Երևանի քաղաքապետարանը շարունակում է խոչընդոտել «Յաշմա» ջոկատի դեմ կռված Խաչատուր Միքայելյանի հիշատակին տեղադրվող խաչքարի գործընթացին։ Հիշեցնենք՝ Forrighst.am-ին ահազանգել էր Միքայելի հայրը՝ Առնակ Խաչատրյանն ու ասել, որ շուրջ մեկ տարի է քաղաքապետարանը թույլ չի տալիս որդու հիշատակին խաչքար տեղադրել Աջափնյակ վարչական շրջանի Գեւորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի հարակից տարածքում։

Forrighst.am-ը մեկ ամսից ավելի է՝ ինչ Երևանի քաղաքապետարանի փորձում է հասկանալ մերժման հիմքերը։ Քաղաքապետարանը, սակայն, մեր գրավոր հարցերին թերի ու միմյանց հակասող տեղեկություններ է տրամադրում։ Նախ քաղաքապետարանը փետրվարի 28-ին մեզ տրամադրած պատասխանում մատնանշում է խաչքարի տեսքի հետ կապված խնդիրներ․

«Առաջարկվող տարածքում  (Գեւորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի հարակից տարածք) ներկայացված լուծումներով՝ մասնավորապես շեշտադրված պատվանդանով և պարփակող ծավալներով խաչքարի էսքիզային առաջարկը գտնում ենք անընդունելի, քանի որ այն չի համադրվի ձևավորված միջավայրին: Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խաչքարի տեղադրման նպատակով այլ տարածք և էսքիզային առաջարկ ներկայացնելու պարագայում պատրաստակամ ենք քննարկել»,-ասված է գրավոր պատասխանում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը փետրվարի 28-ին տրամադրած պատասխանում չէր հստակեցրել, թե ինչու կողմ չէ նշյալ տարածքում խաչքար տեղադրելու առաջարկին և այլ տարածք է առաջարկում։ Forrighst.am-ի երկրորդ գրավոր հարցմանը, թե ինչո՞ւ է զոհվածի հոր առաջարկած տարածքն անընդունելի, քաղաքապետարանից հետևյալ պատասխանն են փոխանցել․ «Ամենայն հարգանքով ու մեծ գիտակցումով ենք լծված մեր հերոսների սխրանքների, նրանց հիշատակը միշտ վառ պահելու գործին: Սակայն, քանի որ Աջափնյակ վարչական շրջանի 1-ին շղթայում արդեն բացվել է հերոսների հուշաքար, հնարավոր չէ միաժամանակ բավարարել մի քանի նմանատիպ խնդրանք՝ նույն վարչական շրջանում»:

Ի դեպ, քաղաքաշինության ոլորտը համակարգում է քաղաքապետի պաշտոնին ձգտող Տիգրան Ավինյանը։ Այժմ քաղաքապետարանի հակասությունների մասին․ այս կառույցը Forrighst.am-ին փոխանցված առաջին պատասխանում նշում է, որ «․․․Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խաչքարի տեղադրման նպատակով այլ տարածք և էսքիզային առաջարկ ներկայացնելու պարագայում պատրաստակամ ենք քննարկել»,-իսկ ահա երկրորդ պատասխանում՝ վեց օր անց, շեշտում են․ «․․․Աջափնյակ վարչական շրջանի 1-ին շղթայում արդեն բացվել է հերոսների հուշաքար, հնարավոր չէ միաժամանակ բավարարել մի քանի նմանատիպ խնդրանք՝ նույն վարչական շրջանում»։

Թե ինչով է պայմանավորված այս հակասությունը քաղաքապետարանը չի պարզաբանել։ Այնուհանդերձ, կառույցից հայտնում են, որ տարածքը համայնքապատկան է և չի քննարկվում այն այլ քաղաքացու վաճառելու տարբերակներ։

Խաչատուր Միքայելյանի հայրը՝ Առնակ Միքայելյանը, քաղաքապետարանի այսօրինակ պատասխանները «ոչ բարոյական» որակեց՝ չցանկանալով լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

Երևանի քաղաքապետարանի՝ զոհվածի հորը մերժելու ֆոնին, հիշարժան են դառնում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում տեղադրված խաչքարերի մասին քննադատությունը, որը վարչապետը հետևյալ կերպ էր մեկնաբանել․ «Հայաստանում խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում»,- 2022 թվականի հուլիսի 7-ին՝ կառավարության նիստում ասել էր Փաշինյանն ու ասել․ «Ով՝ որտեղ, ինչ ուզեց կառուցեց, բբարձրացրեց կամ իջեցրեց, դա լրջագույն պրոբլեմ է»։

Փաշինյանի հայտարարությունից շուրջ 10 ամիս անց՝ 2023 թվականի մարտի 2-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի, հուշաքարերը, խաչքարերը, խաչերը կդասվեն միջին ռիսկայնության օբյեկտների շարքում, իսկ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ։ Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են։ Քաղաքաշինության կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ուսումնասիրելու է դրանք և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ կկայացնի։

Նշենք, որ Խաչատուր Միքայելյանը զինվորական ծառայության է անցել Հադրութում։ Պատերազմի առաջին օրը  տեղափոխվել է Ֆիզուլի`պատերազմի ամենաթեժ կետը: Համածառայակիցների հետ կռվել է թշնամու «Յաշմա» ջոկատի դեմ։ Պատերազմի առաջին օրերին Խաչատուրն ուսից վիրավորում է ստացել, առաջարկել են տեղափոխվել զինվորական հոսպիտալ, սակայն, մերժել է, նշել է, որ չի ցանկանում պատերազմի դաշտում ընկերներներին միայնակ թողնել։

Խաչատուրի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո ծնողները նրան փնտրել են ամենուր․ Առնակ Միքայելյանին որդու անունը հանդիպել են վիրավորների, գերեվարվածների պաշտոնապես հրապարակված ցուցակներում, սակայն, ի վերջո, տղային գտել է Գորիսի դիահերձարանում։

Խաչատուր Միքայելյանը իր սխրանքի համար ԱՀ նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest