59 տարեկան Հարություն Խաչատրյանը երևի թե, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամենաշատ ինքնավնասումներ կատարած դատապարտյալն է։  Նրա կյանքը տառապանքների անդադար շղթա է։ Չի էլ հիշում, թե քանի անգամ է բերանն ու աչքերը կարել, ածելիով «փրթել» մարմինը, «կռուշկի պոչ» է կուլ տվել, այլ առարկաներ, մի 20 անգամ հացադուլ է հայտարարել։

Պատմում է, որ դեպք է եղել, երբ իրեն թողել են անօգնական վիճակում, արյունոտ վերքերով, ստամոքսում օտար մարմիններով, ծեծել են վերադաս մարմիններին դիմում- բողոքներ գրելու համար, չեն ուղարկել դրանք, հացադուլ հայտարարած ժամանակ պահել են մի խցում, որտեղ մարդիկ հաց են կերել։

Հարությունը  կալանավայրում է 2004 թվականից, արդեն մոտ 19 տարի։ Տանջված, ֆիզիկապես ու հոգեպես խոշտանգված, խելագարության եզրին հասած տղամարդն այսօր էլ պնդում է, որ մարդ չի սպանել, որ մեղադրվել է հանիրավի։

Տուժողի ազգանունը չի հիշում, միայն անունը՝ Կարեն, որին նա, ըստ դատավճռի սպանել է եւս երկու հանցակիցների հետ։ «Մենք օղորմածիկի հետ ախպերություն ենք արել, իրար տուն էթալ-գալ ենք ունեցել։  Ոչ մեկին չեմ թույլ տվել, որ իրան թարս նայեն։ Ես չէի կարա իրան սպանեմ», — ասել է «Լրագրողներ հանուն մարու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանին, որն անցնող շաբաթ այցելել  էր նրան։  Դեպքի հետ կապ չունի, անգամ մեղադրանքները իրեն հասկանալի չեն եղել։

Ոստիկանները, ըստ Հարությունի ծեծի ու շանտաժի միջոցով են իրենից խոստովանություն կորզել, իսկ քննիչները չունենալով ոչ մի փաստ, ոչ մի ապացույց, անգամ ոչ մի մատնահետք իր «վրա են ջարդել» գործը։

«Ինձ ոստիկանությունում նենց են տփել, որ ես պոլի վրա պառկած եմ եղել ուղիղ  մեկ շաբաթ։ Ինձ զուգարան երեք հոգով էին տանում, ես արյուն էի միզում։ Բերեց երեք հատ մաքուր թուղթ, թղթերի տակ ստորագրել եմ, տվել եմ իրանց։ Ոչ մի վկա, ոչ մի փորձաքննություն։ Բռնաբարության մեջ էլ են ինձ մեղադրում։ Բայց փորձաքննություն չեն արել։ Բռնաբարությունը չեն ապացուցել։ Դա քննիչի սենյակ չէր, Չիկագոյի պիվնոյ բառն էր, որ բակալը խմում են, խփում են կողքինի գլխին։ Ինձ հետ հարցուպատասխան չեն արել, չեն  էլ խոսել։ Ինչ ուզել են, գրել են», — վերհիշում է 19 տարի առաջվա դեպքերը դատապարտյալը։

Երկրորդ գլխավոր հարցը նրա կյանքում  առողջական վատ վիճակն է։ Ունի հոգեկան խանգարում, ագրեսիայի նոպաներ։ Հիվանդությունը ձեռք է բերել քրեակատարողական հիմնարկում, հաշվառման մեջ է, բայց ասում է, որ իրեն բուժելու փորձեր այս տարիների ընթացքում չեն ձեռնարկել։ Հոգեմետ դեղեր է ստացել, որոնք վերջերս կտրել են։

«Հոգեմետ դեղեր էի ստանում, 10 հատ դիազեպամ, 10 հատ դիմեդրոլ։ Բայց էս ՊՈԱԿ-ի աղջիկը  եկավ /նկատի ունի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը- Ս․Ս․/, ասում ա՝ դեղերը շատ են, արի քիչ քիչ խմի, ես քո առողջության մասին եմ մտածում։ Նա վերցրեց ու իմ դեղերը կտրեց, չնայած իմ վիճակը ավելի էր խորացել։ Ես իրեն ասում եմ՝ դու ինձ հետազոտե՞լ ես, իմ վիճակը գիտե՞ս, որ առանց ինձ հարցնելու ու որևէ ապացույցի իմ դեղերը կտրում ես»։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զբոսանքի ժամանակ Հարություն Խաչատրյանը վերջերս ուշաթափվել է։ Ցավեր ունի, դող։ Նա գիտակցում է, որ հոգեկան հիվանդությունը ստացել է քրեակատարողական հիմնարկում։  «Էս ամեն ինչը ինձ դուբինկեքով ծեծելուց հետո ա եղել։ Էդ դեղերը ինձ օգնում էին», — ասում է ցմահ դատապարտյալը։

Մենք կապվեցինք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանի հետ, խնդրեցինք նրան պատասխանել, թե ինչ առողջական խնդիրներ ունի Հարություն Խաչատրյանը, ինչու են նրան պահում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ինչ բուժում է ստանում և ինչու չի տեղափոխվում մասնագիտացված հաստատություն, ինչու են կտրել նրա դեղերը։   Forrights.am -ի հարցերին պատասխանելով, Նաիրա Բաբայանը հայտնեց, որ ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը ունի հոգեկան խնդիրներ, հեպատիտ Ց, որի բուժումը  կիսատ է թողել իր կամքով։ «Նա ուզում է դիմեդրոլ դիազեպան ահռելի քանակների։ Դիմեդրոլ դեղը հեպատիտ Ց-ի դեղերի հետ հակացուցված է։ Բավականին երկար իր հետ խոսեցինք, որ տարբերակ չկա երկուսն էլ ընդունելու։ Նա 2 օր ընդունեց Հեպատիտ Ց-ի դեղ, և հետո հրաժարվեց ու դուրս եկավ ծրագրից։  Ինչ վերաբերում է դիազեպամին , ապա այո, կրճատել ենք։ Նա ահռելի քանակության դիազեպամ է ուզում ՝ օրը 15 հատ, ինչը վտանգավոր է։ Նա կարող է քնել ու չարթնանալ»։

  • Բայց նրա հարազատը ասում է, որ ընդհանրապես չեք տալիս հոգեմետ դեղեր։
  • Ոչ, տալիս ենք։ Օրը 7 հատ դիազեպամ, 7 հատ դեմիդրոլ է ստանում, այնքան, որքան որ ցուցված է հոգեբույժի կողմից նրա վիճակով պայմանավորված։
  • Ինչո՞ւ Հարություն Խաչատրյանը չի տեղափոխվել հոգեբուժական հաստատություն։
  • Նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» հոգեբուժական հաստատություն, որտեղ 3 օր մնալուց հետո իր դիմումի համաձայն դուրս է գրվել, և դրանից հետո հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց։
  • Ինչո՞ւ նրան չեն տեղափոխել այլ մասնագիտացված հաստատություն, հոգեբուժարան, որտեղ հնարավոր կլիներ նրա բուժումը կազմակերպել։
  • Այլ հոգեբուժական ծառայություն ուղարկելու իրավունք ունի միայն «Դատապարտյալների հիվանդանոցի» ստացիոնար ուղեգրով։ Մենք իրավասություն չունենք հիմնարկի սահմաններից դուրս ուղարկել բուժման։ Եթե ես գտնում եմ, որ վատ է դատապարտյալի վիճակը, ուղարկում եմ «Դատապարտյալների հիվանդանոց», և այնտեղի բժիշկների ցուցումով նոր հնարավոր է միայն դիմել այլ ծառայության։
  • Տեղեկություն ունենք, որ քրեակատարողական ծառայությունը միջնորդել է նրան տեղափոխել հոգեբուժարան, բայց ՊՈԱԿ-ը չի համաձայնվել։
  • Ծառայությունը, թ՞ե բուժանձնակազմը։ Ծառայությունը կարող է միջնորդել, ծառայությունը կաշկանդվածություն չունի։ Բայց բուժանձնակազմը չի միջնորդել։ Նա հրաժարվում է հիվանանոց գնալուց և այնտեղ հետազոտվելուց, որ այնտեղ հասկանանք, ինչ վիճակ է, պետք է միջնորդել, թե չէ։
  • Այսինքն՝ նրան չեն էլ հետազոտե՞լ։
  • Ո՞վ ասեց, որ չի հետազոտվել։ Հետազոտվել է։ Այն ժամանակ, երբ նա եղել է դատապարտյալների հիվանդանոցում, տեղափոխման կարիք չի ունեցել։ Դրանից հետո այստեղ է հանձնաժողովային հետազոտության ենթարկվել։
  • Փաստորեն, հոգեկան հիվանդ է, բայց ոչ մի բուժում չ՞ի ստանում։
  • Հոգեկան հիվանդ է, դեղորայքով բուժում է ստանում։ Ո՞վ ասեց, որ չի ստանում։ Ներկա պահին էլ ստանում է։ Ինչո՞ւ եք ամպագորգոռ ասում, որ բուժում չի ստանում։ Եթե ստացիոնարում չի ստանում, նշանակում է, բուժում չ՞ի ստանում։
  • Տարիներով այդ դեղերը խմել է, և արդյունք չկա։ Գուցե, թեթև խնդիր է, և ստացիոնար պայմաններում հնարավոր լինի բուժել։
  • Ամեն դեպքում մենք հնարավորն ու անհնարն ամեն ինչ անում ենք իրենց համար։

Դատապարտյալի քրոջ որդին՝ Սարգիս Առաքելյանը, Forrights.am-ին հայտնեց, որ Հարություն Խաչատրյանը բազմաթիվ այլ առողջական խնդիրներ էլ ունի, սակայն ոչ  մի բուժում չի ստացել։ «Մենք պահանջել ենք, որ նրան բուժեն։ Գլուխն է վնասված, ճագել է գանգուղեղը ծեծելու ընթացքում, ականջներն են վնասել, ասում է, որ ականջներում  խշշոց կա, բայց նրան միայն ցավազրկող են տալիս», — ասում է Սարգիս Առաքելյանը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest