Հայաստանում այսօր հետաքրքիր վիճակ է ստեղծվել՝ ներքաղաքական կյանք չկա: Ու սա չի բացատրվում շոգ ամառով, որովհետև նախ ամառն այդքան էլ շոգ չէ, երկրորդ, Ղարաբաղի գլխին մեծ ամպեր են կախվել և այնպես չէ, որ ընդդիմությունն իր խոսքը չի ասում: Այս ամենից բացի ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և պաշտոնանկ է եղել մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Թվում է, թե ավելի ներքաղաքական ի՞նչ պիտի լինի, եթե սրան էլ գումարենք, որ օրերս Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել մոտ 32 միլիարդ դրամ, 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր և այլ ունեցվածք: Իսկ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր քաղաքական դաշինքի առաջնորդ է: Բայց Հայաստանում ներքաղաքական կյանք չկա: Ու ներքաղաքական կյանքն այն չէ, որ դուրս գաս փողոց ու պահանջես իշխանության հրաժարականը, այլ այն, որ քո գործունեությունը միշտ մի քիչ ավելի ճիշտ է, քան իշխանության գործունեությունը, այսինքն, իբրև մահակ դու՝ ընդդիմությունդ միշտ մի քիչ ավելի ազդեցիկ ես:
Մեր ընդդիմությանը չի հաջողվում լինել ազդեցիկ: Արմեն Աշոտյանին ոչ ոք քաղբանտարկյալ չի ճանաչում, Ռոբերտ Քոչարյանի բռնագանձած գույքի համար ոչ ոք փողոց դուրս չի գա, բոլորը գիտեն, թե ինչպես է «մայկա-տռուսիկով» իշխանության եկած այդ մարդը հարստացել: Թագուհի Թովմասյանն անկասկած խնդիրներ էր բարձրացնում, բայց, տեսեք, որ նրա պաշտոնանկությունն էլ ռեզոնանս չառաջացրեց: Թագուհի Թովմասյանին նախկին իշխանություն չես անվանի: Բայց նա նախկինների հետ է: Այստեղից էլ նրա պաշտոնանկության անհետևանքությունը:
Նշանակո՞ւմ է, որ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անսխալ է անում: Իհարկե, ոչ: Ուղղակի Ղարաբաղում այս օրերին ծավալվող աղետը իշխանության համար դարձել է փրկօղակ: Ինչպես ասում են՝ հիմա ներքաղաքական կյանքի ժամանակը չէ: Ավելին, կարող էր այլ բան տեղի ունենալ՝ այդ աղետին ընդառաջ ընդդիմությունն ու իշխանությունը լինեին միասնական և միասնական այդ աղետը դուրս բերեին միջազգային հարթակ: Որովհետև Ղարաբաղում ապրում են հայեր, որոնք Հայաստանի ինքնիշխանության դաշտում չեն, բայց նրանք կան, գոյություն ունեն և նրանց գոյության ու անվտանգության հարցը պետք է լուծվի: Մինչդեռ իշխանությունն ասում է, որ ինքնորոշման հարց չկա, իսկ ընդդիմությունն ասում է, որ Ղարաբաղը պետք է անկախանա: Եվ այս անհաշտությունն անգամ չի աշխուժացնում ներքաղաքական կյանքը Հայաստանում, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ով է ճիշտ հանուն Ղարաբաղի:
Բանն էլ հենց այն է, որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը ժողովրդի հետ բաց չի խաղում: Ժողովուրդը չգիտի, թե ո՞րն է Ղարաբաղի համար լավ՝ ինքնորոշման պահանջը ադրբեջանական ագրեսիայի հրավեր է, որին հայկական բանակը պատրաստ չէ, Ղարաբաղի հայերի գոյության երաշխավորությունն էլ ոչ մեկի մոտ հավատ չի առաջացնում, գրեթե ոչ մի հայ չի հավատում, որ Ադրբեջանը կերաշխավորի հայերի անվտանգությունը:
Ահա թե ինչու ներքաղաքական կյանքը ոչ մի կերպ չի աշխուժանում՝ ժողովուրդը ՉԳԻՏԻ, թե ինչ մտածի իր հայրենակիցների ճակատագրի մասին, ինչն է լավ նրանց համար և ինչն է վատ: Չգիտի, որովհետև չի ուզում չհավատալ իշխանություններին, բայց վստահ չէ, որ այդ հավատը կարող է թանկ չարժենալ ղարաբաղցիների համար:
Մհեր Արշակյան