Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ են: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է՝ փորձաքննության եզրակացության համաձայն, զինծառայողների մահը վրա է հասել «ածխածնի մոնօքսիդից (շմոլ գազ) և այրվածքային շոկից»։ Նույն եզրակացության համաձայն, փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
«Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները», -նշում է Նորիկյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 4-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:
Քրեական վարույթի շրջանակներում կա 5 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:
Եղիշե Հակոբյանը, որը դեռևս փետրվարին 4 ժամ շարունակ ցուցմունք էր տվել, դեռ չի ավարտել: Նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանն ասում է՝ օբյեկտիվ պատճառներով չի կազմակերպվել հարցաքննության երկրորդ մասը: «Ես որոշ անձնական խնդիրներ ունեի, բացի այդ էլ, նախաքննությունն իրականացնող քննիչը փոխվել է, հիմա քննությունն իրականացնում է զինվորական քննչական վարչության ՀԿԳ քննության վարչության քննիչը», -Forrights.am-ին ասում է Սարգսյանը:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքներ ինքը դեռ չի ստացել, փոխարենը ստացել են դատագենետիկական, դատաքիմիական, դատաթմրաբանական փորձաքննությունների եզրակացությունները: Դատագենետիկական փորձաքննության տվյալները վերաբերել են զոհված զինծառայողների դիակների նույնականացմանը, դատաքիմիական փորձաքննության տվյալներով կենդանի մնացած անձանց մոտ ալկոհոլի առկայություն չի հաստատվել, իսկ դատաթմրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, որևէ մեկի արյան և մեզի մեջ թմրանյութ չի հայտնաբերվել:
Բայց ուշագրավ է, որ նույն տարածքում թմրանյութի հայտնաբերման փաստի առթիվ մեկ այլ քրեական վարույթ է հարուցվել, որը միացվել է հրդեհի վերաբերյալ քրեական վարույթին:
Հարցին՝ այսինքն՝ զինվորական կացարանում թմրանյո՞ւթ է շրջանառվել, Սարգսյանը հստակ պատասխան չունի. «Չգիտեմ՝ շրջանառվել է, թե ոչ, միայն գիտեմ, որ մինչև հրդեհի դեպքը քրեական գործ է հարուցվել, որը միացվել է հրդեհի գործի վարույթին»:
Հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանն ասում է՝ դատաթմրաբանական փորձաքննության արդյունքները իրենց չեն բավարարել և պահանջել են, որ նոր փորձաքննություն անցկացվի: «Փորձաքննության արդյունքներով ասում են, թե նրանք թմրամիջոց չեն օգտագործել, բայց մենք պահանջեցինք, որ նորից էդ փորձաքննությունն իրականացվի», -Forrights.am-ին փոխանցում է Գրիգորյանը: Նրա խոսքով, իրենց հայտնի է, որ կենդանի մնացած զինծառայողներից մեկը հաստատ թմրանյութ օգտագործել է, այդ պատճառով էլ անվստահություն է առաջացել փորձաքննության արդյունքների նկատմամբ:
Ինչ վերաբերում է թմրանյութի հայտնաբերման վերաբերյալ քրեական վարույթին, Գրիգորյանն ասում է՝ ինքը հաճախ է այցելել թոռանը զորամաս, «երեխեքը մաքուր էին, ըտենց բան չէին անի»:
Ընդհանուր զորամասում 22 զինծառայող է եղել, 7-ը փրկվել են, մեկը եղել է արձակուրդում, 15 զինծառայող էլ մահացել է: Նախաքննության ընթացքի, առաջ քաշված վարկածի ու դրա շուրջ զարգացումների մասին շատ հարցեր են կուտակվել զոհվածների հարազատների մոտ: Գրիգորյանն ասում է՝ զինդատախազությունից խոստացել են հանդիպում ունենալ իրենց հետ: «Անհամբեր սպասում ենք հանդիպմանը, որ բոլոր հարցերը տանք, հասկանանք ինչ է տեղի ունեցել, որ մութ անկյուններ չմնան մեր մոտ: Եթե էդ հանդիպումը չլինի, ուժեղ ցույց ենք անելու», -նշում է Արտյոմ Գրիգորյանը:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: