Անդրբեջանը մեզանից պահանջում է «սեփական մտքից հանել» Ղարաբաղի հարցը։ Նույն ժամանակ Փաշինյանը միջազգային առաքելություն է ուզում Լաչինի միջանցքի ու հենց Լեռնային Ղարաբաղի համար։ Ալիևը զարմանալի հասկանալիորեն ասում է, որ հայերն իրենց բերանով պիտի ասեն, թե Ղարաբաղն Ադրբեջան է։

Պարզ է, չէ՞, «հայեր» ասվածը հենց Հայաստանի իշխանություններն են։ Հիմա հարցերի հարցը՝ կարո՞ղ է Հայաստանի իշխանությունը հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Իհարկե կարող է։ Հարցն այն է, որ մեր իշխանությունն ուզում է և ասել, և պահել իշխանությունը։ Ահա թե որտեղ է թաքնված 2018-ին իշխանությունն անարյուն թողնելու նախկինների հանճարեղ գաղափարը։ Նրանք բազմաթիվ ականներ էին պատրաստել իրենց իշխանության օրոք, որը կպայթեցներ ցանկացած այլ իշխանության։

Ականներից առաջինը պատերազմն էր, որը նախկինները տեսնում էին, իսկ Փաշինյանը չէր տեսնում։ Իսկ ինչպե՞ս էին նախկինները զսպում այդ պատերազմը։ Ճիշտ է, Ռուսաստանի միջոցով։ Ճակատագրական ոչ մի հարցում նրանք Ռուսաստանին չեն հիասթափեցրել, հիասթափեցնելու գինը լինելու էր Ղարաբաղը կորցնելը։

Ականներից մյուսը՝ անխուսափելի պարտությանը հաջորդող բանակցային նվաստացումների շղթան էր, որը պարտությունից հետո նույնքան անխուսափելիորեն թափվելու էր հաջորդ իշխանության գլխին։

Ականներից երրորդը եկեղեցին է ու դպրոցը, որոնք ներծծված էին «հայրենասիրությամբ»։ Հեղափոխությամբ իշխանության եկողն անկասկած փորձելու էր բարեփոխել անհասկանալի պաթոսախեղդ կրթությունը, որը միջազգային կրթական համակարգերից որևէ մեկի հետ ընդհանուր ոչինչ չունի։ Հասարակության մի մեծհատված արդեն իսկ «մոր կաթի» հետ է ստացել այդպիսի կրթությունը։

Ականներից չորրորդը իշխանասիրությունն է, որն ինքնին կործանարար է։ Բայց ի՞նչ իմաստով է սա ական։ Այսինքն, ինչպե՞ս նախկինները կարող էին վստահ լինել, որ հաջորդները իշխանասեր են լինելու, եթե ընտրություններ չեն կեղծելու։ Բանալին հենց այդտեղ է, չեն կեղծելու այնքան ժամանակ, մինչև իշխանասիրությունը չգերազանցի հասարակության մեջ իրենց հեղինակությանը։ Այսինքն, ընտրությունների արդյունքներ կեղծելը անխուսափելիորեն է լինելու։ Նրանք ստեղծել են հաճույքի իշխանություն, ոչ թե ժողովրդին ծառայելու։ Ու հենց այդպիսի իշխանության էր ձգտում եթե ոչ Փաշինյանը, ապա նրա թիմը՝ հաստատ։

Ականներից 5-րդը Մեղրիի «միջանցքն» է ու անկլավները։ «Միջանցքն» առանց պատերազմում կրած պարտության կարող էր լինել զուտ ճանապարհ։

Բայց գլխավոր ականը այն է, որ նախկիններն այս իշխանությունների համար ինքնապահպանման համար պայքարի այնքան ճակատներ են բացել, որ մարդ կասկածում է, թե կկարողանան տակից դուրս գալ։ Փաստն այն է, որ այս իշխանությունը հայտնի «Անասնաֆերմայի» մեթոդով համարյա նմանվում է նախկիններին իշխանության տված հաճույքների հետ ափաշկարա կապվածությամբ։ Փորձեք որևէ հարցի պատասխան ստանալ նրանից, թեման կրիայի նման կփակեն իր բնում։

Անկասկած դեռ որոշ հարցերում տարբերվում են նախկիններից՝ հանդիպում են միտինգավորների հետ, ունեն Հայաստանի շահի պատկերացում (թեպետ կարգին ուշացել են), համակարգային կոռուպցիայի նախնական աստիճանների վրա են (ինչ ասես արժե Պապիկյանի և Փաշինյանի պատվավոր Ճամպրուկի հաճույքասիրությունը)։ Բայց ո՞վ է կասկածում, որ նրանք չեն «հիասթափեցնի» Հայաստանի հասարակությանը։ Մենք նրանց դեռ կտեսնենք իշխանավորի լավագույն «դերի» մեջ, Ալենը մեզ օգնական։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest