Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստում է՝ այս տարվա առաջին երեք ամիսները բացառիկ ժամանակահատված էին, երբ լրագրողները զերծ են մնացել բռնության դեպքերից։ Պատճառը, ըստ Մելիքյանի, այն է, որ հասարակական քաղաքական իրավիճակը լարված չէ, հետևաբար հուզումներ էլ չկան։

Փոխարենը, կոմիտեի նախագահն ասում է, խախտվել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքն է ակտիվորեն խախտվել։ Ըստ կոմիտեի զեկույցի, լրագրողների տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 49 դեպք է գրանցվել։

«2020 թվականից ի վեր որևէ եռամսյակում տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի նման քանակի խախտում չի արձանագրվել․ պետական մարմինները կամ չեն պատասխանում գրավոր հարցումներին, կամ պատասխանում են լղոզված, բոլոր հարցերին չանդրադառնալով կամ աղավաղելով, աղճատելով։ Լրագրողների կողմից այդ բողոքները ավելացել են», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մելիքյանը։

Կոմիտեի ներկայացուցիչը լրագրողների՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած կոռուպցիայի համաթվի աճի միջև ուղիղ կապ է տեսնում։

«Առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարը սովորաբար սկսվում է տեղեկատվության ազատությունից։ Երբ տեղեկատվության ազատությունը ճնշվում է, սահմանափակվում է, պարարտ հող է սկսվում կառուպցիայի աճի համար։ Բնակչության ընկալումները կոռուպցիայի մասին, բնականաբար, ավելանում են․ եթե պետական մարմինը թափանցիկ չի աշխատում, բնակչությունը դա ընկալում է որպես ազդակ՝ թաքցնելու բան կա, որ չեն ասում», -նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, արդյունքում՝ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

«Եթե տեղեկատվության ազատության վիճակը այսպես շարունակի վատթարանալ, ապա կարելի է ակնկալել, որ կոռուպցիայի դեմ պայքարը էֆեկտիվ չի կարող լինել։ Իշխանությունները պարտավոր են պահպանել իրենց հանձնառությունը հասարակության հանդեպ հաշվետվողականության ապահովման հարցում», -ընդգծել է Աշոտ Մելիքյանը։

2023-ի առաջին եռամսյակում լրատվամիջոցների ու դրանց ներկայացուցիչների հանդեպ տարբեր ճնշումների ընդհանուր թիվը 16 է։ Դրանք լրագրողների նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի, սպառնալիքի ու անհիմն մեղադրանքների դեպքեր են, ընդդեմ ԶԼՄ-ների դատական նոր հայցեր, ինչպես նաև հաքերային հարձակում։ Ըստ զեկույցի, այդ հանգամանքը ուշադրության է արժանի այն պատճառով, որ հետևել է իշխանություններին հասցեագրված քննադատության մասին անոնսին։

«Օրենսդրական մի շարք նախաձեռնությունները, արձանագրված տարատեսակ ճնշումներն ու տեղեկատվության ազատության անհիմն սահմանափակումները վկայում են, որ մեդիա ոլորտում գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք բարդացնում են լրատվամիջոցների աշխատանքը, խոչընդոտում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի պատշաճ իրականացումը», -նշվում է ԽԱՊԿ զեկույցում։

Pin It on Pinterest