Ազգային Ժողովում բյուջեի մասին լսումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի «ինքնախոստովանական» ցուցմունք հրապարակեց: Նա պատգամավորներից մեկի (ենթադրաբար՝ Թագուհի Թովմասյանի) մասին ասաց. «Ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, եկել, նիստը ձայնագրել, Սերժ Սարգսյանին է տվել, գետինն էլ չի մտնում»:
Գուցե իսկապես ականջից բռնելով է ինքը տվյալ մարդուն դարձրել պատգամավոր: Բայց այս հայտարարությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան մարդուն պատգամավոր դարձնելը: Այսինքն, պատգամավոր լինելու բան չէր, դարձրեցինք:
Բա ինչի՞ մասին էր թավշյա հեղափոխությունը: Բա հենց դրա դեմ էիք դուրս եկել: Որովհետև Սամվել Ալեքսանյանին, Առաքել Մովսիսյանին, Մանվել Գրիգորյանին, նույնիսկ հենց Գուրգեն Արսենյանին Սերժ Սարգսյանը ականջից բռնելով էր պատգամավոր դարձնում, որոնց մի մասն էլ հետո դուրս եկավ նրա դեմ: Բայց ահա թե որն է հայտարարության ողբերգական նշանակությունը:
Հիշու՞մ եք, որ Արմեն Աշոտյանն ասաց՝ Փաշինյանի ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքի, քան նրա կողմնակիցներից որևէ մեկը: Փաշինյանն իր հայտարարությամբ ընդունում է, որ պատգամավոր է դարձրել «ուսապարկի»: Չէ՞ որ նրանից բացի գրեթե բոլորը Փաշինյանի հեղինակության 5 տոկոսն էլ չեն ունեցել հեղափոխությունից գոնե կես օր առաջ, նույնիսկ հեղափոխության ընթացքում: Բոլորին էլ ականջից բռնելով են պատգամավոր դարձրել:
Ականջից բռնելն, իհարկե, նշանակում է զոռով: Սակայն Քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ որևէ մեկին չեք գտնի, որ ստիպելով պատգամավոր դարձած լինի, նրանք բոլորն էլ վազել են դեպի այդ աթոռը: Ու Փաշինյանը դա լավ գիտի, իր ականջից էլ են բռնելով ժամանակին պատգամավոր դարձրել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի ցուցակով, որի դեմ էլ նա դուրս եկավ գրեթե ինչպես Թագուհի Թովմասյանը՝ պատգամավոր դառնալուց գրեթե անմիջապես հետո: Բայց ոչ ոք չի ասի, որ Փաշինյանին ստիպել են պատգամավոր լինել: Հետևաբար, Փաշինյանը ստիպողաբարը նկատի չունի: Նա նկատի ունի, որ պատահական մարդկանց է դարձրել պատգամավոր (հանուն արդարության՝ ՀԱԿ-ում ինքը պատահական մարդ չէր և արժանի էր պատգամավոր լինելուն):
Բայց այս խոստովանությունը մաքուր վիրավորանք է ընտրողի հասցեին: Դու ընտրողին ասում ես, որ քեզ «ուսապարկ» եմ դեմ տվել և դու իմ հեղինակությունը հաշվի առնելով քվեարկել ես իմ «ուսապարկի» օգտին: Ո՞վ է կասկածում, որ երբ Փաշինյանը կորցնի իշխանությունը, ՔՊ-ական պատգամավորների մի մասը հաստատապես դուրս է գալու նրա դեմ հանուն ավելի հուսալի «ականջ բռնողի»:
Հայաստանում միշտ է այդպես եղել՝ ընտրողը մեծ հաշվով ոչ մեկն է և հենց դա խոստովանեց Նիկոլ Փաշինյանը: Մի օր, իհարկե, նա կասի, որ սխալ ձևակերպեց, որ դա նկատի չուներ, որ նկատի ուներ, թե մարդուն պատգամավոր է դարձրել չկարևորելով նրա արժանիքների բացակայությունը: Բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական գրպանների փոխարեն խորհրդարանը լցվեց ՔՊ-ական ուսապարկերով: Եվ այն, որ երկու դեպքում էլ ժողովրդի կյանքը չլավացավ, թեմա չէ: Այսպիսով, խորհրդարանը մի տեղ է, որտեղ մտնում են որպես ուսապարկ ու դառնում գրպան (և «գրպանային պատգամավոր» իմաստով, և հարստացող իմաստով):
Մհեր Արշակյան