Հուլիսի 25-ին վարապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի լրատվամիջոցների հետ։ Ես ուզում եմ կանխատեսել որոշ հարցերին տրվելիք նրա պատասխանները։ Մասնավորապես, «Հայաքվեի» վերաբերյալ հարցին նրա պատասխանը լինելու է այն, որ Հայաստանը չի կարող օրենսդրորեն քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ցանկացած քայլ։
Նախ որովհետև արդեն ճանաչել է, երկրորդ, եթե անգամ Հայաստանն Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս, օրենքի ընդունումն արդեն իսկ ագրեսիա է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որը Ադրբեջանին կտա բոլոր հիմքերը հարձակվելու Հայաստանի վրա, քանի որ օրենքի ընդունումը նշանակում է հավակնել Ադրբեջանի տարածքին, երրորդ, ՀՀ ՍԴ-ն չի ճանաչի այդպիսի օրենքի սահմանադրականությունը, քանի որ մեղադրվել կարող ես միջազգայնորեն ճանաված քո տարածքը հանձնելու մեջ, իսկ այս օրենքով դու հավակնում ես ուրիշի տարածքին։
Այս օրենքը, ըստ Փաշինյանի, չի կարող նաև հանրաքվեի դրվել, քանի որ նրա հակաօրինականությունը կճանաչվի ոչ միայն ՍԴ-ով, այլև միջազգային ցանկացած պայմանագրով։ Հետևաբար Հայաստանը չի կարող պատերազմ հայտարարել աշխարհին և իր գոյության ամենաթույլ ժամանակաշրջաններից մեկում կռվի մեջ մտնել Ադրբեջանի հետ։
Հաջորդ հարցը, որը կարող է հնչել Փաշինյանի ասուլիսին, Հայաստանի գերբի վրայից Մասիս սարի պատկերը հանելն է։ Ոչ մի կասկած, որ դա Թուրքիայի պահանջն է, որի մասին դեռևս լռում են Հայաստանի իշխանությունները։ Ասուլիսում Փաշինյանն «ամբողջ հասակով և զգաստորեն» կարող է հայտարարել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը Մասիսի պատկերը գերբից հանելն է, քանի որ քանի դեռ այդ սարը մեր գերբի վրա է, մենք հավակնություններ ունենք Թուրքիայի տարածքի նկատմամբ, իսկ եթե ունենք՝ ինչո՞ւ Թուրքիան պետք է գնա հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման։
Մասիսի նկարով,-կասի Փաշինյանը,-մենք հայտարարում ենք Թուրքիայի տարածքի հանդեպ մեր անթաքույց հավակնությունը՝ (որտեղ հավակնությունը, այնտեղ՝ ագրեսիայի սպառնալիքը), որը մի օր կարող է արտահայտվել ռազմական ճանապարհով։ Այսօր սա անհնար է թվում, բայց Թուրքիան չի կարող սպասել, թե երբ դա հնարավոր կլինի։ Եթե մեր և Թուրքիայի միջև կան կնճիռներ, այսօրն ամենահարմար ժամանակն է այդ կնճիռները լուծելու։ Խաղաղության դարաշրջան պետք է մտնել առանց կնճիռների, քանի որ կնճիռներն ագրեսիայի բուն են եթե ոչ այսօր, ապա վաղը։
Հաջորդ հարցը կարող է լինել FIP-ի բացահայտման մասին, ըստ որի Սպիտակի քաղաքապետը հանձն է առել երևանաբնակ սպիտակցիներին գրեթե հրահանգել Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի ու նրա քաղաքական ուժի օգտին։ Առաջին հայացքից սրա մասին ի՞նչ ասի Փաշինյանը, եթե անզեն ականջով էլ հասկանալի է, որ ՔՊ-ն կրկնում է Հանրապետականների ձեռագիրը։ Բայց չմոռանանք՝ պատասխանողը Փաշինյանն է, ոչ թե Սերժ Սարգսյանը, որը չէր էլ պատասխանում։
Իսկ ի՞նչ կասի նա։ Նա կասի՝ իսկ այդ ձայնագրություններում որտե՞ղ եք տեսնում հրահանգ քվեարկել ՔՊ-ի կամ Ավինյանի օգտին։ Որից հետո կհայտարարի, որ ավագանու ընտրությունների թափանցիկության երաշխավորն ինքն է և որ կխոսենք ընտրություններից հետո։ Ճիշտ է, Փաշինյանը չի սիրում կրկնվել, նա երբեք մեկ անգամ ասված միտքը երկրորդ անգամ չի ասում։ Բայց այս դեպքում նա իր իշխանության հանրապետականացման հոտն է առել, որը շատ պարզ երևում է նաև Ծաղկաձորի անտառների աննախադեպ կոտորածով, որը նույնիսկ Քոչարյանն ու Սերժը միասին չեն արել։ Փաշինյանը չի կրկնվում, բայց չկա մի հարց, որի «կռուտիտը» նրա գրպանում չլինի։
Հաջորդ հարցը իր տիկնոջ՝ Աննայի վերջին աղմկահարույց հրապարակումն է իր այգու բանջարեղենով ընթրիք պատրասելու մասին։ Աննան, ըստ Փաշինյանի, պարզապես փորձել է ասել, որ այնտեղ, որտեղ հող կա, ցանկացած իրավիճակից կարելի է դուրս գալ ու սովի չմատնվել։ Աննան խոսել է սեփական անձի, սեփական ընտանիքի ճգնաժամային կառավարման մասին։ Նա քաղաքական ոչ մի ենթատեքստ չի դրել իր լուսանկարի տակ։ Որից հետո կարող է խոսել քաղաքական լուծման Հայաստանի իշխանությունների ջանքերի մասին։ Թերևս այսքանը։
Մհեր Արշակյան