Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ հուլիսի 1-ից կենսաթոշակները կդառնան 36 հազար դրամ, իսկ «36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է»: Որ հարցնես՝ դուք ձե՞ռ եք առնում մարդկանց, կպատասխանեն՝ դու ուզում էիր, որ միանգամից 200 հազա՞ր դառնա կենսաթոշակը, մենք դեռ Եվրոպա կամ Ամերիկա չենք, մենք նույնիսկ Ռուսաստան չենք դեռ:
Ու սա իշխանության գալուց 5 տարի հետո: Շա՞տ է այս 5 տարին, թե քիչ: Շատ-շատ է: Ահռելի է: Որովհետև պետության մեջ կարծես թե բյուջեից այլևս գողացող չկա: Իսկ ինչո՞ւ միանգամից շատ չեն բարձրացնում: Որովհետև եթե շատ բարձրացնեն, դրամը կփլվի: Փոխարենը ի՞նչ են անում, բարձրացնում են դատախազների աշխատավարձը: Ինչո՞ւ: Բացատրությունը պոեզիա է. «Մենք դա անում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ՝ հանուն քաղաքացիների, որովհետև այդ միջոցով նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության՝ արդարադատության որակը»:
Հիմա հասկացաք, չէ՞, ծերության որակը կարող է սպասել, ծերությունը դեռ գոյությունը քարշ տալու և պարզապես ապրելու արանքում է, իսկ դատախազների ու քննիչների աշխատավարձի բարձրացումով բարձրանում է արդարադատության որակը: Այսինքն, քաղաքացուց փող չեն ուզում, նյարդային չեն շփվում նրա հետ, դատախազն անձամբ չի խոշտանգում քաղաքացուն, ինչ է թե կնոջ քմահաճույքները ցածր աշխատավարձի պատճառով չի կարողանում բավարարել:
Իսկ իրականությունն այն է, որ դատախազի աշխատավարձը բարձրացնում են, որովհետև դատախազը պիտի իր ապագան տեսնի հուսալի, իսկ կենսաթոշակառուն 36 հազարով էլ յոլա կգնա, որովհետև նա ապագա չունի, նա բեռ է պետության համար: Կարող եք ասել՝ բայց, դիցուք, դատախազը կամ քննիչը իրենց բարձր աշխատավարձով կարող են ապահովել նաև իրենց ծնողների արժանապատիվ ծերությունը: Սա նշանակում է, որ ամբողջ երկրին պետությունը հասկացնում է դառնալ դատախազ, զինվորական, քննիչ, ոստիկան, քրեակատարողականի աշխատակից: Մի խոսքով ընտրել մի աշխատանք, որպեսզի կարողանաս նստել պետության վզին: Բիզնես բացելու հետ գործ չունես, քաղաքացի՛, անորոշությունները շատ են: Պետության վզին նստելու դեպքում աշխատավարձը երաշխավորված է, իսկ դրա բարձրացումն էլ տարին մեկ հաստատ լինում է:
Փաշինյանն ուրախ է, որովհետև իրեն թվում է, թե իր իշխանությունը բյուջետային աշխատողներից է, այսինքն, եթե Աննա Վարդապետյանը լավ վարձատրվի, ժողովրդի դժգոհությունը հաշիվ չէ: Իսկ փաստն այն է, որ 36 հազար դրամի համար բարձր կենսաթոշակը միայն այն պատճառով, որ Սերժի ժամանակ այն 16 հազար էր, նշանակում է իսկապես ձեռ առնել մարդուն: Որովհետև դա նշանակում է լավ ապրել Սերժի ժամանակվա թոշակառուի համեմատ, բայց շարունակել ապրել վատ, քան Սերժի ժամանակվա դատախազը, քննիչը, ոստիկանը, որովհետև նրանց աշխատավարձն այսպես թե այնպես բարձր էր:
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պիտի թոշակը բարձր լինի, ի՞նչ արժեք է ստեղծում թոշակառուն, նա պարզապես ծերանում է, ուրիշ ոչինչ: Այս հարցի պատասխանը պետք է գտնել նաև արտագաղթի մեջ: Ոչ ոք չի ուզում և չի ցանկանա ծերանալ մի երկրում, որտեղ իր թոշակը՝ 36 հազար դրամը, համարվելու է նվաճում: Նա կշարունակի փախչել այնտեղ, որտեղ ավելի բարձր թոշակը նվաճում չեն համարի:
Մհեր Արշակյան