ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս Ազգային ժողովի քվերակության արդյունքում 75 կողմ ձայնով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ։

Այս պաշտոնը թափուր էր  Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։

Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում, էր Հայկ Գրիգորյանին առաջարկել են զինվորական դատախազի պաշտոն  սակայն անսպասելիորեն նա հրաժարվել է առաջարկից։  Փաշինյանն էլ որոշել է  ԲԴԽ տանել իր հավատարիմ կադրին։

Նա ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել Հայկ Գրիգորյանից, թեև լայն հանրության համար հասկանալի չէ, թե ո՞րն է Գրիգորյանի առավելությունը , բացի այն, որ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան ունի և քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ոչ մի անգամ իշխանությանը չի քննադատել ։

Չբացահայտման ավանդույթները շարունակվում են

Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրել է  2018-2021 թվականը։ Նա հայտնի է զինվորական գործերի ձախողված քննություններով, որպես «ինքնասպանությունների» քննիչ։ Բանակային հանցագործությունների ոլորտը Հայկ Գրիգորյանին, կարելի է ասել՝ հարազատ է։ Նման գործերի չբացահայտման ավանդույթը նա տեղափոխել է նոր, հետհեաղփոխական ժամանակներ։

2001 – 2006թթ-ից նա ՀՀ զինդատախազությունում է, 2009-ին ծառայել է ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնում, ապա եղել է 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ, իսկ  2011թին՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալն էր։ 2014թվականից էլ նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղական է եղել, ապա կոմիտեի նախագահի տեղակալ – զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

«Ինքնասպանի» վրա 20 մարմնական վնասվածք կար

2018 թվականի հոկտեմբերի 10-ին , Հայկ Գրիգորյանի ՔԿ նախագահ նշանակվելուց 3 ամիս անց Արցախի Մարտունի-2 զորամասում  սպանվեց հրաձիգ, շարքային Գևորգ Հարոյանը: Սպանության գործիքի՝ ինքնաձիգի վրա փորձագետները հայտնաբերվել էին երկու անձանց ԴՆԹ հետքեր, որոնցից և ոչ մեկը չի պատկանել Գ.Հարոյանին։ Դատաբժիշկ Մելքոնյանի եզրակացությամբ, Հարոյանը մահից րոպեներ առաջ դաժան ծեծի է ենթարկվել, իսկ կրակոցի պահին  նրա կողքին են եղել ևս 4 զինծառայողներ:

Հարոյանի մարմնի վրա առկա են շուրջ քսան մարմնական վնասվածքներ, որոնք զոհված տղան ստացել է տարբեր ժամանակահատվածներում՝ մահից յոթ և ավելի օր առաջ, երեք օր մահվանից առաջ, ապա նաև մահվանից վայրկյաններ, կամ մեկ-երկու րոպե առաջ: Բայց և այնպես քննիչները սպանության վարկածը չեն դիտարկել և երեք տարի քննելուց հետո կիսատ-պռատ, թերի քննված, ինքնասպանության կեղծ վարկածով ուղարկել են Ստեփանակերտի դատարան։

«Ինքնասպանվեց» գնդացիրից երկու մենահատ կրակոց արձակելով

Հայկ Գրիգորյանը որպես ՔԿ նախագահ համակարգել է նաև 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Գասպարյանի գործով նախաքննությունը՝ ևս մի կեղծ ինքնասպանություն, որի համար քննիչները երկու տարի քննելուց հետո չկարողացան գոնե մեկ ծանրակշիռ դրդապատճառ գտնել, բացատրություն, թե ինչու հանկարծ կենսուրախ, փարթամ, կայուն հոգեկերտվածքով երիտասարդը ծառայակցի հետ վեճերի պատճառով հանկարծ որոշեց հեռանալ կյանքից։

Այս խայտառակ քննությունը ևս Գրիգորյանի խղճին է։ Երիտասարի սպանութունը չի բացահայտվել։ 2020 թվականին  գործով վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի /անձանց/ հայտնի չլինելու» հիմքով։

forrights.am կայքը բազմիցս է անդրադարձել փաստերին և հանգամաքներին, որոնք բացառում են ինքնասպանությունը՝

Արթուրը չէր կարող գնդացիրից ինքն իր վրա արձակել երկու  մենահատ կրակոց, քանի որ կմահանար առաջին իսկ կրակոցից, Գասպարյանի մարմնին եղել են բազմաթիվ վնասվածքներ, իսկ հագուստի վրա՝ պատռվածքներ, դարջնագույն հետքեր /հավանաբար, արյան – Ս․Ս․/, որոնք վկայում են, որ նրան բռնության են ենթարկել, քարշ են տվել գետնով, վկաների ցուցմունքներն իրար հակասել են,  ավելին, Արթուրի մահից հետո սպանության հետ կապ ունեցող անձը վիրավորական գրառումներ է ուղարկել Արթուրի մորը, վստահ  լինելով, որ չի պատժվի, և իրոք, այդ գրառումները ևս քննության առարկա չեն դարձել։ Արթուրի սպանության վայրը նրա մահից կարճ ժամանակ անց, «Ավտոբուս 3» մարտական դիրքի տարածքում, բետոնապատել են, ոչնչացնելով դեպքի վայրը, և քննիչների սխալները թողնելով բետոնի հաստ շերտի տակ։

Կախվել ու «ինքնասպանվել» է նստած վիճակում

2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Հայկ Գրիգորյանի ՔԿ ղեկավար դառնալուց մոտ 2 ամիս անց «Արա լեռ» կոչվող զորամասում, կիսաքանդ շինության ներսում հայտնաբերում են զորամասի վարորդի՝ Վանիկ Գևորգյանի մարմինը՝ վզին պարան փաթաթված։ Վանիկը թատերականի ուսանող էր, ռեժիսորի մասնագիտությունն էր յուրացնում, ակտիվ երիտասարդ էր, որպես տեխնիկ և օպերատոր դոկումենտալ ֆիլմերի նկարահանումների էր մասնակցում, ու ընկերների գ նահատմամբ՝ ում ասես, ինքնասպանության կհասցներ, բայց ինքն ինքնասպան չէր լինի։

Բայց անգամ այս տղային ՔԿ-ն թերի, ոչ պրոֆեսիոնալ քննության արդյունքում ինքնասպան դարձրեց։ Նա, իբր, կախվել էր պատուհանի ճաղավանդակից, սակայն կախվածի համար անբնական դիրքում է եղել՝ նստած վիճակում: Քննիչները անմիջապես ձեռնմուխ եղան ինքնասպանության վարկածի հիմնավորմանը, թեև տուկի թելերը, որոնցով, իբր, խեղդամահ էր եղել տղան, բոլորովին այլ տեղ էին տանում։ Վանիկ Գևորգյանը Արա լեռի զորամաս էր տեղափոխվել մահից 8-9 ամիս առաջ, «Մարտունի-3» զորամասից: Այնտեղ նա լուրջ կռիվներ է ունեցել սպաների հետ, որոնք նույնիսկ սպառնացել են տղային, սակայն «Մարտունի-3»-ի սպաները նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել։

Իրավապաշտպան, քրեագետ, զինվորական գործերով զբաղվող Ռուբեն Մարտիրոսյանի գնահատմամբ, ծանր հանցագործությունների դեպքերով նա չի հանդիպել մի գործ, որով կատարված լինի այսչափ միակողմանի և թերի քննություն՝ դեպքի վայրը ոչնչացված է, չի կատարվել զինծառայողի հագուստի փորձաքննություն, իսկ զորամասի չշահագործվող տարածքի գրունտի և Վանիկ Գևորգյանի հողաթափերի վրա առկա հողային մասնիկները չեն համընկել, ինչը կարող է նշանակել, որ վերջինիս այլ վայրում են սպանել: Ինչու էր տղան հողաթափերով դուրս եկել, գնացել 200 մետր հեռու, ինչու գոնե կոշիկ չէր հագել՝ հարցերը մնացին չպարզաբանված։

«Ինքնասպանը» մի քանի անգամ կրակել է իր գլխին

Ամենահակասական, կասկածելի քննությունը, որն իրականացվել է Հայկ Գրիգորյանի ՔԿ աշխատելու օրոք, զինծառայող Վոլոդյա Գալոյանի գործով էր։ Գործի նյութերում կան բազմաթիվ հակասություններ, չպարզաբանված հարցեր, խախտումներ, ապացույցներ, որոնք հիմք են տալիս  տուժող կողմին եզրակացնելու, որ Գալոյանը դաժանաբար սպանվել է, ոչ թե «ինքնասպանվել», ինչպես մինչև վերջ, մինչև նախաքնն ության ավարտը պնդեցին դատախազն ու երկրորդ կայազորային քննչական մարմինը։ Գործում կան բազմաթիվ հակասություններ, որոնք վկայում են, որ քննիչները միտումնավոր կերպով փակուղի են տարել այն։  19 տարեկան շարքայինի դին գտել են 2019թ․ հուլիսի 24-ին, Հադրութի զորամասի դիրքերից մեկի մոտ, չեզոք գոտում, ծնոտի շրջանում վերքով: Կողքին ընկած է եղել ինքնաձիգը:

Հետագայում, երբ գործը հարուցված էր ինքնասպանության հոդվածով, փորձաքննությամբ պարզվեց, որ Վոլոդյա Գալոյանի գլխին պատճառվել է հրազենային մի քանի ոչ ընդհուպ կրակոցներ, ինչն ինքնին բացառում էր ինքնասպանությունը և աբսուրդային էր, քանի որ այդ դիրքում՝ ձեռքը երկու մետր ձգելով, տղան չէր կարող ինքնասպան լինել։ Նրա ձեռքը չէր հասնի ձգանին: Վոլոդյայի մարմնին շուրջ 3-5 օրվա, ինչպես նաև մահվանից ժամեր առաջ հասցված բազմաթիվ վնասվածքներ են եղել, բայց թե ով է կտտանքների ենթարկել տղային, քննիչները չեն պարզել։  Ապացուցված է սակայն, որ մահվանից րոպեներ առաջ Գալյանը խոսել է իր մորեղբոր տղայի հետ և նրան հայտնել է, որ դիրքի ավագի հետ ունի խնդիր, օգնություն է խնդրել: Տղայի հագուստը չեն գտել, այն, հավանաբար, պարտակել են հետքերը վերացնելու համար։  Փորձագետերը չեն անդրադարձել տարրական հարցերի՝ թե քանի կրակոցի հետք է եղել Վոլոդյայի  մարմնին ու ինչպես են դրանք առաջացել: Դեպքի վայրից անհետացել են պարկուճներ:

ՀԳԱյսպիսի անարդյունավետ քննությունների պարագայում, Հայկ Գրիգորյանը նաև քննչականի ամենասիրալիր պետն էր։ Պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար հանդիպել է սպանված, իսկ իրականում «ինքնասպանված» զինծառայղների ծնողների հետ, խոստացել է, որ գործերը կվերանայվեն, խոստացել է օբյեկտիվ քննություն, բայց ոչինչ չրի փոխվել։ Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու ընդունակությունը, հավանաբար, Հայկ Գրիգորյանը կկիրառի նաև նոր, ԲԴԽ անդամի պաշտոնում։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest