ՄԱԿ-ի արդարադատության դատարանում հունվարի 31-ին ավարտվել են Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի եւ Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի գործերի շրջանակներում հանրային լսումները։ Այժմ Դատարանը կսկսի քննարկումը, ասվում է կայքում։

Հայաստանը՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի մեջ  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում իրականացվող գործողությունները որակել է «էթնիկ զտմանն ուղղված աղաղակող գործողություն»։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ վտանգի առջև են կանգնել Արցախի հայերը։

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել», — հայտարարել է Կիրակոսյանը՝ շարունակելով. — «Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է»։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն 50 օր փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը. այս պահանջը հայկական կողմը 4 օր առաջ հրատապ կարգով է ավելացրել իր դիմումում։

Իր հերթին ՄԱԿ-ի դատարանում ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ պնդելով, որ իրենք «նոր ապացույցներ ունեն»։

«Ադրբեջանը նոր ապացույցներ ունի, որ Հայաստանը շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքները։ 2021 թվականին Ադրբեջանում հայտնաբերվել է հայկական արտադրության ավելի քան 2700 ական։ Այդ ականների մեծ մասը հայտնաբերվել է քաղաքացիական բնակավայրերում»,- նշել է նա:

Նա նաեւ ասել է, որ «Ադրբեջանն հաստատել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի առաջ, որ չի ստիպել եւ չի կարող Լաչինի միջանցքը փակի, քանի որ համաձայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակաղմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»։ Բացի այդ, նա ասել է, որ ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտնում են, որ նպատակ չեն ունեցել փակել ճանապարհը, եւ տասնյակ մեքենաներ Կարմիր խաչի ուղեկցությամբ ամեն օր անցնում են այս ճանապարհով։

Փաստորեն, Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը փակում է ճանապարհը՝ էթնիկ զտում իրականացնելու նպատակով, Բաքուն էլ երեք հակափաստարկ է նշում․ այդ ճանապարհով ականներ են տեղափոխվում, ճանապարհը իրականում փակ չէ եւ Ադրբեջանը չի կարող փակել միջանցքը, քանի որ այն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։

Հայկական կողմը մանրամասն անդրադարձել եւ հերքել է Բաքվի ներկայացված երկու հակափաստարկները։

Դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախ ասել է՝ Մամեդովն ինքն է նկատում, որ միայն Կարմիր խաչի համար է ճանապարհը բաց, իսկ Արցախի հայ բնակչության համար այն փակ է մնում։

«Շրջափակման ամբողջական վերացումից և հանրային ծառայությունների մատուցման անխոչընդոտ վերսկսումից բացի, որևէ այլ քայլ չի կարող թեթևացնել այն զրկանքները, որոնք կրում են այս դաժան շրջափակման զոհերը», — Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսը։

Ինչ վերաբերում է ականապատման, Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Ադրբերանը որպես ապացույց ներկայացվող ականները հանել է իր կողմից զավթած Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Այդ հարցին ավելի վաղ անդրադարձել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն ասել է, թե ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում։ «Արմենպրեսի» հետ զրույցում նա ասել է․ «Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին։ Այժմ ադրբեջանական կողմն իր այդ գործողությունները պատճառաբանում է ականների տեղափոխմամբ»:

Միրզոյանը ասել է, որ Հայաստանն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել, շարունակել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից», — ասել է նախարար Միրզոյանը:

Հայկական կողմի հակափաստարկները՝ ճանապարհի «բաց» լինելու եւ ականներ տեղափոխելու շուրջ, ինչպես նաեւ միջանցքը անհապաղ բացելու պահանջը  ապացուցվում են նաեւ ավելի քան մեկ ամիս առաջ մեկ այլ միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումով։ Դատարանը Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Բայց Ադրբեջանը անտեսել է ոչ միայն Ստրասբուրգի դատարանի, այլ նաև այլ հեղինակային կառույցների, առանձին երկրների՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջը։

Ի դեպ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել ականների վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են:

Այսինքն, ռուսական կողմը, որի խաղաղապահները վերահսկում են միջանցքն, փորձում է արդարացնել շրջափակումը։ Դա արվում է նաեւ այն պատճառով, որ հայկական կողմի հայցը դատարան ոչ թե եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի համար պատասխանատու երկու կողմերի՝ ՌԴ եւ Ադրբեջանի դեմ է, այլ միայն Ադրբեջանի։

Ի դեպ, ըստ հրապարակված նյութերի, հայկական կողմը Հաագայի դատարանում չի անդրադարձել Ադրբեջանի երրորդ եւ հիմնական հակափաստարկին՝ Ադրբեջանը չի կարող փակել մի միջանցք, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։

Ռուսական կողմի պատասխանատվությունն ակնհայտ է, ինչպես նաեւ հայկական կողմի ջանքերը չներքաշել Ռուսաստանը դատական պրոցոսների մեջ։ Երբ դատարանում Բաքվի կողմից հնչեց Ռուսաստանի հանդեպ մեղադրանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Փաշինյանն անդրադարձել է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը»:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հունվարի 31-ին եւս հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հաագայի Արդարադատության դատարանի որոշոման հրապարակումը կարող է շաբաթներ հետո լինել, ասում են մասնագետները։ Սակայն այն կարող է անակնկալ լինել հայկական կողմի համար։ Եթե Բաքուն այսուհետ եւս պնդի, որ պատասխանատուն Ռուսաստանն է, Հայաստանն էլ Ռուսաստանի դեմ հայց չներկայացնի, ապա դատարանը կարող է նույնիսկ մերժել հայկական կողմի հայցը՝ պատասխանատուների ցանկը ոչ ամբողջական լինելու հիմքով։

Նույնիսկ եթե մերժվեն Բաքվի երկու այլ փաստարկները՝ ճանապարհի «բաց» լինելու եւ ականներ տեղափոխելու մասին, Ռուսաստանի պատասխանատվության մասով դատարանը կարող է հղում անել եռակողմ հայտարարությանը եւ խորհուրդ տա Հայաստանին դիմել Պուտինին։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest