Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանին (Հակոբյան)՝ մեկ տարի փորձաշրջանով։

Դատարանը նաև Գայանե Մարտիրոսյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրեց։

Գայանե Մարտիրոսյանը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրն է և կալանքի տակ է մայիսի 17-ից։

Այսօր ավելի վաղ դատական նիստում, որը կողմերի համար անակնկալ որոշվեց անցկացնել դռնփակ, Մարտիրոսյանը հրաժարվել էր իր երեք փաստաբաններից։ Պաշտպանները հայտարարեցին, որ իրենց և Գայանե Մարտիրոսյանի միջև դիրքորոշումների տարբերություն կա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գայանե Մարտիրոսյանը մտադիր է ընդունել մեղադրանքը և արագացված դատաքննությամբ ազատ արձակվել։ Արագացված դատաքննության ընթացքում դատավարությունն իրականացվում է արագ՝ առանց ապացույցների հետազոտման, առանց վկաների հարցաքննությունների։

«Առանց մեղադրյալի կողմ լինելու արագացված դատաքննություն չի կարող կիրառվել», -դատարանից դուրս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, որը արագացված դատաքննության փուլում ներգրավել էր որպես Գայանե Մարտիրոսյանի պաշտպան։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest