ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր ձեռքով աճեցրած բանջարեղենի լուսանկար: Այդ բանջարեղենով, ըստ տեքստի, տիկին Աննան պատրաստել է երեկվա ընթրիքը:

Ակնարկն ակնհայտորեն ուղղված է սովի մատնված արցախցիներին: Այսինքն, էս ամենը հո կարո՞ղ եք աճեցնել: Ամեն ինչ ճիշտ է արել Աննան: Իսկապես, վարունգ-լոլիկն ի՞նչ է, դրանք աճում են նաև շրջափակման պայմաններում, անասունները կարող են սնվել շրջափակման պայմաններում աճող խոտով ու կաթ տալ, կաթից պանիր ու կարագ ստանալ:

Մի խոսքով, Աննան ճիշտ է: Բայց փոքրիկ խնդիր կա: Նախ աչքի է զարնում Աննայի այն համոզմունքը, որ ղարաբաղցիները չգիտեն, որ կարող են բանջարեղեն աճեցնել: Ղարաբաղն իսկապես գյուղատնտեսական տարածք է և, ինչ-ինչ, բայց կանաչի ու բանջարեղեն աճացնելն այնտեղ խնդիր չէ: Բայց 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղցիների մեծ մասը կենտրոնացած է Ստեփանակերտում ու այնտեղ այնպես չէ, թե շատ հող կա:

Ըստ իս, արցախցիների տագնապը հնարավոր սովը չէ, հնարավոր սովի դեմ էլ դեղամիջոց կա՝ ուղղակի վերցնել ու դուրս գալ Արցախից, հայերը դա միշտ էլ կարողացել են անել: Արցախցիների հիմնական տագնապը հողը հայկական պահելու անհեռանկարությունն է: Ադրբեջանական հողի վրա էլ է լոլիկ ու վարունգ աճում, բայց Մեհրիբանի էջում այդպիսի լուսանկարներ չկան: Աննան մոտավորապես ղարաբաղցիներին ասում է (կներեք կոպիտ տոնի համար)՝ եթե սոված եք, ապա սոված եք ձեր էշ խելքից: Այսինքն, Ադրբեջանի դեմ կռիվը մենակ հող ազատագրելով չէ, կարելի է կռվել նաև ունեցած հողն օգտագործելով:

Դատելով Ստեփանակերտի շուկայում արված լուսանկարներից, ղարաբաղցիներն իսկապես օգտագործում են այդ հողը: Բայց ղարաբաղցիների ցավը հաց ու ջուրը չէ: Ղարաբաղցիների ցավը հայկական մնալու ազդակներն են, որոնք նրանք սպասում են Հայաստանից: Ղարաբաղցիները համոզված են, որ Հայաստանը նրանց թողել է բախտի քմահաճույքին: Սա ընկալում է, որը պետք է պարզաբանվի: Պարզ է, որ դա Աննա Հակոբյանը չի կարող անել, նա իր լուսանկարով ցույց է տալիս, որ որպես խոհանոցում ընթրիք պատրաստող կին, կարող է ասել, թե ինչպես սոված չմնալ: Համաձայնվեք, որ Աննան շատ կոպիտ ոճով է դա անում:

Լավ, ասենք թե ղարաբաղցիները չեն ֆայմում հող մշակել: Բայց նրանց անորոշությունը ինչո՞վ «կերակրել»: Նրանց սովածության հիմնական օջախը «սնվում» է վաղվա անորոշությամբ: Ոչ ոք էս աշխարհում չի ասում, թե շարքային ղարաբաղցին ինչ անի: Նույնիսկ Ղարաբաղի իշխանություններին ուղղված մի խելքը գլխին խորհուրդ չկա, թե նրանք ինչպես վարվեն: Էդ հողն ամեն օր սեղմվում է, վաղը մնալու է միայն Ստեփանակերտը, որտեղ ապրելն էլ է դառնալու անիմաստ: Կամ արցախցիներին ասեք, որ պետք է դուրս գան իրենց հողից, եթե չեն ուզում ապրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, կամ գնացեք ադրբեջանցիների հետ լեզու գտեք (սա պետք է պաշտոնական մակարդակով ասվի), կամ էլ զենք վերցրեք ու ինքնուրույն ձեր հողն անկախ պահելու ճարը տեսեք ու ոչ մեկի վրա մուննաթ մի եկեք:

Ղարաբաղցիները նայում են Հայաստանի կողմը ու Հայաստանից հանկարծ այսպիսի լուսանկարներ՝ «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով» մակագրությամբ: Երևանում քանի՞ հոգի է ապրում իր կամ Աննայի աճեցրած «բանջարեղեններով»: Երևանում էլ կա այդ անորոշությունը, թեպետ այն ճանաչված պետության մայրաքաղաք է: Ղարաբաղին ուրիշ բան է պետք՝ որոշակիություն:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest