Forrights.am-ի հրապարակման հետքերով «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում հիվանդներից մեկի նկատմամբ իրականացված բռնության դեպքի վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» այսօր կազմակերպել էր քննարկում, որին ներկա են եղել փաստաբան Արմինե Դավթյանը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Forrights.am-ը գրել էր, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկի նկատմամբ հիվանդապահը բռնություն է գործադրել՝ ոտքով ու ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին: Հիվանդի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Դավթյանը քննարկմանը ներկայացրել է կատարվածը.

«Իմ պաշտպանյալը դաժանաբար ծեծի է ենթարկվել հիվանդապահ Գոռ Անտոնյանի կողմից: Վերջինը մինչ այդ սպառնացել է հիվանդին, որ երեկոյան «քո հալը կտեսնես» Ծեծը տեղի է ունեցել հիվանդասենյակում, որտեղ այլոց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ձայներից իմ պաշտպանյալը արթնացել է քնից, փորձել է հանդարտեցնել վիճողներին: Այդ ժամանակ հիվանդասենյակ է մտել Գոռ Անտոնյանը, հարմար առիթը բաց չթողնելով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, գլուխը ձեռքով բռնելով հարվածել է մահճակալի երկաթյա ձողերին, այնուհետև ոտքով հարվածներ է հասցրել իմ պաշտպանյալի որովայնին ու մարմնի տարբեր մասերին»:

Քննարկմանը հրաժարվել են ներկայանալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը և հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:

Արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի հայտարարությանը, թե հիվանդի լուսանկարները իրենք դիտել են և բռնության հետքեր չեն նկատել, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատել է, որ ցանկացած պարագայում բռնության մասին ահազանգի դեպքում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները պետք է մեկնեին դեպքի վայր:

«Հատկապես փակ համակարգերում, երբ բռնության մասին ահազանգ կա, անմիջապես պետք էր այցելել, և հավաստիանալ՝ կա՞ բռնություն, թե՞ չկա բռնություն: Ես կարող է խոչընդոտ ունենայի, բայց ՄԻՊ գրասենյակն այդ հարցում խոչընդոտ չունի», -ասել է Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով, փակ համակարգերը, ինչպիսին են՝ բանակը, հոգեբուժարանները, քրեակատարողական հիմնարկները, խոցելի են, քանի որ այդ վայրերում ամենաանպաշտպան մարդիկ են հայտնվում: «Հոգեկան առողջության կենտրոնները ավելի փակ համակարգ են, քան բանտերն ու բանակը: Սթրես է՝ երբ պատկերացնում ես, որ անպաշտպան հիվանդին այդ հաստատությունում ծեծել են: Ամենացնցողը ինձ համար այն էր, որ հիվանդապահը նախկին ոստիկան է եղել: Ամբողջությամբ հակառակ պորֆիլի մասնագետ է նա, և այդ կենտրոններում պետք է ընտրվեն ու աշխատեն կարեկցող մարդիկ: Ընդհանրապես ընդունված է, որ փակ համակարգերում ամբողջ մեղքը բարդում են զինծառայողի, դատապարտյալի, հիվանդի վրա», -նշել է Ալեքսանյանը:

ՄԻՊ գրասենյակից ներկայացրել էին, որ Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքում մի քանի տարի առաջ կատարված փոփոխությունների համաձայն, ֆիզիկական ուժի կիրառում կարող է լինել զսպման նպատակով, ինչը նշանակում է, որ եթե հիվանդը ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, ապա նրա նկատմամբ կարելի է ֆիզիկական ուժ կիրառել: Ժաննա Ալեքսանյանը դա սարսափելի է համարում և ընդգծել է՝ դա նպատակ ունի արդարացնել հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմի անօրինական գործողությունները:

«Ի՞նչ են անում այդ հիվանդները: Եթե ինչ-որ բան էլ անում են, ուրեմն բժիշկը վատ է աշխատում, ուրեմն անձնակազմը վատ է աշխատում, որ նա ուժի կիրառումն է թույլ տալիս: Կարող եք ներքին կարգ մշակել և ըստ այդմ աշխատել», -նշել է Ալեքսանյանը:

Քննարկման մանրամասները՝ այստեղ

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest