Ապրիլի 16-ին արվեստագետների մի խումբ, որոնց թվում էին կինոռեժիսոր Արման Երիցյանն ու երաժիշտ հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը, երևանյան բառերում շատ լավ տրամադրությամբ Կինոյի 100-ամյակն էին նշում։ Սակայն ուրախությունն ավարտվեց ձերբակալությամբ։

Առաջին լուրը այս անհավանական միջադեպի մասին 3 ժամ անց ֆեյսբուքյան գրառման միջոցով տվեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

Նա հայտնեց, որ կինոռեժիսոր Արման Երիցյանի և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանի հետ կապ չկա, որ նրանցից հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասելով, որ հեռախոսները փողոցում են գտել։ «Ի դեպ ոստիկաններին ահազանգել է Կարեն Հակոբյանը և հիմա ինքն է ձերբակալված», — ահազանգում էր Ժաննա Ալեքսանյանը։ Նրա գրառումը տարածեցին բոլոր ԶԼՄ-ները։

Հաջորդ օրը քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հակոբյանն ու Երիցյանը ձերբակալված են, հարուցված է քրեական գործ «Խուլիգանություն»  հոդվածով /ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մաս/։

Forrights.am-ի հարցերին պատասխանելով, Կարեն Հակոբյանը պատմեց, որ հայ կինոյի 100 ամյակը տոնելը որոշեցին շարունակել ընկերուհու կողմից առաջարկված երևանյան բարերից մեկում՝ Լիտվայից ժամանանած հյուրին ներկայացնելու երևանյան գիշերային կյանքի հյուրընկալ և անվտանգ մթնոլորտը։ Սկզբում ամեն ինչ ընթանում էր նորմալ.

«Իրավիճակը ամենևին չէր ենթադրում  թրիլերի ժանրին բնորոշ թեժացում, բոլորիս համար առավելևս անսպասելի էր բարի աշխատակիցների կողմից ագրեսիվ դրսևորումները․ Հարձակումն այնքան անհեթեթ  էր, որ ես դեռևս շարունակում էի հումորային տրամադրությամբ արձագանքել իրավիճակին՝ կարծես չէի ցանկանում հավատալ, որ դիմացիններիս ինձ հարվածելու մտադրությունը կարող է իրականություն լինել»։

Կարեն Հակոբյանի խոսքերով, երբ իրավիճակը թեժացավ, հետագա ավելի սուր բախումից խուսափելու և լիտվացի հյուրի և ընկերների աճող անհանգստությունը մեղմելու ու  նրանց անվտանգությունը ապահովելու համար, զանգահարում է ոստիկանություն։

Սակայն դեպքի վայր ժամանած պարեկները Կարեն Հակոբյանի համար անհասկանալի պատճառներով անգործություն ցուցաբերեցին առկա իրավիճակը լուծելու և հասարակական վայրում իր և իր ընկերների անվատանգությունն ապահովելու ուղղությամբ։

«Ծեծկրտուքից կարելի էր խուսափել, եթե ժամանած ոստիկանները թույլ չտային, որ շարունակվեն հնչող սպառնալիքները, , և ավելին՝ չհնչեին մի քանի րոպե շարունակ իմ արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները բոլորի ներկայությամբ։ Ընհանրապես հայհոյանքով խոսելը ինձ համար անկիրթ թուլամորթի բառապաշար է և մտքովս էլ չեր անցնի նույնկերպ արձագանքել։ Ինձ հետ նման ձևով խոսել որևէ մեկի թուլ չեմ տա, տվյալ դեպքում ցանկացա, որ ոստիկանները դա թույլ չտան և երկրիս ոստիկանությունը կարողանա պաշտպանել արժանապատիվ քաղաքացուս իրավունքները», -ասում է Կարեն Հակոբյանը։

Ըստ Կարեն Հակոբյանի, իր վրա հայհոյանքի տարափ էր լցվում հենց ոստիկանների ներկայությամբ, և նրանք իրենց պաշտպանելու ոչ մի քայլ չձեռնարկեցին․ «Ես հյուրեր ունեի, և պետք է կարողանայի այնպես ավարտի բերել այս միջադեպը, որ այն վերջանար, և մենք գուցե ոստիկանների միջամտությամբ հեռանայինք տարածքից։ Սակայն հենց այս պահին տեղի ունեցավ թրիլերի կուլմինացիան․ ոստիկանության երկու ներկայացուցիչները փոխարենը սաստեն, երկար ժամանակ սպասեցին, թույլ տալով, որ մթնոլորտը ավելի թեժանա։ Իմ վրա հարձակումը եղավ հենց այդ ժամանակ։ Կոտրեցին իմ ակնոցը, ոստիկանության ներկայությամբ, թե մասնակցությամբ՝ չեմ կարող ասել»։

Կարենը նաև նշում է․ «Միշտ պայքարել եմ խտրականության դեմ և իհարկե չէի կարող հանդուրժել իմ հանդեպ խտրական վերաբերմունքի առավելևս օրենքը պահպանողների կողմից։ Հենց նման դեպքերով պետք է փոխեն վարքագիծը և կրթվեն օրենքի ներկայացուցիչները, չէ որ Հայաստանում քաղաքացու  իրավունքները երաշխավորված են սահմանադրությամբ, այդ թվում ազատ խոսքի և ազատ տեղաշարժի իրավունքը։ Իսկ ես որևէ անօրինակություն թույլ չէի տվել, ինչն ակնհայտ է, քանի որ ես ինքս էի կանչել ոստիկանություն՝ այն էլ երեք անգամ։ Իմ հարկերից վճարվող ոստիակնությանը դիմելով գիտակցված իրացնում էի  պաշտպանված լինելու, բռնության բացառման և օրենքի երշխավորվածության ՀՀ քաղաքացու իմ իրավունքը»։

Ձերբակալելիս և ապա նաև ոստիանության բաժանմունքում  նրան ոչ մի բառ չեն ասել իր իրավունքների մասին։ Կուրացած վիճակում, ձեռնաշղթաներով Կարեն Հակոբյանին նստեցրել են ոստիկանության ավտոմեքենա, քաշքշելով տարել են Կենտրոնի ոստիկանության բաժնի չորրորդ հարկ։ «Այդ արանքում էլ ես լսում էի վիրավորանքներ։ Ոստիկանական բաժանմունքում ինձ հրաժարվեցին բուժօգնութուն տրամադրել։ Ապշեցի, որ նունիսկ մորուքս և ականջիս օղն էր նեռվայնացրել օրենքի պաշտպաններին՝ «Օղդ չլիներ, ջուր կտայինք»-ասում էին, և նմանատիպ մի շարք վիրավորական արտահայտությւոններ, ինձ զգում էի կատարյալ անպաշտպան», -պատմում է ռեժիսորը։

«Ձեռնաշղթայված ժամեր շարունակ ջուր էի խնդրում, պահանջում էի փաստաբան, սակայն ապարդյուն՝ ինձնից առգրավել էին հեռախոսս, որևէ մեկին զանգել չէի կարող»։ Այս մղձավանջը երևի անվերջ կլիներ, եթե չլիներ ընկերներիս միջամտությունը, Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը և հասարակական արձագանքը։ Վստահ եմ, որ բոլորի համար ակնհայտ է եղել, որ խուլիգանության մեղադրանքը մեր դեպքում առնվազն թյուրիմացություն է։ Ես ինքս համակարգերի մասնագետ եմ և տարիներ շարունակ ինքս եմ խորհուրդներ տվել մարդակենտրոն և արդյունավետ համակարգեր ձևավորելու ուղղությամբ։ Տվյալ դեպքում խորհուրդ եմ տալիս, որ ընդգրկված համակարգերը մեկ օր շուտ գիտակցեն մեզ վրա խուլիգանության մեղադրանքի շինծու բնույթը։

Քանի օր է այս դեպքի առիթով ինձ հարցնում են, թե արդյո՞ք միտում եմ տեսնում, և իմ վրա դեռ «նախկիններից» սկսած գուցե ատամ ունե՞ն՝ պապլավոկի դեպք, Մատաղիսի գործ և այլն, պատասխանում եմ՝ չեմ կարծում, այսքան տարի պայքարել ենք, որ կարգին երկրում ապրենք, հիմա նորից ընկե՞լ են հետևիցս։ Չեմ ուզում նման ձևով մտածել։ Եվ հետո ներկայիս իշխանության մեջ շատերի հետ պայքարի ճամփա ենք անցել, մենք քաղհասարակություն արժեքներ ենք ձևավորել, որի արդյունքում նաև հեղափոխությւոն եղավ։ Հիմա էլ էսքան եռանդ ու ջանք է ներդրվում ոստիկաններին կրթելու ուղղությամբ։  Ինչպե՞ս կարելի է մի երկու անկիրթ վախկոտների ու երևի թե ծույլիկ ոստիկանների պատճառով գետնին տալ ողջ արածներս։

«Վերջերս զրուցում էի Ամերիկայի դեսպանի հետ, մի քանի օրից հանդիպելու եմ Հոլանդիայի դեսպանին։ Հիմա եթե ինձ հարցնեն՝ ինչ կարծիքի եմ ներկայիս իրավապահ համակարգի բարեփոխումների մասին, ի՞նչ ասեմ՝ խաբե՞մ։ Կամ՝ մի քանի միջազգային պրոյեկտներ եմ նախաձեռնել․ Հայաստան են գալու շատ տարբեր տեսակի մտածող հյուրեր, ի՞նչ անեմ ՝ասեմ մի եկեք Հայաստանը անվտանգ չի, դուք պաշտպանված չեք։ Բա հետո՞։

Զավեշտալին այն է, որ ես տարիներ շարունակ ինքս եմ պայքարել մարդու իրավունքները ոտնահարող նման անօրինականությունների դեմ և մասնակից եմ եղել Հայաստանում արդարության և ժողովրդավարական արժեքների հաստատմանը տարբեր համակարգերում։ Կարծում էի, որ Նոր Հայաստանի հասրակության կողմից ներդրված ջանքերը, գումարները, եռանդը բարեփոխելու  ոստիկանական համակարգը, հատկապես պետության կողմից քաղաքացի-ոստիկան հարաբերություններում վստահություն ձևավորելու ջանքերը որոշակի արդյունքի են հասել։ Սակայն այս  օրինակով համոզվեցի, որ դեռ շատ բան կա անելու և Հայստանում «քֆուրը» դեռևս շարունակում է մնալ հարաբերությունների կարգավորման ամենազդեցիկ գործիքը, իսկ համազգեստ կրողների մոտ իրավունքի մասին պատկերացումները սահմանափակվում են միայն անհամաչափ  ուժի կիրառմամբ։

Ասենք ես մի քանի ժամ տնքում էի դեմքիս ու աչքերիս այրոցից, և երեք օր տևեց մինչև անցավ։ Էդ երեք լիտր պերցովկեն ինչու էր իրավունքից գլուխ չհանող ոստիկանը փչում աչքերիս, առավելևս երբ ակնոցս արդեն կոտրվել էին հարվածից։ Լավ, բա ո՞նց անենք, որ մի օր Հայաստանում մարդու, քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությւոնը իրոք կարևորվի և մեկը կանչի, համոզվի, որ ես փաստերով եմ խոսում և գոնե ներողություն խնդրի իր համակարգի աշխատակիցների թերացումների համար։ Բա երբ ենք երկիր դառնալու, որտեղից չուզենաս գլուխդ առնել ու փախչել», -մտահոգություններն է հայտնում Կարեն Հակոբյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest