ԱՄՆ Պետդեպը հերթական անգամ հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերլուծությունը, ըստ որի «բանակում ոչ մարտական պայմաններում մահերի վերաբերյալ պատշաճ քննություններ չեն անցկացվում» կամ քննության փոխարեն «մարտական գործողությունների արդյունքում մահերը հաճախ ներկայացվում են իբրև անձնասպանություններ»:

30 տարվա ընթացքում մեր իրավապահ համակարգն այդպես էլ «չսովորեց» սպանությունը տարբերել ինքնասպանությունից: Կալանքի տակ գտնվողների նկատմամբ բռնություններն ու խոշտանգումները մի ուրիշ պատմություն են: Ու 2018-ի հեղափոխությունը գրեթե իրավիճակ չի փոխել այս առումով: Ո՞րն է խնդիրը:

Ամեն ինչ ավելի պարզ է: Իրավապահ համակարգը ամենից հեշտ է սովորում կոմֆորմիզմին: Ի՞նչ է կոմֆորմիզը՝ ամենահեշտ միջոցներով առավելագույնին հասնելու մղում: Մարդիկ ուզում են իրենց գործն արած-պրծած լինել գրեթե առանց ջանքերի: Հաճախ մեղադրյալներին նշանակում են կամ պարզապես որոշում, որ այս կամ այն սպանությունն ինքնասպանություն է: Որպեսզի չքրտնեն: Մարդիկ այդպես են սովորել:

Լուրջ հետաքննությունը ջանք է: Մեր իրավապահները ջանասերներ չեն: Ոչ մի հեղափոխական բան չի արվել իրավական համակարգը քանդել հավաքելու համար: Արդյունքում հին մեթոդներով աշխատողները ի վիճակի չեն գործել նոր մարտահրավերների մեջ: Սա նորմալ է: Եթե ունակ չեն, ուրեմն ունակ չեն: Պիտի ինչ-որ բան փոխես: Ո՞վ պետք է փոխի: Քիչ է ասել, թե պետք է գա մի նոր ՆԳ նախարար, մի նոր գլխավոր դատախազ կամ մի նոր արդարադատության նախարար, որ կարողանա իրավիճակ փոխել: Ով էլ գալիս է, տեսնում է որ իր ղեկավարած համակարգը քարացած է: Ուզում է ինչ-որ բան անել, տեսնում է բոլորովին մենակ է: Ի՞նչ իմաստով է մենակ: Ոչ թե ընդդիմանում են համակարգի ներսում, թեպետ դա էլ կա տեղը տեղին, այլ ուղղակի չկա մեկը, որի վրա կարող է հենվել:

Բայց այս իրավիճակը շատ արագ «հաղթահարվում» է՝ նորից աշխատում է կոմֆորմիզմի ֆենոմենը: Դա ո՞րն է: Դա այն է, որ ցանկացած ղեկավար ի վերջո «տեղավորվում» է ենթակաների մեծարման տակ:

Պետդեպն ինչու՞ է այդ զեկույցները հրապարակում: Որպեսզի մեզ հասկացնի, որ բարեփոխումները դանդաղում են, դրանց համար տրված գումարները փոշիանում են: Պետդեպը չի նայում ղեկավարների կոմֆորմիզմին, ինքը նայում է առաջընթացի տեսլականին: Եթե երկրում հեղափոխություն է տեղի ունենում, այդ տեսլականն առավել է առարկայանում: Իսկ մեզ մոտ իրավապահ համակարգը ոնց կար, այդպես էլ մնում է: Այդպիսով ինչ-որ բան բարեփոխելու իշխանության լրջությունը դրվում է կասկածի տակ:

Ի՞նչ անել: Ամբողջ աշխարհում գիտեն, որ ցանկացած բարեփոխում իրականացվում է քաղաքական կամքով: Քաղաքական կամքը բյուրեղանում է, երբ քաղաքացիական հասարակությունը ինվենտարիզացիայի է ենթարկում պետության բացթողումները՝ տնտեսական, սոցիալական, իրավական: Հիմա մեր հ/կ-ները պարզել են, որ խոշտանգումները շարունակվում են, դատարանները կրկին ենթարկվում են իշխանությանը, բանակում տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվում: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական կամքի մեջ ճեղքվածք կա: Այսինքն, կան մարդիկ, որոնք ամեն ձևով խոչընդոտում են բարեփոխումներին: Ու ի՞նչ է անում իշխանությունը: Ճիշտ է, անում է այն, ինչ անում է կոմֆորմիստը՝ անմիջապես բարդացնում է լրատվամիջոցների աշխատանքը: Սրան, ի դեպ, նույնպես անդրադարձել է ԱՄՆ Պետդեպը:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest