Այսպիսով Գայանե Մարտիրոսյանը (Հակոբյանը) կալանավորվեց։ Ըստ իս, կալանավորումն օրինական է, եթե տեղի է ունեցել առևանգում։
Բայց առևանգման փաստն ինքնին հարցեր է առաջացնում։ Համարենք, որ Աշոտին 44-օրյա պատերազմի զոհի մայրը զոռով է նստեցրել մեքենան: Համարենք նաև, որ ծեծել է տղային: Նա ծեծել է իր որդու տարիքի մի տղայի: Բայց հարցերի հարցը՝ կծեծե՞ր, եթե իր որդին իր կողքին լիներ, ընդհանրապես տեղի կունենա՞ր «առևանգումը», եթե իր որդին իր կողքին լիներ: Այսինքն, զոհի մայրը «հանցագործ» է դառնում ոչ թե լավ կյանքով ապրելու օրինական ճանապարհի անզորությունից, ոչ թե հարևանի անպատժելիությունը, ոչ թե նույնիսկ պատահական հանգամանքը, ոչ թե հանկարծակի աղքատությունը, ոչ թե հարկադիրի կողմից, ասենք, տունը ձեռքից խլելը, այլ՝ հասկանալը՝ ինչու՞ զոհվեց իր որդին։
Ուրիշ ո՞ւմ վրա հարձակվի այդ կինը, որ հոգին մի թեթև հանգստանա: Բոլոր մյուս պատասխանատուները թվում են մանր ձկներ, ադրբեջանցիների վրա հարձակվելն իր ուժերից վեր է, Փաշինյանի վրա հարձակվելը՝ անհնարին: Մնում է էս շղթայի ամենաթույլ օղակը՝ Աշոտը, որը թիկնազոր չունի, իր համար «աջ քաշած» ապրում է, ոչ մեկին չի վիրավորում, թթու խոսք չի ասում, չի ծաղրում, բայց ապրում է բոլոր դեպքերում լավագույն կյանքով: Իսկ իր որդին նույնիսկ վատագույն կյանքով չի ապրում:
Գայանե Հակոբյանն ի՞նչ գործ ունի Աշոտի հետ։ Փաստն էլ հենց այն է, որ Գայանեին «հանցագործ» է դարձնում այն, որ նա գնալու տեղ չունի, չգիտի, թե ում կոկորդից բռնի, որ ստանա պատասխաններ։ Քննչական մարմինը այս հարցը պետք է դիտարկի։
Ո՞վ է Գայանե Հակոբյանն առանց իր որդու զոհված լինելու հանգամանքի՝ նա Հայաստանի տասնյակ հազարավոր մայրերից մեկն է, որը ոչ մեկին չի կորցրել։ Երբ դուք այս կնոջն ուղարկում եք քրեական մեկուսարան, հասցնում եք մի անդառնալի հարված, որն ամենևին որդի կորցնելու փոխհատուցումը չէ։
Երբ կալանավորում եք այս կնոջը ձեր ուղերձը դաժան է, անմարդկային։ Ձեր ուղերձն այն է, որ «հաջորդ զոհի մոր հետ էլ ենք այսպես վարվելու», դուք մոտավորապես ասում եք, որ թքած ունեք ձեր իսկ պարտավորությունների վրա, այն է՝ աշխատել այս կանանց հետ, ամեն գնով լինել նրանց կողքին, հոգեբանական լուրջ աշխատանքներ տանել, կտրել նրանց իրենց վշտից։
Ինչո՞ւ է հենց Գայանեի մտքով նման բան անցել։ Ես չգիտեմ։ Գիտեմ, որ ճիշտ բան չի արել։ Բայց ինչո՞ւ դա չի անցել նաև զոհերի մյուս մայրերի մտքով։ Ամենևին բացառված չէ, որ մյուս մայրերի մտքում գործող իշխանություններին ահաբեկելն է, այսինքն, ավելի վատ բան անելը։
Ոչինչ բացառված չէ, գուցե ընդհանրապես մյուսները փակվել են իրենց վշտերի մեջ ու ոչինչ էլ մտադիր չեն անել, քանզի ոչինչ չի չափվի որդու իրենց կողիքն լինելու մտքի հետ։ Բայց երկու օր առաջ դատարանը, իսկ իրականում իշխանությունը ցույց տվեց, որ քանի դեռ դեղամիջոց չունի, պետք է աղ լցնի վերքի վրա։ Ի՞նչ ասեմ։ Շարունակեք լցնել։
Մհեր Արշակյան