Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կալանքից ազատ արձակումը, ցավոք, նույնիսկ շատ օրինական է:
Մարդը, իսկապես օրերս առանց աչք թարթելու ծեծել էր գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, բայց ինչպես վերջինիս հարցազրույցից է պարզ դառնում, այս երիտասարդը ամեն ինչ արել էր, որ ծեծվի: Իհարկե, Սուրեն Թորոսյանի արարքը քրեորեն հետապնդելի է ու պետք է պատասխան տա դրա համար: Բայց քաղաքացին չպետք է հուսա, որ ինչ-որ մեկին «Հազար ներողություն, ասեցի՝ պասպորտով էս ես (խմբ. հայհոյանք է տալիս նաեւ Թորոսյանի մորը)» ասելուց հետո պետք է հերոսանա երկրով մեկ:
Խնդիրն այստեղ, իհարկե, Սուրեն Թորոսյանի կերպարն է, որը Ռոբերտ Քոչարյանի «լավագույն ժամանակների» քրեական հեղինակությունից ոչնչով չի տարբերվում: Էս տղայի գլխում ուրվականներ կան: Այս տղային թվում է, թե բոլորին մինչև հոգու խորքը վիրավորում է այն փաստը, որ ինքը ՔՊ-ական է, մինչդեռ չի նկատում, որ բոլորին վիրավորում է այն, որ ինքը մարդ է ծեծում ՔՊ-ի անունից: Հենց հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, Սուրեն Թորոսյանը հիշել է, թե ինչպես է 7-ամյա ղարաբաղցուց պաշտպանել Նիկոլ Փաշինյանի պատիվը:
Այս երեխան Թորոսյանին պատահել է Թալինի ճանապարհին, նրան խնդրել իրեն հասցնել քաղաք: Թորոսյանը նրան վերցրել է: Ճանապարհին Սուրեն Թորոսյանը երեխայից հետաքրքրվել է, թե որտեղացի է ինքը: Այս երեխան ասել է, որ Արցախից է եկել, քանի որ «դավաճան Փաշինյանը» Արցախի հողերը տվել է, հիմա էլ հերթը Երեւանին է հասել: Ու այստեղ Թորոսյանի «բախտը բացվել է»: Ուրիշ ինչպե՞ս, ի՞նչ առիթով նա պետք է պաշտպանի Նիկոլ Փաշինյանի պատիվը: Այս երեխան մանանա էր երկնքից ընկած: Ու ի՞նչ է արել Թորոսյանը՝ մեքենայի դուռը բացել է, ասել է՝ իջի, արա: Ու ինչպես հպարտությամբ շարունակում է՝ թողեցի չոլերում: 7-ամյա երեխային: Այսինքն, ՔՊ-ական պաշտոնյան իրեն հաշիվ չի տալիս, որ 7-ամյա երեխան դատողական վերլուծությունից շատ հեռու է և ավելի շուտ կարող է կրկնել ծնողների խոսքերը: Այսինքն, 7 տարեկան երեխային գայլերի բաժին թողնելով Թորոսյանը հո նրան չի պատժել, ծնողներին է պատժել: Նույնիսկ չի էլ հետաքրքրվել՝ երեխան տուն հասե՞լ է, թե՝ ոչ: Ուղղակի թողել է չոլերում:
Հիմա ինչպե՞ս վարվես այս երիտասարդի հետ: Նա, ցավոք, ազատության մեջ է և էլ ավելի ցավոք՝ մաքուր օրինական հիմունքներով: Բայց նույնիսկ այստեղ հարցեր կան: Դու ի՞նչ գիտես, թե քեզ ով է հայհոյում՝ գուցե այդ տղան հոգեկան խնդիրներ ունի, գուցե ինքն իրեն հաշիվ չի տալիս, որ քիչ հետո կարող է քացու տակ ընկնել: Դու բժշկի թո՞ւղթ ունես, որ 24-ամյա երիտասարդը ֆիզիկապես ու հոգեպես առողջ է ու նրան ոչինչ չի պատահի: Ինչ էլ տեղի ունեցած լինի՝ դու ո՞վ ես, որ ծեծում ես մարդուն:
24-ամյա երիտասարդը գուցե խնդիր ունի, երբ 6 ամիս առաջ խփել է Սուրեն Թորոսյանին (հենց այդ երիտասարդն է հերոսաբար պատմում իր արածը): Իր պատմածներից դատելով տղամարդ երևալուց բացի, այդ տղան այլ խնդիր չի լուծել:
Բայց նույն խնդիրը լուծել է նաև ՔՊ-ական պաշտոնյան, որը Նիկոլ Փաշինյանի համար «դոշ է տալիս»: Հիմա, երբ պարզեցինք, որ դատարանը չէր կարող նրան ազատ չարձակել, տանք հաջորդ հարցը՝ իսկ մենք՝ ազատության մեջ գտնվողներս, էսպիսի անհավասարակշիռ որձի առաջ խոցելի չե՞նք:
Մհեր Արշակյան