Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Արմավիրի մարզ Դալարիկ գյուղից 25 ամյա  Ռուդիկ Ալեքսանյանի ծնողները չգիտեն` իրենց որդին պատերազմում զոհվել է, թե գերեւարվել:

Պատերազմի ժամանակ Ռուդիկ Ալեքսանյանը եղել է Էջմիածնի «Քիմիական զորամասի» կազմում։ 2020թ-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում իրականացրած մարտական գործողությունից հետո 62 հոգանոց անձնակազմից 40-ը հետ չի եկել։ Հետագայում նրանցից հինգը վերադարձել է գերությունից, յոթի մարմինը նույնականացվել է, իսկ մնացած 28-ից մինչ օրս որեւէ տեղեկություն չկա։

Ռուդիկը Էջմիածնի զորամասում ծառայության էր անցել պատերազմի սկսվելուց ընդամենը մեկուկես ամիս առաջ։ «Գործերը տվեց ֆիզիկական կուլտուրայի ինստոիտուտը: Կարատեով էր զբաղվում: Երբ ավարտեց, գործերը տվեցինք ոստիկանական ակադեմիա: Երբ կորոնավիրուսը սկսվեց, դասերը ընդհատվեցին: Գարնանը պետք է արդեն դասի գնար, ամռանը ասեց` պապ, գնամ Քիմիկների չաստում աշխատեմ, զբաղվեմ, մինչեւ դասերը սկսվեն: Մեկուկես ամիս աշխատեց ու սկսվեց պատերազմը»,- պատմում է հայրը` Վիտյա Ալեքսանյանը։

Հայտնի է, որ պատերազմի ժամանակ տղաներին տեղափոխել են Կապան, որտեղից էլ հոկտեմբերի 21-ին հրաման է եղել գնալ Կովսական։ Քաղաքի դպրոցի մոտ անձնակազմն առավոտյան ժամը 8-ին մոտ մարտի է բռնվել հակառակորդի ստորաբաժանումների հետ, որից կարճ ժամանակ անց նահանջի հրաման է ստացել։ Ընտանիքի հետ Ռուդիկը վերջին անգամ խոսել է դեպքի օրը՝ երեկոյան, տեղեկացրել է, որ թաքնված է, բացատրել է տեղանքը:  Դրանից հետո նրա հետ կապվել այլեւս չի ստացվել։

Տեղի ունեցածի հետ կապված երկու տարի քննություն է ընթացել, որը ամիսներ առաջ հասել է դատարան: Մեղադրյալները չորսն են՝ Արսեն Աբգարյանը՝ զորամասի հրամանատարը, գեներալ Անդրանիկ Մակարյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը: Դատաքննությունը տեղի է ունենում  Երեւանի Հակակոռուպցիոն դատարանում:

«Կամանդիրը փախել էր, Մակարյանն էլ մեզ ասում է` վրիպակ էր, այդպես ստացվեց: Դու գեներալ մարդ, պատերազմ է գնում, վրիպակը որն է: Երեք ավտոբուսով տղաներին ուղարկել ես: 62 էրեխու դու տանում ես, ստում ես, թե 10- 15 հոգի թուրքի ասքյար կա, գնացեք սանրեք, եկեք: Խաբելով դուխ են տալիս: Չնայած տղաները լավ էլ դուխով են եղել: Ուժեղ տղերք են եղել բոլորը, տարբեր տեսակի տղերք են եղել, որոնց կենսագրությունը մենք արդեն անգիր գիտենք… »,- պատմում է Ռուդիկի հայրը:

Նա մի քանի անգամ հանդիպել է գերությունից վեադարձած տղաների հետ, սակայն բոլորը նույն բառերն են կրկնել` ասելով, թե ոչինչ չեն հիշում, ինչը զինվորի հորը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք չխոսելու հատուկ հրահանգ ունեն:

Երկու տարիների ընթացքում ծնողներին այդպես էլ չի հաջողվում որեւէ նոր բան իմանալ որդու ճակատագրի մասին, թեեւ պետական կառույցներն ասում են` հավանականություն կա, որ Ռոլանդը գերիների մեջ լինի:

Հայրն ասում է, որ անդադար հիշում է որդու հետ վերջին խոսակցությունը.

«Ես եղբորս ու եղբորս որդու հետ լցակայանում էի, մեքենան լիցքավորում էինք որ մեկնենք տղայիս օգնության: Այդ ժամանակ նա զանգեց: Ասեցի` հեռախոսիդ լիցքավորումը պահիր, որ կապի մեջ լինես… Ես նրան ասել էի` աշխատի գերի չընկնես: Հիմա եմ հասկանում, որ սխալ բան եմ ասել: Թող գերի լիներ, գար էրեխես»:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest