«Խոստովանում եմ՝ չեմ կարողացել պատերազմել». hունիսի 27-ին ԱԺ-ում մասնակցելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«Փաշինյանը, եթե մեղքն ընդունում է, քննիչ հանձնաժողովը նրա համար է, որ հասկանա՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հարցում իր մեղավորությունը ո՞րն էր, աջակցե՞լ է դրան, թե՞ ոչ։ Իմ տպավորությունն էր, որ ինքը ամեն կերպ հարցը փորձում էր քաղաքացիներին ներկայացնել այնպես, որ ինքը ոչ մի բանի համար պատասխանատու չէ», -Forrights.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Քննիչ հանձնաժողովը, ըստ նրա, պետք է պատասխանի այն հարցին, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ վարչապետը քրեական պատասխանատվության տարրեր իրենց գործողություններում ունե՞ն, թե՞ ոչ։ «Եթե ունեն, ուրեմն պետք է իմպիչմենտի գործընթացներ սկսվեն այդ հանձնաժողովի զեկույցի արդյունքում»,-ասում է քաղաքագետը՝ միժամանակ կանխատեսելով, որ նման արձանագրում չի լինելու։

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերում եղել են զինատեսակներ, որոնք բանակը չի կարողացել լիարժեք օգտագործել։ Այս տեղեկությունը քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին չհերքեց, որ խոսքը հատուկ հրթիռների՝ «Իսկանդերի» մասին է։ Փաշինյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանի նիստի փակ հատվածում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ զորախումբ ստեղծելու մասին պայմանագիր ունեն ստորագրված և նա չի բացառում, որ այդ համատեղ խմբի կազմին պատկանող որոշ հայկական զենքեր կարող են կիրառվել սահմանափակումներով։ «Հավանաբար դա վերաբերվում է Իսականդերներին և Սու 30-ներին»,-ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանը նշեց՝ պատերազմի օրերին պետք է ոչնչացնեին «Բայրաքթարների» կառավարման կենտրոնը՝ «Իսկանդերի» կիրառմամբ։

«Իսկանդերների նման հիթիռները այն բանի համար են, որ նման կենտրոնները հեռվից ոչնչացնեին, ԱԹՍ-ներն Ադրբեջանի համար առավելություններ էին, կարող էին ոչնչացնել այդ կենտրոնը, սակայն, չի կիրառվել։ Բազմաթիվ հարցեր կան և ես չեմ ակնկալում, որ քննիչ հանձնաժողովը կպատասխանի այդ հարցերին, որովհետև այն ավելի նման է քարոզի»,-նշեց քաղաքագետը։

2016 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շարքում Հանրապետության հրապարակում ցուցադրվեցին նաև «Իսկանդեր» համալիրները: Այդ օրը հանրությունն ականատես եղավ, որ հայկական բանակը համալրվել է Իսկանդերով, սակայն, յոթ տարի անց երկրի ղեկավարի կողմից հայտարարվում է, որ այն թշնամական ագրեսիայի դեպքում լիարժեք կիրառելու հնարավորություն չի եղել։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հայտնած այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

«Ես չեմ կարծում, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բայց, եթե, քո ժողովրդին կոտորում են, քո տարածքային ամբողջականությանը սպառնում են, ապա ես չեմ կարծում, որ կարող է լինել որևէ կաշկանդող հանգամանք, այդ թվում՝ փաստաթուղթ, որ պետությունը քայլերի չդիմի և չկիրառի այդ զինատեսակը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

«Իսկանդերը» 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառելու մասին առաջին անգամ հրադադարից տասը օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին, հայտարարեց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։  «Կիրառվել է, բայց չեմ ասի, թե որտեղ»,-կարճ ասել էր նա։

Սերժ Սարգսյանը 2021 թվականի փետրվարի 16-ին բացահայտեց «Իսկանդերի» կիրառման ուղղությունը՝ նշելով, որ այն կիրառվել է պատերազմի վերջում, Շուշիի ուղղությամբ։  Նա այդ հարցազրույցում անդրադարձել էր տեղեկություններին, թե «Իսկանդերը» Հայաստանին չի պատկանում։

««Իսկանդերը» պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը։ «Իսկանդերը» մերն է, մենք միակն ենք, ում մեր դաշնակիցը տրամադրել է դա»,-ասել էր նա։

Սերժ Սարգսյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հայտարարություն անելով. Հետպատերազմական Հայաստանում քաղաքացիները երկրի ղեկավարից լսեցին, որ Իսկանդերն ամբողջ ուժգնությամբ չի պայթել։

«Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, 80-ականների զենք էր, գուցե»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այժմ հարց է առաջանում, եթե իսկապես եղել են զենքեր, որոնք  լիարժեք կիրառելու հնարավորություն բանակը չի ունեցել, ապա այդ հանգամանքն որքանով է նպաստել պատերազմի աղետալի ելքին։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest