Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն անդրեասյանը, կարծես, որոշել են նոր թափ հաղորդել դատավորների վեթինգին։ Նրանց լիազորությունները դադարեցնող որոշումներ են ընդունվում մեկը մյուսի հետևից, բայց միևնույն  է, գործընթացի նկատմամբ հանրային վստահություն չկա։

Անցյալ շաբաթ Բարձրագույն  դատական խորհուրդը  միաժամանակ երկու դատավորների լիազորությունները դադարեցնելու որոշումներ ընդունեց՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի։ Երկուսն էլ վատ համբավ չունեին դատական համակարգում, և որոշումներն այս շատերին զարմացրեցին։ Մանավանդ, որ պատճառներն այնքան էլ ծանրակշիռ չէին։

Սուրեն Անտոնյանին Արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահը որոշեցին «պատժել» այն բանի համար, որ նա տարիներ առաջ նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, բայց 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել։ Ստացվում է, որ դատավորը երկու  իրարարմերժ որոշումներ է կայացրել նույն գործով։ Մյուս կողմը դիմել է ՄԻԵԴ,  2015 թվականին հաղթել է ու փոխհատուցում է ստացել Հայաստանի Հանրապետությունից։  Սուրեն Անտոնյանը չի ընդունում իր մեղավորությունը և պատրաստվում է բողոքարկել ԲԴԽ որոշումը։

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի գործով ԲԴԽ-ն պարզաբանել է, որ «դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ»:

ԲԴԽ-ն համարում է, որ դատավորը կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հեղինակազրկել է դատական իշխանությունը:

Ալեքսեյ Սուքոյանը հրաժարվեց մեկնաբանությունից, քանի որ դեռ չի ստացել իր վերաբերյալ ԲԴԽ որոշման պատճառաբանական մասը։ Ասաց, որ որոշումն իր համար անհասկանալի է։ Մինչև կենսաթոշակի գնալը նա ընդամենը 2 ամիս ուներ։

ԱԺ նախկին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը Հայաստան ում վեթթինգի գործընթացի նախաձեռնողներից ու առաջին պահանջողներից, գտնում է, որ դատավորների այս լիազորությունները դադարեցնելը «սելեկտիվ որոշումներ» են, որոնք չեն կարող փոխել համակարգը։

«Ոչ ոք չի հասկանում՝ ինչու Սուքոյանը, բայց ոչ Մնացական Մարտիրոսյանը։  Ես պատկերացնում եմ, իհարկե, պատճառներն էլ գիտեմ։ Բայց ակնհայտ է, որ այս ոչ թափանցիկ գործընթացները չեն կարող հասարակության մոտ դատական համակարգի նկատմամբ տարիներով ձևավորված բացասական վերաբերմունքը փոխել։ Այս իրավիճակում, երբ վեթինգ՝ համակարգի զտում, չի արվել ու ոնց որ չի էլ արվելու, միշտ իշխանության կամք կատարող Մնացական Մարտիրոսյանը և իր նմանները մնում են անփոխարինելի», — ասաց նախկին պատգամավորը։  Forrights.am-ը մի քանի հարց ուղղեց Արման Բաբաջանյանին։

Ասում եք, գիտեք, թե ինչու են սելեկտիվ որոշումներից սկսել, ոչ թե, ասենք, Մնացական Մարտիրոսյանի գործողություներից, ինչո՞ւ։

Կամք չկա, համակարգում ահռելի ներքին և արտաքին ազդեցություններ են գլուխ բարձրացրել։ ԱԱԾ-ն ահռելի ազդեցություն ունի դատական իշխանության վրա։ Նախկին իշխանությունը մնում է ամենաազդեցիկը։ Դատական իշխանության ահռելի մասը Ռուսաստանի կողմից հավաքագրված գուծակալներ են։

Որոշակի համերաշխություն է նկատվում Արդարադատության նախարարի եւ ԲԴԽ նախագահի միջեւ։ Որքանո՞վ է սա նպաստում արդար որոշումների ընդունմանը։

-Նախարարն ու ԲԴԽ-ն պետք է հակակշռեն միմյանց ոչ թե ներդաշնակորեն աշխատեն։ Սա ամենակազուսայինն է ներկայում։

2-3 տարի առաջ Մարտի 1ի գործերով դատավորների վեթթինգի գործընթաց էիք նախաձեռնել։ Ուսումնասիրում էինք նրանց լսած քրեական գործերը, հանցագործության մասին հաղորդում էիք պատրաստում։ Ի՞նչ եղավ այդ աշխատանքը։

Այո, պատգամավոր էի այդ ժամանակ։ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ  ՀԱԿ-ի բազայի վրա ահագին աշխատեցինք, մարդկանց հանդիպեցինք։ Բայց այն ժամանակ կամք չուներ իշխանությունը  Մարտի1-ի գործերով դատավորներին պատասխանատվության ենթարկելու։ Համակարգային ոչինչ չարվեց, դրա համար էլ Մնացական Մարտիրոսյանը մնում է անփոխարինելի։

Հիշեցնենք՝ 2020 թվականի ամռանը Արման Բաբաջանյանը և ՀԱԿ ներկայացուցիչ  Արմեն Խաչատրյանը «Մարտի 1»-ի գործերով առնվազն 35 դատավորների կայացրած ակտերի ուսումնասիրություն էին կատարել, սակայն  արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացն այդպես էլ  տեղի չունեցավ։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest