Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ, թե Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում ինժեներասակրավորական վաշտի 15 զինծառայողները ինչի հետևանքով են մահացել: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարել է 15 զոհվածներից 13 զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Այս պահին հայտնի չէ երեխաների մահվան բուն պատճառը, չկան փորձաքննության արդյունքներ, որ հասկանալի լինի, թե ինչն է հանդիսացել նրանց մահվան պատճառ», -հայտարարել է Նորիկյանը:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 3-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով: Ի դեպ, նախաքննական մարմինը որպես հիմնական վարկած դիտարկում է հենց վարչապետի նշած տարբերակը:
Քրեական վարույթի շրջանակներում կա 3 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը և ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը:
Առաջին երկուսը կալանավորվել են, իսկ Եղիշե Հակոբյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում:
Նորիկյանը Զինված ուժերում «անտերության» հետևանք համարեց Ազատ գյուղում կատարվածը և նկատեց, որ այն պետք է դառնա «ժողովրդի համբերության վերջին կաթիլը»: «Մեր բանակը պետք է դադարի դառնալ մահվան բանակ», -ասաց նա:
Ինչ վերաբերում է հարուցված քրեական վարույթին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հայտարարեց, որ զոհված զինծառաողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին և ունեն մտահոգություն, որ ծածկադմփոց է արվելու այս գործով:
«Ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ իրենց երեխաները կամ կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու, կամ հասարակության ուշադրությունը բուն հրդեհի միջոցով շեղելու նպատակ ունի: Եթե անկեղծ ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն հավատում պաշտոնական վարկածին», -նշեց Նորիկյանը:
Նա ասաց՝ եղել է ողբերգության դեպքի վայրում, ուսումնասիրել է տեղանքը, համադրել հանգամանքները և արդյունքում կասկածի տակ է դնում պաշտոնական վարկածը:
«Հրդեհից առաջ երեխաները եղել են առնվազն անգիտակից, կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալների վրա պառկած, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող էին այդ տարածքից դուրս գալու միջոցներ չձեռնարկել կամ տարածքից դուրս եկած զինվորները ինչու չեն արթնացրել քնած զինվորներին», -հայտարարեց Նորիկյանը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ փրկարար ծառայության գնդապետը ևս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե մահացած զինծառայողների այրված դիերը հրդեհից հետո եղել են իրենց անկողինների վրա:
Սակայն այդ դրվագը զինվորական դատախազությունը շտապել էր հերքել հայտարարելով, թե «մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասենյակում՝ ննջարանի մուտքի դիմաց»:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: