Մեր հայրենասիրության մոդելը համաշխարհային ազգի հայրենասիրության մոդել է: Մեր պատմական առարկաները երբեք չեն եղել Հայաստանի պատմության առարկա, այլ՝ հայ ժողովրդի պատմության: Որովհետև հայ ժողովուրդը սփռված ժողովուրդ է ու իր պատմության մի մեծ հատվածում պետականություն չի ունեցել, պետականություն չունեցողին պատմության ընթացքում կարելի է հանդիպել ամենուր, իսկ Հայաստանն ամենուր չես հանդիպի:
Մեր պատմաբանը պիտի գրի Հայաստանի պատմությունը: Թող այնտեղ լինի Արցախը, կամ թող Արցախն ունենա իր առանձին պատմության առարկան այդպիսով իր քաղաքացու մեջ ամրագրելով պետականության զգացումը: Բայց մենք պետք է ունենանք մեր պատմության առարկան: Մեր թուրքագետը ատում է թուրքին, մեր ադրբեջանագետը ատում է ադրբեջանցուն: Այսպիսի ընկալումը պատմության իմաստավորման օգտին չէ:
Հայ պատմաբանը պետք է լինի Իսպանիայի ֆուտբոլի առաջնության լուսաբանող: Նա սեփական շահ չունի այդ առաջնության լուսաբանումից: Բայց այդ առաջնության մարտահրավերները կարող են նաև իր՝ սեփական ազգի ֆուտբոլիստների տեսլականների ձևավորմանը նպաստել: Մեր պատմաբանը պատմության լուսաբանումից սեփական շահը պիտի չունենա, նա այդ պատմությունից պետք է քամի տեսլականներ, որոնք, ի դեպ, կարող են օգտակար լինել նաև այլ ժողովուրդների ու պետությունների համար:
Մեր էությունը փչացած է, պիտի վերանորոգվի:
Մենք ինչու՞ ենք հեշտ արտագաղթում: Որովհետև մենք նույնիսկ արտագաղթի էությունը չգիտենք: Արտագաղթի էության մեջ փախուստ չկա, իսկ մենք փախչում ենք: Արտագաղթողն այն մարդն է, որը մի օր կվերադառնա: Փախչողը չի վերադառնում, փախչողի հավատը սպանված է:
Մենք հեղափոխություն ենք անում ու կրկին փախչում ենք: Որովհետև հեղափոխությունն էլ չի փոխում Հայաստանի էությունը, այն բոլոր առումներով մնում է փախուստ խթանող երկիր: Ո՞վ է ընդհանրապես փախչողը: Դա մի մարդ է, որը բախվում է պատասխանատվությանը ու հասկանում, որ դա իր «հագով» չէ, գնում է մի տեղ, որտեղ ավելի քիչ պատասխանատվություն կունենա:
Հայը փախչում է, որովհետև տեսնում է, որ չկեղծվող ընտրությունն էլ իրավիճակ չի փոխում: Նրա տանն ի՞նչ իրավիճակ պիտի փոխի Արագածի նկարը: Ոչ մի: Որովհետև աշխարհի լավագույն երկրներում քաղաքացին կարողանում է կուտակել, ասենք, թոշակի համար, ճանապարհորդելու համար, ավելի լավ կյանքի համար: Հայաստանում դա հնարավոր չէ: Հայաստանում այսօր կուտակողը կուտակել է վերջին 30 տարիների ընթացքում՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ծառուկյանը ձեզ օրինակ: Վերջապես հայը փախչում է, որովհետև վիրավորական է, երբ մարտահրավերդ տվյալ օրը հաղթահարելն է:
Հայաստանը փախուստի ցատկահարթակ է: Հասկանո՞ւմ է սա մեր իշխանությունը: Կարծում եմ՝ ոչ: Չի հասկանում, որովհետև չի կարող մտածել, թե իր օրոք էլ է այս ժողովուրդը փախչում: Չի հասկանում, որովհետև ինքն այլևս ժողովուրդ չէ, որովհետև այլևս չի աղքատանալու, բայց հարստանալու է առանց մեծ ջանքերի: Չի հասկանում, որովհետև իր ենթագիտակցության մեջ էլ կա փախուստը հենց այն տրամաբանությամբ, որ ինքն էլ չկարողացավ ոչինչ փոխել: Իսկ դա չի մարսվի:
Մհեր Արշակյան