Մարտի 7-ին Մելանիա Արոյանի ծննդյան օրն էր՝ Ջեբրայիլում 44-օրյա պատերազմի օրերին զոհված Ազիզ Աղաջանյանի մայրիկի։

Մելանիայի Մարտի 8-ն ու ծննդյան օրը՝ Մարտի 7-ը Ազիզը երբեք չէր մեկտեղում։ Նա երկու օր շարունակ շնորհավորում ու մեծարում էր մայրիկին՝ նվերների, ծաղիկների, անակնկալների երկօրյակ սարքելով նրա համար։ Նույնն էր անում երկու քույրերի ու տատիկի համար։ հիշում է, որ իրեն ուրախացնելու գործին որդին միշտ շատ լուրջ է վերաբերվել։ Նույնիսկ այն սարսափելի գիշերը՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին,  Ազիզի վերջին գործն է եղել մորը նամակ գրելը։

«Ամսի 18-ի լույս 19-ի գիշերը նա ինձ նամակ գրեց՝ ամեն ինչ նորմալ է, մամ, ուղղակի կապ չկա, քաղցրս։ Նա միշտ զանգում էր, հենց  հաջողացնում էր, ու ինձ միշտ հանգստացնում էր՝ ասում էր, մեզ մոտ շատ խաղաղ է, ոչ մի բան չկա, այն դեպքում, երբ հրետանին առաջին գիծ կռիվ էր անում։ Մենք շունչներս պահած իրա խաբարին էինք սպասում, որ գրեց, հոգոց հանեցի ու հանգստացա, որ ամեն ինչ նորմալ , բայց  ինչ իմանայի, թե ինչ հրետակոծություն է այնտեղ ու ինչ է սպասվում, թե ինչ վիճակի մեջ է։ Գիշեր էր․․․Ինչ իմանայի, որ տղաս այդ պահերին դժոխքի միջով է անցնում”, — հիշում է մայրը։

Մայրը ասում է, որ որդին ընկերներին էլ էր հորդորում՝ զանգեք ձեր մայրերին, որ իմանան, որ ամեն ինչ լավ է, չիմանան, ինչ վիճակ է։ Այս ամենը Մելանիան հետո է իմացել, որդու ընկերներից։ ”Նա թեժ կռվիս հետո զանգում էր ինձ, ու իրեն  հարցնում էին՝ Ազիզ, դու հիմա կարող ես խոսե՞լ։ Հալա»լ։

Այսօր նա դառնությամբ է մտաբերում որդու  բանակ գնալը, անգամ այն, որ Ազիզը  ուրախ էր, երբ Մեղրու զորամասից իրեն և ընկերներին տարան Արցախ։

«Նա այնպես է ուրախացել, որ գնում է Ղարաբաղ, կարծես, ուր էր գնում։ Իմ տղան ամենաթեժ կետերում է կռվել, բայց ինձ ասում էր՝ ամեն ինչ լավ է, չանհանգստանաք, ու ես մարդկանց այստեղ հույս էի տալիս, չիմանալով, թե նա ինչ դժոխքում է», — ասում է Մելանիան։ Մինչ օրս էլ չի հասկանում՝ ինչու գնաց, ինչի համար զոհվեց որդին։ 

Ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանը Ամերիկյան համալսարանի ուսանող էր։ Մայրը պարծենում է՝ փայլուն անգլերեն էր սովորել, իր ուժերով էր ընդունվել, առանց հարցազրույցի։ Ընդունվեց ու նույն տարում՝ 09․07․2019 թվականին զորակոչվեց։ Հոկտեմբերի 3-ին մեկնեց Ջեբրայիլ, որտեղ զոհվել է հոկտեմբերի 19-ին, գիշերը 1։30-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իրենց հաշվարկից միայն ինքն է զոհվել։ Ոտքով 40 կիլոմետրից ավելի քայլելիս են եղել։ Քայլելու ժամանակ էլ հարվածել է ԱԹՍ-ը։

Սեպտեմբերի 26-ից Ազիզը պատրաստվում էր ծնողների հետ հանդիպման։ Նրանք պետք է գնային Մեղրի՝ որդուն տեսնելու։ Բայց 27-ին սկսվեց պատերազմը։ Հոկտեմբերի 2-ին Ազիզի հայրը այնուամենայնիվ գնաց որդուն տեսնելու, իսկ հաջորդ օրը նրան տարան Ղարաբաղ։

Աննա Հակոբյանը ասում է, որ իր կյանքում երջանիկ հայ կին չի հանդիպել, համամի՞տ եք՝ հարցնում եմ Մելանիա Արոնյանին։

«Թող գար մեր տուն ու տեսներ մեր երջանկությունը։ Մեր տան մեջ գրկելն ու համբուրելն ամեն վարկյան էին։ Ափսեներ էի լվանում, գալիս էր, ասում էր՝ երկու րոպե ինձ չես տրամադր՞ի։ Ու էնպես էր գրկում ու համբուրում, որ շունչս կտրվում էր։ Ով է սարքել մեր պետությունը դժբախտ կանանցով լ՞ի։ Մեկ վարկյանում ուրախ ընտանիքը վերածվեց դժբախտ ընտանիքի։ Ես չեմ հետևում այդ ելույթներին, իմ հոգեկանը խանգարվում է։ Ավելի լավ է, չիմանամ, էս անարդարություններն ու քաոսը ինձ չուտեն ներսից», — պատասխանում է կինը։

Այսօր նրա կյանքը բաժանվել է երկու մասի՝ «դեպքից» առաջ և «դեպքից» հետո։ Ասում է, որ ինքն էլ է փոխվել։ Պաշտոնյաներից վիրավորված է․

«Զորամասից ոչ եկան, ոչ ցավակցեցին, ոչ ասեցին՝ ապրեք, դուք մեզ զինվոր եք տվել։ Իմ տղան այնքան  վիրավոր է փրկել, մարդկանց է հանել վառվող մեքենաների միջից”։

Այն ամենը, ինչ նախկինում իր վրա չէր ազդում, հիմա նյարդայնացնում է։

«Նյարդայնացնում  է անտարբերությունն ու տգիտությունը։ Օրերս մոտեցա թերթի կրպակին, տեսա թերթում տղայիս նկարը, ու խոսքի մեջ վաճառողը, իբր, վիշտս թեթւացնելու համար ասեց՝ մենք էլ ունենք թաղված։ Շատ վատ զգացի։ Թաղվածը ո՞րն  է, 90 տարեկան մա՞րդ էր, թաղեցին, պրծա՞ն։ Ոնց կարելի է  այդպես արտահայտվել հերոս տղաների մասին”։

Այս տարի, Մարտի 7-ին, իր ծննդյան օրը կնոջը շնորհավորելու են եկել որդու ընկերները։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest