Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ունեցած իր ելույթում մեկ ժամ ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար։

«Կարծում եմ՝ սխալված չեմ լինի ժողովուրդ ջան, հայտարարել՝  Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու։ Ես պատրաստ եմ հանդիպելու ու քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ իշխանություն չունեք։ Եվ ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից», -հայտարարեց Բագրատ Գալստանյանը։

Նշենք, որ դեռ Տավուշից երթն սկսելիս արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջ չեն ներկայացնում, այլ պարզաբանումներ են պահանջելու երկրում ընթացող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

«Եկել էինք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել ու հետո բոլորին ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Եկել էինք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքի։ Պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի ապօրինի գործընթացը, հակամարդկային, ուժի, պարտադրանքի սպառնալիքի ներքո կատարված։ Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանագծմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա անընդունելի է։

շատ հստակ եմ ուզում ասել, որ բոլոր տեսակի մանիպուլացիաներից հրաժարվենք։ Մեզ համար գործընթացը երկու երես ունի՝ իրավական ու բարոյական։ Մենք չենք պատերազմի հրձիգները, հրահրողն էլ եք դուք, կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ խաղաղություն ենք ուզում, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում», -հայտարարեց նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest