Շաբաթ օրը՝ հունիսի 17-ին, «Որդիների կանչ» ՀԿ-ն խորհրդի նիստ էր անցկացրել և որոշել զոհված հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Այս մասին հայտնել էին կազմակերպությունից: «Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։ Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով», — գրված էր նույն օրը տարածված կարճ հաղորդագրության մեջ։ Թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը, չի պարզաբանվում։

Ավելի վաղ, ինչ-ինչ տարաձայնությունների մասին հայտարարել էին նաև Գայանե Հակոբյանի փաստաբանները։ Վարչապետի որդուն առևանգման գործով վերջին դատական նիստն անցավ առանց իրենց։ Փաստաբանները ասացին լրագրողներին, որ Գայանեն որոշել է հրաժարվել իրենց ծառայություններից՝ պարզաբանելով՝ իրենց պաշտպանական մարտավարության հարցում տարաձայնություններ կան։

Հիշեցնենք` մայիսի 17-ին վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Գայանե Հակոբյանն իրեն առևանգելու փորձ է կատարել։ ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, սակայն հետագա գործընթացները տարօրինակ էին  և փակ։  Գայանե Հակոբյանը (անձնագրով՝ Ազգուշ Մարտիրոսյան)/ կալանավորվեց, մի ժամանակ անց խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով, ապա կրկին կիրառվեց կալանք։ Նախաքննությունը մի քանի  օր տեւեց, իսկ հունիսի 9-ին ավարտվեց դատաքննությունը։ Դատարանը, որը չգիտես ինչու փակ դռների հետևում լսեց գործը, արագացված կարգ կիրառեց և  չորս տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։

«Որդիների կանչ» ՀԿ կցկտուր որոշումը Գայանեին իր շարքերից հեռացնելու վերաբերյալ լրացնում է անհասկանալի իրադարձությունների շղթան։ Ինչո՞ւ զոհված տղաների ծնողներին միավորող կառույցը, որը դեպքից անմիջապես հետո պաշտպանում էր Գայանեին, ակցիաներ էր կազմակերպում, երբ նա բանտում էր, հանկարծ հրաժարվեց նրանից, մենակ թողնելով։

Չէ՞ որ «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը, զոհված հերոս Ժորա Սահակյանի հայրը, մայիսի 17-ին առաջինն էր, որը հերքեց, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ է եղել։

Այսօր նա ասում է, որ Գայանեն ինքն է որոշել հեռանալ. «Նա ուզում էր հեռանալ, նենց չի,որ իր կամքին հակառակ գործողություն է եղել, նա ինքն է ասել, որ էլ չի ուզում համագործակցել ՀԿ-ի հետ»։

-Ձե՞զ է ասել։ 

-Հա, էլ ինքը չէր ուզում համագործակցել։ իրեն տվել են պայմանական։ Կարծում եմ, ինքը չի կարող ակտիվ գործողություններով զբաղվի։

-Լուրեր կան, որ Գայանեին կանչել են իշխանությանը մոտ մարդիկ ու պայման են դրել, որ պետք է դուրս գա պայքարից, չհամագործակցի ձեզ հետ։ Ի՞նչ կասեք։ 

-Դե, տեսեք, դուք ինձանից լավ գիտեք, ես չգիտեմ, անկեղծ։ Չեմ էլ հարցրել Գայանեին ու ինձ թույլ էլ չեմ տա հարցնել։ Չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, դա զուտ նրա անձնական գործն է։ Թե ինչ են արել փակ նիստում, ես չգիտեմ, ու չեմ ուզում իմանալ։

-Կարելի է ենթադրել, որ դուք այս քայլը արել եք ոչ թե Գայանեի դեմ, այլ Գայանեի համա՞ր։  

-Ես ասել եմ՝ որևէ քայլ մենք չենք անի, որ ի վնաս Գայանեի լինի։ Ես ցանկացել եմ ժամ առաջ նա դրսում լինի, հաշվի առնելով նրա սեռը։ Նա իգական սեռի անձնավորություն ա, ես որպես տղամարդ լավ չեմ զգում, որ ես դրսում լինեմ, նա ներսում։ Ես երկու անգամ եմ վատ զգացել իմ կյանքում՝ մեկը տղայիս, որը մի քանի կիլոմետր այն կողմ էր, չեմ կարողացել օգնել իրեն, մեկն էլ՝ Գայանեի պահով։ Բայց ինչքանով է իմ մեղքի բաժինը այս երկու հարցում ու ինչ պետք է անեի, որ չեմ արել, չեմ կարող ասել, բայց ես ինձ մեղավոր եմ զգում էս երկու հարցում։

-Դուք Գայանեի հետ խոսել եք էս ընթացքում։ 

*Ոչ, անձնական որևէ խոսակցություն չի եղել։ Խառն եմ, ժամանակ չեմ ունեցել։ Որևէ մեկը ինձ չի արգելել։ Նույն մտերմիկ հարաբերությունը կա։

— Ձեր կազմակերպությունը քաղաքական պայքարի ծրագրեր ունի՞։ 

-Այս պահին չեմ կարող ասել ոչ մի կոնկրետ բան։ Ես կիլոմետրերով հեռու եմ քաղաքականությունից։ Իմ որդու կանչն է ինձ հանել ոտքի։ Էսօր բոլորս տեսնում ենք, ինչ է կատարվում։ Էս տղերքն էին խանգարու՞մ։ Իմ տղայիս կյանքը գուցե իրենց համար կոպեկ չարժեր, բայց ես իրենով էի ապրում։ 39 տարեկանում ունեցել եմ առաջնեկը, էն էլ արու զավակ։ Պատկերացնո՞ւմ եք, իմ երջանկությունը ինչպես խաթարվեց։ Բա ես չիմանա՞մ, ինչպե՞ս սա եղավ։ Բա եթե ամբողջը ծրագրված էր, եթե երկիրը տվել էին արդեն, եթե երկիրը արդեն քանդել էին, էհ, թող մեր տղաները մնային տանը։ Հիմա ես ոնց նստեմ տանը, նայեմ տղայիս երեսին ու ասեմ՝ դե, սենց պետք է լիներ։ Ես այս ամենի մեջ երկրի գլխավոր հրամանատարին եմ համարում մեղավոր։ Եթե ինքը չի, թող ասի՝ ով է։ 34 օր տղաս խրամատից կես մետր դուրս չի եկել։ Ուզում եմ պարզաբանում ստանամ, ինչի՞ համար սենց եղավ։ Մեր կազմակերպության նպատակը ի սկզբանե սա իմանալն է եղել, որիշ ոչինչ։ Ինձ համար նախկին, ներկա. բոլորը հավասար են։ Անգամ եթե ախպերս ա մեղավոր, ես դա պետք է իմանամ։

Գայանե Հակոբյանի կարծիքը ևս փորձեցինք իմանալ. սակայն նա չցանկացավ հարցերի պատասխանել։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest