Ազատ գյուղում հտնվող զինվորական կացարանում 22 զինծառայող է ապրել․ մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են եղել, երկուսը՝ կապիտանը և նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, ևս երկուսը՝ պահուհանների ճաղավանդակներից: Այդ մասին «Լուրերի» հետ զրույցում ասել է Զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

«Մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասենյակում՝ ննջարանի մուտքի դիմաց»։ Նրա խոսքով սա ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի դուռը փակված չի եղել․ «Այս հանգամանքի շուրջ այս պահին դեռեւս քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան գործողություններ»։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում ՆԳՆ ՓԾ պետ տեղակալ Արսեն Սարոյանի խոսքին, թե զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, Մարտիրոսյանն ասել է, որ այդ հանգամանքը ևս մանրամասն քննության առարկա է դարձել․

«Տվյալ պաշտոնատար անձը հարցաքննվել է և իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը, մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած աշխատակիցների հետ եւ նրանց փոխանցած բանավոր տեղեկությունները այլ կերպ է ընկալել»։

Մարտիրոսյանի խոսքով Սարոյանն իր ցուցմունքում ասել է, թե աշխատակիցները իրեն ասել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, իսկ ինքը ընկալել է, թե մահճակալների վրա պառկած են հայտնաբերվել։

Զինդատախազության պաշտոնյան անդրադարձել է նաև ավտոբենզինի շուրջ հակասություններին՝ նշելով, որ 2023 թ․ հունվարի կեսերից այդ ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված հինգլիտրանոց պլաստմասե տարաների մեջ, անձնակազմն այն պահել է կացարանին կից բացազատված ավտոհավաքակայանում, իսկ այն տրամադրվել է հատուկ տեխնիկաների շարժիչները գործարկելու համար։

«Դեպքի օրը՝ նախքան հրդեհը, ավտոհավաքակայանում եղել են թվով 10 տարաներ, որոնցից 9-ը դեպքից հետո տեղանքի զննությամբ հայտնաբերվել ու առգրավվել են, այսինքն՝ փաստացի պակասել է մեկ հինգլիտրանոց ավտոբենզինով տարա», — նշել է նա։ Պաշտոնյան ասել է, որ համաձայն նախաքննության տվյալների, սպան այդ տարան օգտագործել է նախասենյակի վառարանը վառելու համար։

Քննությամբ պարզվել է, որ տան հակահրդեհային վահանակներ տեղադրված չեն եղել, իսկ նախնական տվյալներով կացարանի հատակը, և ննջարանի մուտքի դուռը եղել են փայտյա․ «Տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ ստորաբաժանմանը չեն հատկացվել հակահրդեհային պատպանության միջոցներ, նման միջոցներով անձնակազմը ապահովված չի եղել: Բացի այդ, ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը օրենքի պահանջ է»։

Pin It on Pinterest