Օրերս հայտնի դարձավ արտառոց մի դեպքի մասին՝ 44-օրյա պատերազմում սպանվելուց 2,5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը: Շատ ավելի վաղ մորը հանձնել են զոհի մասունքներից մեկը, որը նա հուղարկավորել է: Իսկ հիմա գտնվել է նաև ամբողջական մարմինը հենց Մեծամորում, որտեղ գտնվելիս է եղել 2020-ի նոյեմբերից:
Ամբողջական մարմնի մասին Քննչական կոմիտեից ասում են՝ այն, ինչի հետ նույնականացրել են այս մարմինը՝ եղել է մասու՞նք, թե՞ մարմին: Հասկանու՞մ եք, փաստորեն մահացած մարմինը տեսականորեն կարելի է նույնականացնել մահացած մեկ այլ մարմնի հետ: Ի՞նչը նկատի ունի Քննչական կոմիտեն:
Ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ 2,5 տարի իրենց մոտ դիակ են պահել, ընդ որում՝ նույնականացված: «Ավելորդ սթրեսի չենթարկելու նպատակով նրանց մասունքը փոխանցվում է, երբ վերջնականապես համոզվածություն է լինում նույնականացման հարցում»,-գրում է Քննչական կոմիտեն:
Մարդասիրական մոտեցումը հասկանալի է, բայց ավելորդ սթրեսի մասին մտածելիս նախ պետք է իմանայիք՝ ծնողը որևէ մասունք գտե՞լ է իր երեխայից, եթե չի գտել, էդ ամբողջական մարմինը էն ամբողջը չէ՞, ինչ կուզեր ունենալ ծնողը հուղարկավորելու ու մխիթարվելու համար: Իսկ եթե գտել է, պետք էր ավելի «ուրախացնել» մորը՝ ասելով, որ ձեր որդու մարմինը կորած էր և ահա գտնվեց: Որովհետև 2,5 տարի ինչի՞ եք պահում մարմինը, հատկապես եթե այն վաղուց եք նույնականացրել:
Ինչպե՞ս է մայրը գտել որդու դին: Պարզապես մի աղոտ հույսով զանգել է Հերացու դատաբժշկական կենտրոն, այնտեղից ասել են՝ գիտե՞ք, որդու ամբողջական ճանաչելի մարմինը Մեծամորի դիահերձարանում է:
Սա իրականում պատմություն է բարդակի մասին, որը սակայն հույսով է լցնում անհետ կորած շատ մայրերի հոգիները: Այսպիսի պատմությունները «վերակենդանացնում» են իրենց որդիների մարմինները չգտած ծնողներին: Քննչական կոմիտեն այս պատմությունն անվանում է «անցանկալի իրավիճակ» և ափսոսում, որ այդպիսի իրավիճակներից խուսափել չի լինում:
Առողջապահության նախարարությունը վերջին կես տարում հավատացնում է, որ գտնված բոլոր մասունքների կամ մարմինների նույնականացումներն ավարտված են, բայց ծնողները չեն վերցնում իրենց որդիների մասունքները: Այսինքն, իրենք իրենց գործն արել են, բայց ծնողները դեռ հույս ունեն, որ որդին կամ կենդանի է, կամ դին գտնված չէ:
Համաձայն եմ, որդու մահվանը չհավատացող կամ մարմինը մեկ այլ հրաշքով գտնելու հույսով լցված մորը դժվար է համոզել, որ հենց դա է իր որդու մարմինը կամ նրանից մնացած մասունքը: Բայց զոհված Վահագն Խաչատրյանի հուղարկավորված մասունքի մասին դատաբժիշկները տեղեկացված եղել են, նույնականացումներն էլ արված են եղել, ինչու՞ չեն տեղեկացրել:
Սա պատմություն է նաև այն մարդկանց մասին, որոնք հոգեպես պատրաստ չեն առնչվել ուրիշի ողբերգության իմաստավորմանը, այսինքն, պատրաստ չեն հասկանալ՝ մորը որդու մարմնի մասին նոր տեղեկություններ տալը ճի՞շտ է, թե՝ սխալ:
Փաստորեն մայրն անձամբ է գտել որդուն, ոչ ոք նրան չի զանգել, չի կանչել: Ինչու՞: Որպեսզի սթրեսի առիթ չտան: Իսկ ես կարծում եմ, որ ձևեր կան իր որդու մահվան փաստի հետ «հաշտ ու համերաշխ» մորն ասելու, որ ձեր որդու մարմինը կորսված էր և ահա գտնվեց: Խոսքը հոգեբաններինն է:
Մհեր Արշակյան