Այգեպատ գյուղի 42-ամյա բնակիչ, ազատամարտիկ, նախկին պայմանագրային զինծառայող  Լեւոն Խաչատրյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, Արտաշատի զինկոմիսարիատում այս մասին գրառում կա, վիրավորվել է, բեկորներ ունի ողերի արանքում, գլխի շրջանում, ունի ընկերների վկայությւոնները, որ ինքը  մասնակցել է թեժ մարտերի, սակայն ՊՆ-ն ոչ մի կերպ չի ճանաչում նրա պատերազի մասնակցի կարգավիճակը։ Դրանից բխող արտոնություններից Լեւոնը զրկված է։

Մեղավորը, ըստ նրա, հրամանատար Գևորգ Հայրապետյանն է, որին ՊՆ-ն հարցումներ է արել։ Հայրապետյանը ի պատասխան պնդել է, որ Լևոնը դասալիք է, ու թեև եկել է կռվելու, բայց խուսափել է մարտերից ու փախել է։

«Սուտ է, — ասում է Լևոն Խաչատրյանը, — 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կամավոր մեկնել եմ Քելբաջար, մասնակցել եմ նաև Կուբաթլուի մարտերին Մախնոյի /Արայիկ Մուրադյան/ ջոկատում։ Մյուս արտաշատցիներին, ինձ էլ հետները, Գևորգը տարել է  իր անասնագոմերը։ Փախած մարդկանց անասունը հավաքել էր էդ գոմերում, մեզ ամեն  մեկիս 2 փամփուշտ էր տվել, որ իրա անասունին հսկենք ու թրիքը մաքրենք։ Մեզ կառաուլ էր կանգնացնում իր տանը՝ որ իր անասուններին հսկենք։ Մի 100 հոգի կայինք այնտեղ, մի ԱԹՍ որ խփեր, մնում էինք տեղում։  Մարդիկ կային, ասում էին՝ խախանդ է, մնանք։ Տեղից սկսվեց մեր վեճը։ Մի անգամ էլ  երկու զինվորական փրկեցի, քցել էին ոտքի տակ փամփուշտ ուզելու համար։ Այդտեղ առանց  զինամթերքի մնալ վտանգավոր էր, իսկ մեզ չէին տալիս փամփուշտ», — պատմում է Լևոնը։

Գնդապետ Հայրապետյանը վստահեցնում է, որ կամավորների չի ծեծել, այդ բոլորը հորինվածք է, Լեւոն Խաչատրյանը հոգեկան հիվանդ է, որպես այդպիսին հաշվառման մեջ է, «կռվող չէր», «ներվային  տղա» էր, վախեցել էր ու  խնդրել է, որ բաց թողնեն իրեն, գնա: «Նա երկու օր է մնացել։ Նա հոգեկան հիվանդ է, երկու օր կռվել է, հետո կինը զանգեց, ասեց՝ հոգեկան ա, ուղարկեցի հետ։ Նա հոգեմետ դեղեր էր խմում, մենք էլ էնդեղ այդպիսի դեղեր չունեինք», — ասում է հրամանատարը Forrights.am-ին։

Չի հերքում, որ գոմում է պահել տղաներին։ «Ես անասուն չեմ պահել, դա իմ գոմը չէր, դատարկ սկլադ էր։ Ավելի լավ չէ՞ր այդտեղ մնային, քան բաց երկնքի տակ։ 11 տարի եղել եմ Քյալբաջարում հրամանատար, բայց ոչ մի բան հետ չեմ գցել»։ — ասում  է Հայրապետյանը։

Վերջերս Լևոն Խաչատրյանին ծեծի են ենթարկել։ Կասկածներ ունի, որ Հայրապետյանի համագյուղացիներն են արել։ «Հինգ հոգով հարձակվեցին վրաս, երեքի դեմքը չտեսա, ձեռքերով պաշտպանվում էի։ Ես Չարբախում էի աշխատում, մետաղական կոնստրուկցիաների արտադրամասում, ինձ մոտեցան ապարանցիներ, տեսել էին հեռուստատեսային ռեպորտաժ, որ Գևորգի դեմ խոսում եմ։ Ասեցին՝ Գևորգից հեռու մնա, խելոք մնա։ Դեկտեմբերի 22-ի  ինձ երեկոյան ժամի կանչեցին հանդերձարան, գլխիս հարվածեցին ու մետաղաձողերով ծեծեցին, ոչ մի պատճառ չի եղել։ Դիմեցի տնօրենին ու դուրս եկա էդ տեղից։ Հետո տնօրենը եկավ, փակեց հիվանդանոցի ծախսերը ։ Չգիտեմ, կապ ունի Հայրապետյանը, թե չէ, բայց ամեն դեպքու էդ  պատմություններն են ազդել, որ ինձ ծեծեցին»։

Երկրորդ ողի կոտրվածք, քթի կոտրվածք,  աջ առաջին ողի կոտրվածք, ծնոտի կոտրվածք է ստացել Լևոնը ծեծից հետո։ Բայց գործը կարճել են։ «Եկան, խնդրեցին, երդում կերան, հայհոյանք կերան, որ Գևորգին չեն ճանաչում, որ չբողոքեմ։ Ինձ ամեն օր համարյա էս կոտրվածքներով կանչում էին Շենգավիթի քննչական, ոչ փող ունեմ, ոչ առողջություն, զզվեցի, ուղղակի գնալ, գալուց, որոշումը շուտով կուղարկեն», — ասում է ազատամարտիկը։

Նա իրեն լքված, վիրավորված է զգում պետությունից։ Գումար չունի իր բժշկական ծախսերը հոգալու։ Պատերազմի ստվերը հետապնդում է նրան։

Հիշում է՝ անասնագոմից հետո իրենց՝ արտաշատցի տղաներին, տեղափոխել են Օմարի լեռնանցքի 105 դիրքը։ Այստեղ արդեն փամփուշտներ տվել են։ «Բայց ոչ ավտոմատ, ո՛չ մինոմյոտ, ո՛չ ՊԿ, ՌՊԿ, ո՛չ սնայպերսկի վինտովկեք, ո՛չ «նաչնոյ վիդենի», ոչ մի հասարակ ռացիա: «Վիրավոր ունեինք, չէինք կարողանում բուժօգնություն կանչենք, որ գան տանեն, ոտքը ուռել էր։ Մեզ հրամայված էր չկրակել։ Քելբաջարում ո՛չ մենք, ո՛չ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չի գնացել։ Քյալբաջարը տվել են նվեր», — պատմում է  ազատարամտիկը։

Ի վերջո, կոմբատ Հայրապետյանը հերթական վեճից հետո զենքը վերցրել է Լևոնի ձեռքից, առանց զենքը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ տալու,խլել է բուշլատը և ասել․«Ռադ եղի»։  Տրակտորով, ապա հանդիպած մեքենայով Լևոնը հասել է Արտաշատ, գնացել է զինկոմիսարիատ, պահանջելով, որ  իրեն կրկին տանեն դիրքեր, ապա 2 օրից ջոկատի կազմում մեկնել է Կուբաթլու։

«Բա փախնողը նորից հետ կգնա՞ր Կուբաթլու»,- հարցնում է նա։ ՊՆ բարձրաստիճան աշխատակիցներ, նաև գեներալներ Կոմի6տաս Մուրադյանն ու Արտակ Բուդաղյանը իրենց ուղեկցել են, սակայն կես ճանապարհից թողել, հետ են գնացել։  «Մենակ Արտաշատի զինկոմը մնաց՝ Մախնոն։ Կուբաթլու չհասած՝ Խնձորեսկում տեղեկացել են, որ Կուբաթլուն հանձնած է թշնամուն։ «Երկրորդ օրը մեզ հրամայեցին նահանջել, բայց մենք հետ չգնացինք, տրաքցրեցինք թշնամու զենքի պահեստը, մարտի դաշտում 200 ազերի թողեցինք: Բոլորին նկարել եմ։ Հետո ընկանք շրջափակման մեջ, վիրավորում ստացա, գիտակցությունս կորցրեցի, արթնացա Կապանի մորգում։ Մորգի աշխատողը ոտքիցս քաշեց, տեսավ՝ ողջ եմ», — իր կյանքի «ֆիլմն» է պատմում ազատամարտիկը։

Մորգից հետո հիվանդանոցների մի երկար շարան է եղել՝ Կապանի հիվանդանոցը, Սիսիանինը, որտեղ չեն կարղացել բուժել ու բեկորը թողել են մեջքի հատվածում, Կանազի հոգեբուժարանը, րոտեղ կոնտուզիաներն են փորձել վերացնել, «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետազոտել են ու տեսել են մեջքի բեկորը։  Բայց հետազոտությունների պատասխանները իրեն չեն տվել, փող են ուզել, որն ազատամարտիկը չունի։  «Դիմել եմ նախարարություն, որ գոնե անվճար բուժօգնություն ստանամ, ասել են՝ դու ցուցակներում չկաս», գանգատվում է նա։ Բողոքել է  ՄԻՊ գրասենյակ, ԱԱԾ, ՊՆ։ «Զինկոմիսարիատում արձանագրված է, որ ես մեկնել եմ Քելբաջար, Կուբաթլու, Կուբաթլուում ստացած զենքը գրանցված է: Ասկոլկես էլ «ժիվոյ» վկա։ մեկ ա, չեն ճանաչում ինձ պատերազմի մասնակից»։

Այսօր Լևոն Խաչատրյանը բազմաթիվ բեկորներ ունի մարմնում, այդ թվում ողնաշարի ողերի արանքում՝ 1,6 սմ, գլխի ձախակողմյան կիսագնդում։ 80 հազար դրամ է տվել ԿՏ –հետազոտության համար, որ ստանա այս փաստաթղթերը՝  ազատամարտիկի համար մի ահռելի հարստություն։ Բայց նրան այդպես էլ չեն ճանաչում  պատերազմի մասնակից։

«Եթե չեմ եղել մարտերում, որտեղի՞ց են այդ բեկորները, ինչո՞ւ են իմ ընկերները , Արտաշատի զինկոմ Արայիկ Մուրադյանը գրել, ստորագրել , որ ես մասնակցել եմ պատերազմի», — վրդովվում է Լևոնը։ Նա ցույց է տալիս հավաստագիր վերնագրված փաստաթուղթ, որտեղ կան բազմաթիվ ստորագրություններ ու անձնագրերի համարներ այն տղաների, որոնք կռվել են Լևոնի հետ, և կա զինկոմ Մախնոյի ձեռքով գրված տեքստը․

«04․10․ 2020 թվականի Լևոն Վոլոդյայի Խաչատրյանը զորակոչվել է զորահավաքային ծառայության ․․․ զորամաս /զորամասի համարը չենք հրապարակում – Ս․Ս․/,  ծառայել է իմ կողմից ղեկավարված ջոկատում, որի կազմով բարձրացել ենք Քարվաճառի դիրքեր։ Այնւհետև ես իջել եմ դիրքերից։  26․ 10 2020 թվականի Լյովա Վոլոդյայի Խաչատրյանը կրկին զորակոչվել է ծառայության, ․․․ զորամաս, իմ գլխավորությամբ մասնակցել է Կուբաթլիի շրջանում ծավալվող պատերազմական գործողություններին, ստացել է  բեկորային վիրավորում, և տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ», — գրել ու իր ստորագրությամբ հաստատել է զինկոմ Մուրադյանը և Լևոնի մյուս ծառայակից ընկերները։ Բայց ՊՆ-ն ոչ բժշկական եզրակացություններն է հաշվի առնում, ոչ կրված տղաների վկայությունները։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest