Երեկ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում մասնակցելով 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան տարեդարձին, վարչապետի կինն իր խոսքն սկսել է այսպես՝ ես ձեզանից մեկն եմ: Աննան վրիպել է, ինչպես ռուսներն են ասում, на чистой воде:

Սիրելի Աննա, դուք չեք կարող մեզանից մեկը լինել, դուք պոկվել եք վերև և էդ վերևից մեծահոգաբար վայելում եք մեզանից մեկը «լինելու» հաճույքը և այն ասելու հեշտությունը, իմանալով, որ ցանկացած պահի, առավելաբար այդ ասելու պահին դուք մեզանից մեկը չեք և ահա թե ինչու:

Եթե ես բոլորին ասեմ՝ ես ձեզանից մեկն եմ, դա ընդհանուր բան չի ունենա ձեր ասածի հետ, որովհետև ես, եթե նույնիսկ 100 Չերչիլ կամ դը Գոլ էլ արժենամ, այն եմ, ինչ կամ: Մեզանից մեկը լինում են հորիզոնական չարքաշության մեջ և տողատակում Քրիստոս խաղալով չեք կարող իջնել մեր ձորերը: Ասում եմ ձեզ, դուք պոկվել եք մեզանից ու լավ եք արել: Եթե ինձ հարցնեն՝ նույնիսկ արժանի եք, բայց մեզանից մեկը լինելը գործնական արտահայտություն է, իր կրթությամբ չփայլած Սամվել Ալեքսանյանի կամ Տիգրան Արզաքանցյանի համար ավելի հեշտ է լինել մեզանից մեկը, քան ձեզ համար: Որովհետև նրանք կարող են, դիցուք, վճարել 500 հոգու հիպոտեկ, դուք չեք կարող: Ու ձեզ էլ չեն կարող վճարել:

Դուք չունեք մի խնդիր, որի համար կարելի է վճարել թեկուզ խորհուրդով, դուք «մեզանից մեկը» լինելու բարձունքից ուղղակի թքած կունենաք էդ խորհրդի վրա: Իսկ ինչու՞ եմ փողով չափում մեզանից մեկը լինելու «գործը»: Որովհետև ոչ ոք ուրիշի փոխարեն չի ապրում, ոչ ոք չի կարող վերցնել ուրիշի ցավը, որովհետև մի պայմանական անգրագետ Սամվել Ալեքսանյան կարող է, ասենք, 50 հազար դոլար վճարել քաղցկեղով հիվանդին ու անցնել իր գործերին հընթացս ասելով՝ ես ձեզանից մեկն եմ: Այդ կետում նրանք նույնանում են, որովհետև թեպետ Սամվել Ալեքսանյանը հիվանդի փոխարեն չի ապրում, բայց նա իր մասով երաշխավորում է հիվանդի ապրելը:

Սամվել Ալեքսանյանը մեզ հետ չի վիճի այն ճշմարտություններից, որոնցից ոչինչ չի հասկանում, առավելևս մեզ չի ասի՝ դուք ոչինչ չեք հասկանում: Դուք մեզանից ոչ մեկը չեք, որովհետև ոչ մեկը Հայաստանում չի կարող մրցել ձեր անսխալականության հետ:

Մեզանից մեկը չեն լինում առանց գոյության կապանքների կամ դրամայի, դուք դրանցից ոչ մեկը չունեք, դուք անտաղանդ կամ միջին շնորհով բանաստեղծ չեք, դու հավաքարար չես, դու ատամնաբույժ չեք, մաքսավոր չեք, որը չգիտի ինչպես վարվել Հայաստանի դրոշի հետ՝ համբուրի՞, թե աչքից հեռու մի տեղ դնի, դուք որևէ բանի մեջ ունեցած տաղանդից ու անտաղանդությունից դուրս եք, որովհետև կյանքի ցանկացած իրավիճակում ձեր անհոգ գոյությունը երաշխավորված է, դուք զրկված եք հոգսից, իսկ մեզանից ոչ մեկը անհոգ չէ, մեզանից մեկը ինչ-որ հարցի պատասխանը չէր ունենա, դուք ոնց որ թե ունեք բոլոր հարցերի պատասխանը:

Դուք նույնիսկ չունեք ձեր ամուսնուն ինչ-որ մեկի անհասկացողությունից պաշտպանելու հոգսը, որովհետև համոզված եք, որ ինքն ամեն ինչում ճիշտ է ու «մեզանից մեկը» համարվող մյուսներն ուղղակի նրան չեն հասկանում ու դա նրանց խնդիրն է: Ձեզ պետք չէ լինել մեզանից մեկը, ձեզ չեն խնդրել լինել մեզանից մեկը, որովհետև դա ինտելեկտուալ, սոցիալական, հասարակական առավելություն չէ, մեզանից մեկը լինելը ոչինչ չի նշանակում, հենց չլինելն է ինչ-որ բան նշանակում, դուք մեզանից ձեր առավելությունը մի փորձեք պաշտպանել ոչ մեկը չլինելով, դուք կորուստներ չունեք ու չեք ունենա, մինչդեռ ձեր իմացած բոլոր «մեզանից մեկ»-երը դեռ ունենալու են այդ կորուստները տան, հողի, ունեցվածքի, երկրի իմաստով:

Ձեր աղջկա գլխին պետբյուջեով անձրևանոց են պահում. Հավանաբար նա էլ է, չէ՞, մեզանից մեկը: Բայց մեզանից ու՞մ գլխին են անձրևանոց պահում (հուսով եմ, հասկանում եք, որ խնդիրն անձրևանոց պահելը չէ):

Մեզանից մեկը լինելը առավելություն չէ, ես, օրինակ, չէի ուզենա լինել բոլորից մեկը, ես չէի ուզենա լինել ընդհանուր անհուսության ու անկարողության մի մաս: Ես չէի ուզենա լինել բոլորից մեկը, եթե ոչինչ չեմ կարող անել բոլորի համար: Իսկ հիմա մի հատ նայեք Հայաստանին ու մի հատ էլ ձեզ՝ ձեզնից ո՞վ է ավելի լավ վիճակում:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest