Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը, որը 26 տարի է, բանտում է, կշարունակի մնալ անազատության մեջ։ Օրերս վերաքննիչ դատարանը մերժեց նրա պաշտպանի բողոքը ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով չէր բավարարվել դատապարտյալին  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ՔԿՀ միջնորդությունը։

Արթուր Մկրտչյանի շահերը ներկայացնող փաստաբան Մոնիկա Մարգարյանը դիմել է վերաքննիչ դատարան դեռ մայիսի կեսին, պահանջելով բեկանել այդ որոշումը և կայացնել նոր դատական ակտ, բավարարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ միջնորդությունը և Արթուր Մկրտչյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատել:

7 ամիս Արթուրը սպասեց վերաքննիչի վերդիկտին և ահա, հերթական անգամ հուսահատվեց։Նա դատապարտվել է իր ծառայակից ընկերների մինչ օրս չպարզաբանված սպանության համար։ Թեև ընդունել է մեղքը և զղջացել է, Արթուր Մկրտչյանի գործում այսօր էլ մութ անցքեր կան։

2020 թվականի հարցազրույցներից մեկում Արթուր Մկրտչյանն ասել էր, որ երբեք չի կարողացել արտահայտել այն ցավն ու տառապանքը, որը 24 տարի ամեն օր ստիպում են կրել, որ իր համար գերխնդիրն է եղել թույլ չտալ, որ մարդուն սպանեն իր մեջ։

Նրա շահերի պաշտպանը վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանը իր գնահատականներում հիմնվել է պրոբացիայի ծառայության զեկույցի վրա, որը դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է համարել։ Նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր գնահատելու հիմքն էլ Ա․Մկրտչյանի կատարած հանցավոր արարքի վտանգավորության աստիճանն է։

«Եթե դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության աստիճանը որոշելիս առաջնորդվենք միայն կատարած արարքի ծանրության աստիճանով, ապա առանձնապես ծանր արարք կատարելու համար դատապարտված անձի վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը գոյություն չի ունենա և կկրի ձևական և դեկլարատիվ բնույթ, ինչն այթույլատրելի է», — ասում է փաստաբանը։

Նա 21 փաստարկ է բերել, հիմնավորելով, թե ինչու է Արթուր Մկրտչյանին անհրաժեշտ ազատել պատժի հետագա կրումից։

Հանցանքը կատարելու պահին եղել է 19 տարեկան, այժմ 45 տարեկան է, ռեցիդիվ չկա, կատարածի համար զղջում է, հատուցել է պատճառված վնասի կեսը, մնացածն էլ պարտավորվել է հատուցել, չի ընդունում քրեական ենթամշակույթը, 26 տարում 9 կարգապահական տույժ է ստացել և բոլորը մարվել են, վերջինն էլ եղել է 9 տարի առաջ, «Նուբարաշենում» շաշկի-շախմատի առաջնության, այլ միջոցառումների է մասնակցել, խոարարության դասընթաց է ավարտել, և այլն, և այլն, քրոնիկական հիվանդ է վերջապես, ունի վիրուսային հեպատիտ բ և ց։

«Դատարանը Ա․Մկրտչյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելը նպատակահարմար չի համարել, քանի որ  պատժի կրման ընթացքում նա ենթարկվել է տույժերի, ունի չմարված քաղաքացիական հայց, տուժողների իրավահաջորդները առարկել են նրա ազատման դեմ։

«Բայց 2013 թ-ից հետո պաշտպանյալս որևէ կարգապահական տույժի չի ենթարկվել, այլսինքն նախկինում ստացած տույժերը մարված են, հետևապես այս հանգամանքը չէր կարող որևէ կերպ ազդել Ա․Մկրտչյանի վաղաժամկետ ազատման հարցի լուծման վրա, քանի որ հակառակ դեպքում ստացվելու է, որ նա առհասարակ զրկվելու է վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից», — ասվում է բողոքում։

Սակայն այս բոլոր տեղեկություններն ու փաստերը դատարանի կողմից չեն վերլուծվել, չեն գնահատվել։ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, թողնելով Արթուրին «Նուբարաշենում»։ Մոնիկա Մարգարյանն ասում է, որ դեռ չի ստացել դատարանի հիմնավորումները։ Նրան մի քանի հարց ուղղեցինք։

Ինչո՞ ւ են ունենալով հստակ փաստարկներ ի օգուտ ցմահների, դատավորները հիմնականում խուսափում են նրանց ազատելուց։

  • Իմ տպավորությամբ, տաբու է դրված ցմահ դատապարտյալների գործերի վրա։ Ոչ թե նրանց արգելել են վաղաժամկետ ազատման դիմումները բավարարել, այլ նրանք կաշկանդված են, ընդ որում՝ բոլորը։
  • Այսինքն, ինչո՞վ են կաշկանդված, հրահա՞նգ ունեն վերեից։
  • Ես չէի ասի, որ ինչ-որ հրահանգ կա։ Միշտ են իրենք կաշկանդված եղել ու քանի որ այդ տաբուն եղել է, հիմա էլ շարունակվում է։ Մտածում են՝ դե որ ցմահ են տվել, թող նստի, մտածում են, որ կարող է պատահել, շատ մեծ արձագանք լինի ցմահ դատապարտյալների։ Հատու կենտ, ինչ-որ արտառոց բան պետք է լինի, որ ազատեն։ Դատարանների կողմից կանխակալ վերաբերմունք կա։
  • Դատական նիստի ժամանակ եղա՞վ մի հիշարժան դրվագ։
  • Դատարանում արտառոց բան չեղավ։ Անդրադարձ եղավ նրան, որ վնասն ամբողջությամբ հատուցված չի, բայց Արթուր Մկրտչյանը պաևրտավորվել է հատուցել։ Տուժողների կարծիքին անդրադարձան։ Բայց տուժողները գրեթե միշտ առարկում են մահվան ելքով գործերով, դա իրենց կարգավիճակով է պայմանավորված, իրենց դեպքում դա բնական է, բայց դատարանի համար դա չի կարող վճռորոշ նշանակութուն ունենալ, որովհետև տուժողը կողմ է, և նրա դիրքորոշումը սուբյեկտիվ է։ Ես չեմ ասում, որ դատարանը հաշվի չառնի տուժողի կարծիքը, բայց դա պետք է հաշվի առնել համակցության մեջ։ Ու եթե հարցին մոտենում ենք, որ դատարանի համար այդպես վճռորոշ է տուժողի կարծիքը, հետևապես տուժողը պետք է հիմնավորի, թե ինչու է առարկում։ Եթե զուտ նրա համար, որ իր հարազատը մահացել է ու այլևս չկա, սա հիմնավորում չի։ Մենք խոսում ենք ոչ թե պատժի, այլ վաղաժամկետ ազատման մասին։

Արթուր Մկրտչյանը դատարանում հարցրել է դատախազից՝ ծանր հանցանք կատարելու և մարված տույժեր ունենալու հանգամանքները էլ երբեք չեն փոխվելու, տուժողներն էլ կարող է հավերժ ասել՝ ոչ, այդ մարդը պետք է միշտ նստի, ի՞նչ եք անելու։ Բայց ողջամիտ պատասխան չի ստացել։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest