած է, ուրիշ ի՞նչ ստի միջով են մեզ քարշ տալիս: Եվ արդյոք Սնուփ Դոգին չեն բերում իբրև թմրանյութ, որը կբթացնի նոր աղետի սպասումը: Ո՞ր երկրներում է քաղաքացին ավելի շատ հավատում Աստծուն, երազահանին կամ հորոսկոպին՝ բոլոր այն երկրներում, որտեղ իշխանությունից ոչ մի խեր չկա կամ դեպրեսիաներից դուրս գալու բանական ճանապարհ չկա: Չեմ ասի, թե մենք ավելի հավատացյալ ենք դարձել կամ մեծացել է երազահանների ու հորոսկոպների վաճառքը 44-օրյա աղետից հետո: Մենք այլ լուծում ենք գտնում՝ արտագաղթում ենք երկրներ, որտեղ հեքիաթներին չեն հավատում:

Այլ հարց է, որ հաճախ մեր արտագաղթած երկրում (մասնավորապես Ռուսաստանում) էլ վիճակն առանձնապես լավը չէ, բայց մերինից՝ հաստատ լավ է:

Օրերս Հայաստանը ցնցվեց հերթական դաժան լուրով՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են  «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը, զոհվել է 11 հոգի: Սա դիմադրողականություն չունեցող երկրի ողբերգություն է: Այսպիսի դեպքերը սովորական էին նախորդ իշխանությունների ժամանակ, որոնց մենք չէինք ընտրել: Հիմա, պարզվում է, որ ընտրությունն էլ չի օգնում՝ ողբերգությունը մեր քթից բռնել է ու բաց չի թողնում: Քանի՞ միլիարդ պիտի լինի քո բնակչությունը, որ այսպիսի մարդածին աղետներ թույլ տաս քեզ:

Մեր երկիրը, ես լավ չեմ հասկանում, մարդու ավելցո՞ւկ ունի, թե ոնց: Այսինքն, բանակում խաղաղ պայմաններում մեկ օրվա մեջ միանգամից 15 զոհը (բանակում հընթացս սպանություններն ու ինքնասպանությունները չհաշված), արտագաղթը չհաշված, Ադրբեջանի գերեվարած քաղաքացիները չհաշված, հերիք չե՞ն, որ ինչ-որ մեկը ինչ-որ կառավարությունում իր տեղում լինի:

Ով էլ, որ լինի այս ՃՏՊ-ի մեղավորը, ակունքը անպատժելիությունն է ու կապ չունի, թե որ օղակում: Էսպիսի երկրում իշխանության մարդու իրավունքներից խոսելու իմաստը ո՞րն է: Այսինքն, ինչի՞ եք ստում: Ասեք, որ գլխավոր խնդիրը լուծել եք՝ իշխանությունը վերցրել եք: Մնացածի վրա՝ թքած: Այ սա կլինի ՔՊ-ավարի:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest