Որևէ մեկը կասկածո՞ւմ էր, որ ՔՊ-ն վերածվելու է հանրապետականի: Այո: Ես: Ես կասկածում էի: Ու խնդիրը Փաշինյանը չէ: Ավելին, ընդհանրապես Փաշինյանը չէ: Փաշինյանը անպատժելիության ինդուլգենցիան է: Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվիրատվություններից չի երևո՞ւմ, որ գործ ունենք ՀՀԿ-ի հետ: Փաստաբանին ոստիկանությունում խոշտանգելուց դա չի երևո՞ւմ: Նույնիսկ քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյայի հարսանիքից է դա երևում:

Փաշինյանը, ուշադրություն, զվարճացել է «Հարսնաքարում», որտեղ ՀՀԿ-ն սպանեց ռազմական բժշկի: ՔՊ-ականներն այս օրերին գնում են ամենաթանկ բնակարաններն ու ավտոմեքենաները: Կոնջորյան Հայկը կարո՞ղ է չթարմացնել իր տրանսպորտային միջոցը: Իհարկե, չի կարող: Բա որ մարդը հրաժարական տա կամ հեռացվի իշխանությունից, կինը չի հարցնի՞՝ ո՞րն էր քո քյարը իշխանության մեջ լինելուց: Ահա թե ինչ տրամաբանությամբ է ՔՊ-ն իշխանության մեջ: Հեղափոխության հաղթանակից 5 տարի հետո նա արդեն մտածում է քյարի մասին: Ու Փաշինյանի «Հարսնաքար» գնալը բացել է քյարի մտածողության բոլոր դռները: Այդ պահից քյարը դարձավ լեգիտիմ:

Իհարկե, բոլոր հաճույքները ՔՊ-ն վայելել է մինչ այդ, բայց «Հարսնաքարում» հարսանիքի մասնակցելը դա «օրինականորեն» դարձնում է անշրջելի: Ու հիմա իշխանության մեջ աշխատելու է միայն մի օրենք՝ քյարի պահպանման (ՔՊ) օրենքը:

Իշխանությունն այդպիսի բան է, ընկերներ: Ոստիկաններն ինչո՞ւ պիտի խոշտանգեն փաստաբանին: Որպեսզի Փաշինյանը տեսնի, որ հուսալի թիկունք ունի, որ ուժայինները հանուն իրեն պատրաստ են ցանկացած գազանության: Իսկ գազանությունը, տղաներ և աղջիկներ, անվճար չի լինում, ոստիկաններն իրենց քյարը պիտի ունենան: Բոլորը հարմարվել են, որ այլ իշխանություն չի լինում, բացի ՀՀԿ-ակերպ իշխանությունից: Իսկ դա նշանակում է՝ տար, ինչ հնարավոր է վերցնել:

Որոշ ժամանակ առաջ Պապիկյան Սուրենը լրագրողներին ասում էր՝ իմ հայտարարագրից կտեսնեք, թե ինձ որտեղից այդքան փող ու տուն: Հիմա պարզվում է, որ հարսանիքի ժամանակ խոշոր նվիրատվություններ է ստացել: Բայց ո՞վ է ասել, որ մարդը պարտավոր է հայտարարգրել առձեռն ստացած բոլոր նվիրատվությունները: հենց առձեռն նվիրատվության հոտ է գալիս Պապիկյանի ունեցվածքից: Որովհետև առձեռն նվիրատվությունը կարող ես չհայտարարգրել, քանի դեռ իշխանության մեջ ես: Քեզ մնում է վստահ լինել, որ նվիրատուն այստեղ-այնտեղ գլուխ չի գովա, որ Պապիկյան Սուրենին, ասենք, 2 միլիոն դոլար է առձեռն տվել այս կամ այն պաշտոնի կամ որևէ այլ արտոնության համար:

Ձեր կարծիքով ինչպե՞ս էին հարստանում հանրապետականները՝ հո չէի՞ն փոխանցում կաշառքը բանկային քարտերին: 2023-ի ընթացքում, ինչպես գրում է «Հետքը», մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից: Ընդ որում հափշտակությունը նույնպես կատարվել է հեղափոխական իշխանության օրոք: Ինչի՞ մասին է այս ամենը, միայն մի բանի մասին՝ Հայաստանում գործում է քյարի պահպանման օրենքը:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest