Հակոբ Ռոստոմյանը 2020-ին թողեց իր կնոջը, երկու որդիներին եւ ծնողներին ու մեկնեց պատերազմի: Նա ավագ լեյտենանտ էր, 2009-2015 թթ. ծառայել էր հայոց բանակում: Հավանաբար նա չէր կարող պատկերացնել, որ կանցնի երկու տարի եւ Եռաբլուրում` իր շիրիմից քիչ այն կողմ ոստիկանությունը ուժ կկիրառի իր հոր եւ զոհված այլ տղաների ծնողների նկատմամբ, ապա քննություն կսկսի նրանց դեմ:

Հակոբ Ռոստոմյանը ծնվել է 1989թ. Երեւանի կենտրոնում` Կոնդ թաղամասում։ Ավարտել էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։

Հակոբի հայրը` Արան հիշում է, որ երբ պատերազմի ընթացքում ընկերները զանգահարում էին նրան ու ասում, ուզում են իր մոտ գնալ, պատասխանում էր` դուք իմ երեխաներին լավ նայեք, ոչ մեկդ չգաք, որովհետեւ էս պատերազը ծախված է:

…իսկ դիրքը ետ են վերցնում

«Տղաս ծառայել էր Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում, սկզբնական շրջանում դասակի հրամանատարն էր, այնուհետեւ հակատանկային դասակի հրամանատարն էր, իսկ 13-15 թվականները ինքը իրականացնում էր հակադիվերսիոն ջոկատի հրամանատարի գործառույթները, նաեւ պատժիչ գործողություններ էր իրականացրել հակառակորդի նկատմամբ: Այն, ինչը որ այսօր բացակայում է»,- պատմում է հայրը:

Նրա խոսքով, որեւէ մեկը չէր կարող Հակոբին ետ պահել առաջին գիծ մեկնելու մտքից` ոչ ինքը, ոչ եղբայրը, ոչ երեխաները.

«Երբ սկսվեց պատերազմը, հենց առաջին օրը զանգահարել է իր զինվորներից մեկին ու ասել` այսօր եւեթ կհասնեմ Մարտակերտ: Հենց այդ օրը չէր կարողացել հասնել, փորձել էր կամավորական մի հ/կ-ի միջոցով մեկնել, բայց երբ գնացել էր, փորձել էր ցուցակագրվել, ասել էին` վաշտի հարյուր հոգին լրացել են, սպասեք հաջորդ վաշտի գնալուն: Ինքը անհամբեր էր, չէր սպասել, հաջոորդ օրը գնաց զինկոմիսարիատ եւ ստիպեց, որ իրեն տանեն ու անպայման տանեն Մարտակերտ»:

Սեպտեմբերի 29-ին Հակոբն արդեն Մարտակերտում էր եւ նշանակվել էր արագ արձագանքման վաշտի հրամանատարի տեղակալ: Հոկտեմբերի 6-ին թշնամուն հաջողվում է դիրք գրավել, ինչից հետո դիրքը ետ վերադարձնելու հրաման է հնչել:

«Տղաս իր վաշտով գնում է հրամանը կատարելու: Մի վտանգավոր հատված է լինում, որտեղով երեքական հոգով պետք է անցնեն, արդեն համարյա հասնում են դիրքին, բայց ականանետի հարվածի տակ են ընկնում… ականը անմիջապես պայթում է իր եւ զինվորներից մեկի` Հովիկի արանքում: Երկուսն էլ ծանր վիրավորվում են: Երբ մյուս ուժերը գալիս են օգնության, ինքը հրաման է տալիս գնալ դիրքը վերցնելու ոչ թե իրեն օգնելու… ասում է` նռնակը դիր ձեռքս ու գնա… Մի երկու րոպեյից, երբ ականանետային համազարկը ավարտվում է, գալիս են, տեսնում են, որ տղաս զոհված է…իսկ դիրքը ետ են վերցնում եւ այն մինչ օրս մերն է»,- ասում է Արա Ռոստոմյանը:

«Ամեն օրը մեզ ավելի վճռական է դարձնում»

Զոհվածի հայրն ասում է, հաշվի առնելով, թե ինչ խնդիրների եւ ծանր փորձություններով են իրենք անցել այս երկու տարիների ընթացքում, ինքը չի զարմանում այս տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ ուժի կիրառման դեպքից:

Նշենք, որ ծնողների դիմումի հիման վրա այժմ քրեական վարույթ է իրականացվում, ծնողներից 18-ն արդեն տուժող են ճանաչվել: Այժմ գործով հարցաքննություններ եւ առերեսումներ են իրականացվում: Դրան զուգահեռ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել ծնողների նկատմամբ:

Արդյոք մեղավորները կպատժվեն թե ոչ, հարցին ի պատասխան Արա Ռոստոմյանն ասում է. «Մենք ընտրել ենք մեր պայքարի իրավական ճանապարհը…հիմա փորձում ենք մարդկանց մեջ շարժել այն միտքը, որ դեռ կարող է նոր զոհեր լինեն եւ պետք է մի բան անել այդ իրավիճակի հետ… հիմա ունենք ծնողների եւ զոհված տղաների բարեկամներից բաղկացած կորիզ` մոտ հիսուն հոգանոց, որը շատ ակտիվ է, նախաձեռնեցինք հանդիպումներ մարզերում, որը լավ արձագանք ունեցավ: Հիմա մենք արդեն փորձում ենք մեր համախմբմանը իրավաբանական միավորի վերածել, հաջորդ շաբաթվա մեջ արդեն կգրանցենք եւ այդ միավորի շրջանակներում կփորձենք գործողություններ իրականացնենք… Ամեն օրը մեզ ավելի վճռական է դարձնում»

Զոհվածի հայրն ասում է` ինքը հասարակությանը չի մեղադրում անտարբերության մեջ, հասկանում է, որ նման հարցերում կարեւորը իշխանության կողմից թելադրվող տրամադրվածությունն է. «Հիմա խրախուսում են, որ պետք է գնալ եւ հրապարակում հրավառություն անել, ուրախանալ, դա են անում, առանց հաշվի առնելու, որ զոհվածների երեխաներն էլ են ուզում այդ ամենից օգտվել, բայց իրենց մանկությունը խլել են, իրենց ծնողին տարել սպանել են, հիմա հրավառություն են անում: Այսինքն, եթե ինչ-որ պահի իշխանությունը այլ ձեւ մտածի, ասի, որ, օրինակ, ընդհանրապես տոնածառ չդնենք, վարչապետն ասեր` ինչ տոնածառ, երբ մենք այդքան զոհ ունենք, երբ մեր տարածքները օկուպացված են: Այդ ժամանակ նույն մարդիկ այլ ձեւ կմտածեյին»:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest