Արդեն երեք ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությունը կիսաքաղցած է, թեև այս  մասին պաշտոնապես չի խոսվում։ Մարդիկ մի կերպ գոյություն են պաշտպանում։ Հաճախ օգտագործում են սննդի համար ոչ պիտանի, ժամկետանց մթերք, որի հետևանքով թունավորվում են ու ընկնում ինֆեկցիոն հիվանդանոց։

Փետրվարի 23-ին, երբ դպրոցները բանակի օրն էին տոնում, մեծ թվով երեխաներ են տարել Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոց։ «Նրանց մոտ ախտորոշվել էր սալմոնելեզ, ժամկետանց սննդից տարբեր թունավորումներ», — ասում է հիվանդանոցի մեր աղբյուրը։

Դեկտեմբերին էլ «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք էին բերել 26 երեխաների՝ սուր գաստրիտ ախտորոշմամբ, որը սննդային թունավորման հետևանք էր։ Երեխաները թունավորվել էին կաթնամթերքից։

Ստեփանակերտում արձանագրվել են նաև կարտոֆիլի սերմացուի օգտագործման հետևանքով թունավորման դեպքեր։ Կարտոֆիլի սերմը անհատույց գյուղացիներին է տրամադրել  Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ գարնանացանի համար։

Մարտի 18-ին հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ստիպված է եղել նախազգուշացնել բնակչությանը, որ կարտոֆիլի սերմը ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ «այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգցնել լուրջ թունավորումների և խանգարումների»:

«Ուստի խնդրում և հորդորում ենք զերծ մնալ նման սպեկուլյատիվ գործողություններից և ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային՝ ծառայեցնելով պարենային անվտանգության խնդիրների լուծմանը»:

Հիմնադրամը հայտնել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն «ոչ նպատակային» օգտագործել կարտոֆիլի սերմը, կենթարկվեն պատասխանատվության:

«Ստեփանակերտում կարտոֆիլ ընդհանրապես չկա։ Այդ սերմացուն հիմնադրամը անվճար բաժանել է գյուղերում, իսկ գյուղացիները կարտոֆիլը ցանելուց հետո  վաճառում են մարդկանց, և մարդիկ էլ ստիպված գնում են», — ասում է Ստեփանակերտի բնակիչ Անաիդա Իսախանյանը։

Գները խանութներում բավականին բարձր են։ Հացն արժե 200 դրամ։ «Շաքարավազի համար պետականորեն սահմանված գինը 560 դրամ է։ Զուգարանի թուղթն արժե 300 դրամ։ Այն կոպեկները, որ մենք ստանում ենք, հաճախ չ են բավարարում, որ առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ գնենք։ Գրեք, որ մենք գոյատևում ենք, ոչ թե ապրում», — ասում է Անաիդա Իսախանյանը։

Խանութներում վաճառվող սննդամթերքը, անգամ միրգն ու բանջարեղենը տրվում են կտրոններով։ Բրնձի, հնդկաձավարի, շաքարավազի, մակարոնեղենի ամսական չափաբաժինը  յուրաքանչյուր անձի համար 1 կիլոգրամ է։ 1 հոգուն ամսական հասնում է  2 կիլոգրամ բանջարեղեն, միրգ, կամ մրգի ասորտի։

Առանց կտրոնների է բաժանվում միսը։ Խոզի մսի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ, տավարինը՝ 4000 դրամ։ Աներևակայելի թանկ են կոնֆետները։ Դրանց գները սկսվում են 5000 դրամից։ «Մի քանի գրամ շոկոլադ ես ուզում գնել, շատ քիչ, մի քանի հատիկ, ուզում են մոտ 5000 դրամ։ 7-8 հազար է կիլոգրամը։ Հասարակ Կոկակոլայի գինը սկսվում է 1000 դրամից», — ասում է Ստեփանակերտի բնակչուհի Մ-ն։

Մ-ն իր 7 տարեկան երեխային  ուղարկել է գյուղ՝ մայրիկի մոտ, քանի որ այս պայմաններում երեխային դժվարանում է պահել։ «Ամեն ինչ թանկ է։ Միջին աշխատավարձը, որը մոտ 80 հազար է, իսկ ամենաբարձրը՝ 150000, չի հերիքում տարրական սնունդ գնելու համար։ Բանջարեղենին մոտենալ չի լինում։ Մարդիկ հերթի մեջ իրար են ծեծում։ Հասարակ զուգարանի թղթի համար կիլոմետրանոց հերթ է, ծիծաղելի է, բայց չկա զուգարանի թուղթ։ Եթե հոգեբանորեն պատրաստ չես կռիվների մեջ մտնել,չես էլ մոտենում խանութին։ 2800 դրամանոց երշիկը «Աթենք» ֆիրմայի հիմա արժե 4000-4500 դրամ։ Մարդիկ շատ կոշտ են դարձել։ Ով որոշ պահուստային գումարներ ունի, հանում է՝ ու ծախսում սննդի վրա։ Ասում են, որ ռուսները մեծ գումարներ են պահանջում վաճառողներից։ Յուրաքանչյուր ֆուռ մտցնելու համար փող են առնում, ու էդ փողը անընդհատ աճում է, ու խանութներում գները համապատասխանաբար բարձրանում են։ Այստեղ պատմում են, որ ռուսները մարդկանց էլ են տեղափոխում ՝ 100 հազար դրամով մեկ մարդու են տեղափոխում, երկու պայուսակի և մեկ մարդու տեղափոխումը արժեն 100 000 դրամ։ Ռուսներին , ստացվում է, ձեռք է տալիս փակ ճանապարհը։ Նրանք լավ հարստանում են։ Հագուստ, կոշիկ ընդհանրապես չկա։ Այդ մասին չենք էլ մտածում։ Երեխայիս համար չեմ կարողանում կոշիկ գնել։ Ինչ կոշիկ, հասարակ խնձոր չկա։ Ժարիտ արած կարտոշկան մեր երեխաների համար երազանք է։ Մեզ մոտ միայն նախարար փոխելն է լավ ստացվում։ Ամեն  ամիս նախարար է փոխվում, բայց ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում», — ասում է կինը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest