Հայաստանում չլսված ու չտեսնված բարդակ է տիրում: Բացառապես բոլոր ոլորտներում: Երևի միայն արտաքին քաղաքականությունը մի կողմ կդնեմ, որից ոչինչ չեմ հասկանում:
Վերցնենք շինարարությունը Երևանում: Այս քաղաքն արդեն իր կլիմայով դարձել է կիսաանապատային գոտի: Հետևաբար ի՞նչ պետք է անեին քաղաքային իշխանությունները: Ճիշտ է՝ ծառ պիտի տնկեին: Իսկ ծառը փող չէ: Տնկելուց շահ չկա։ Ավելին փող ես ծախսում։ Իսկ քաղաքային իշխանությունները հո ապուշ չե՞ն, որ փող ծախսեն, որն իրենց փող չի բերի։ Բայց, մեկ է, հաստատ չեն կարող, չէ՞, ասել, որ այս գլոբալ տաքացումը Սերժ Սարգսյանն է գցել Տիգրան Ավինյանի գրպանը:
Հաջորդը: Տրանսպորտից վերացրել են գազելները: Ներմուծել են ժամանակակից ավտոբուսներ: Լա՞վ է: Լավ է: Դե հիմա էս շոգին գնացեք ու խցկվեք էդ ավտոբուսները ու ասեք, թե ո՞րն է դրանց ու գազելների տարբերությունը: Ու էս համատարած անպատասխանատվության մեջ ինչո՞ւ չի կարող հայտնվել մեկը ու հայտարարել, որ իր ընտրվելու դեպքում Երևանի քաղաքային տրանսպորտը պիտի դառնա անվճար: Ումի՞ց է վատ անպատասխանատու այդ մարդը:
Հաջորդը: Քրեակատարողական հիմնարկներում ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո: Չե՞ն խոշտանգում: Այն էլ ոնց են խոշտանգում: Ասենք, ինչի՞ պիտի մարդը բանտ մտնի 96 կգ ու միքանի ամսում դառնա 36 կգ: Ի՞նչ պիտի արած լինեն էդ մարդու հետ «Արմավիր» քրեակատարողականում, որ հիմա պառկած է վերակենդանացման բաժանմունքում: Այսինքն, էս երկրում ամեն ինչից զատ առաջին պլան պիտի գար մարդու իրավունքը: Իսկ այդ իրավունքը որտեղ եղել է մինչև հեղափոխությունը, այնտեղ էլ մնացել է:
Հաջորդը պաշտոնյաների ցոփությունն է: Այս մասին շատ է գրվել: Մի երեք տարուց ՀՀԿ-ական թալանչիներն արդեն սովորելու բան կունենան ՔՊ-ական «մաքուր կյանքով» ապրողներից:
Ո՞ւր հասանք: Հասանք ընտրակեղծարարությանը: Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն կեղծիքներն ավելի շուտ է սկսում, քան դա կանցներ նույնիսկ Գագիկ Բեգլարյանի մտքով:
Գանք աղմկահարույց դատերին: Որևէ մեկը լուր ունի՞՝ ինչ եղավ, ասենք, մարտի 1-իգործը և հեղափոխությունից 5 տարի հետո ինչո՞ւ ծպտուն չկա էդ գործից:
Գրողը տանի, այս իշխանությունները նույնիսկ տուրիստների համար տանելի հանրային զուգարանների հարցը չեն լուծել, որը խոստացել էին անել դեռևս հեռավոր 2018 թվականի սեպտեմբերի 19-ին անձամբ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի շուրթերով: Իսկ այդ զուգարաններն ինչպիսին կային Սերժ Սարգսյանի օրոք, այդպես էլ մնացել են: Այսինքն, չկան։ Կամ չեղածի հաշիվ են։
Բիզնես միջավայրից ի՞նչ նորություն կա։ Ունե՞նք որևէ աննախադեպ թվով աշխատատեղերի բացում Հայաստանի որևէ կետում։ Չկա։ Դիոգենեսի ճրագով էլ չեն գտնի այդ աշխատատեղերը։ Իսկ արդեն 5 տարի է այդ մարդիկ իշխանության մեջ են։ Փոխարենը ի՞նչ կա։ Նույնիսկ կարիք չկա ասելու, թե ինչ կա, քանզի կարելի է ուղղակի մեջբերել Սերժ Սարգսյանի իշխանության ձախողումները ու կանգ առնել։ Որևէ նոր բան տեղի չի ունեցել։
Լավ, որտե՞ղ հատկապես թեքվենք, ո՞ր ոլորտ մտնենք այս իշխանության 5 տարվա գործունեության որևէ դրվագ ծափահարելու համար։
Մհեր Արշակյան