Նոյեմբերի 9-ը պատերազմի վերջին օրն է։ Իսկ այսօր արդեն՝ նոյեմբերի 10-ին պարտությունն ու կապիտուլյացիան այլևս փաստեր էին, որոնք 180 աստիճանով շրջեցին հարյուր հազարավոր  հայաստանցիների կյանքը։ Հանրային հեռուստատեսությունն այդ օրը ուշ երեկոյան ուրախ համերգ էր ցուցադրում։ Իսկ ռազմական փորձագետ Մհեր  Հակոբյանը, արտահայտելով շատերիս տրամադրությունը, հայտնի  սոցցանցի իր էջին գրել էր․ «Իմ կյանքի ամենասև օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 10: Այսօր դրա երկու տարին է, մի օր, երբ իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ դրանից առաջ և հետո․․․ԱՅՍՊԵՍ ԿԱՐՈՂ ԷՐ ՉԼԻՆԵԼ»։

2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ էության հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի, ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների վերադարձի  մասին,  անցած երկու տարում լիարժեք  կատարված չէ։

Գերիներին  չեն հանձնել, կրակը և ռազմական գործողությունները չեն դադարել, այլ պարբերաբար վերսկսվում են, նոր տագնապի ու ընկճախտի գիրկը նետելով մարդկանց։

Վերջին երկու տարում Արցախն ու Հայաստանը նոր զոհեր ունեցան, տարածքային  նոր կորուստներ, իսկ սեպտեմբերի 13-ին՝ նոր հարձակում, այս անգամ արդեն Հայաստանի տարածքի վրա, ու  նոր փոքրիկ պատերազմ։

Համաձայնագրով կողմերը պարտավորվում էին կանգնել իրենց զբաղեցրած դիրքերի վրա՝ կետ, որը ևս մնաց թղթի վրա։ Ադրբեջանական զինուժը մխրճվեց Հայաստանի տարածք, դիրքավորվելով Ջերմուկից 4,5 կմ հեռավորության վրա, Սյունիքում ՝ Իշխանասարի հատվածում, Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրի ուղղությամբ, իսկ Արցախում՝ Փարուխ գյուղում, գրավելով Քարին տակ բարձունքի մի մասը։

Պատերազմից երկու տարի է անցել, սակայն մինչ օրս չի հրապարակվել զոհերի ճշգչրիտ թվաքանակը։ Վարչապետը 2021 թվականի օգոստոսի 24-ին խորհրդարանում ներկայացնելով 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, ասաց, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3773 զոհ, 243 անհետ կորած:

Ըստ քննչական կոմիտեի, 2022 թ. հունվարի դրությամբ  ՀՀ-ում և Արցախում զոհվածների ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ, անհայտ կորած են 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ոչ պաշտոնապես շրջանառվում է 5000 թիվը։

Թե քանի կիլոմետր է առաջ գնացել թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքով՝ ևս մինչ օրս հստակ չի հայտարարվում։ Պաշտոնյաները հակասական տվյալներ են հրապարակում։

Վարչապետ Փաշինյանը երկու թիվ է հնչեցրել՝ որ 2021 թվականին Ադրբեջանը 41 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ սեպտեմբերի 13 հարձակման ժամանակ՝ 10։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը բարձրաձայնել է 127 կիլոմետրի մասին։ «Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», — ասել է նա Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ երկրների խորհրդարանների խորհրդակցության ժամանակ։ Հեձտագայում սակայն նա չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու է իր նշած տվյալը հակասում Փաշինյանի հայտարարածին։ Հակված ենք հավատալ ծնունդով սյունեցի պատգամավորին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ  հոկտենբերի վերջին  տեղեկացրեց լրագրողներին, որ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացումը ավարտվել  է, եղել են մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել  ոչ Հայաստանում, ոչ այլ երկրներում։

Փաստորեն, նույնականացման գործընթացը տևել է 2 տարի։ Ինչպես հայտնի է, զոհվածների հարազատների  մի մասը չի ընդունում նույնականացման արդյունքները, և հոկտեմբերի դրությամբ մոտ 100 դիակներ դեռ դիահերձարանների նկուղներում են։

Սրանով չի ավարտվում մեր պարտության զարհուրելի հետքը։ Մեկ տարի առաջ Բաքուն նշում էր, որ 40 գերի կա Ադրբեջանում։  Նույնն ասում էին մեր իշխանավորները։ Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը սակայն այդ նույն  ժամանակ, այսինքն՝ մեկ տարի առաջ վստահեցնում էր, որ հստակ ապացույցներ ունի, որ իրական թիվը 3 անգամ ավելի է։ «Մեր իրավապաշտպանական գործունեության արդյունքում մենք կարողացել ենք հիմնավորել ևս 80 անձի գերեվարման հանգամանքը», — ասում էր նա։

Այսօր արդեն, ըստ իրավապաշտպանի ունենք շուրջ 156 հայրենադարձված գերի, բայց կան մեծաթիվ անձինք, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ «Շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից ու այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման»,- ասել է նա:

Թե ինչ կտտանքների են ենթարկվել տղաները ադրբեջանական գերության  ընթացքում, ոչ  նրանք, ոչ էլ նրանց ծնողները չեն բարձրաձանում։ Սա փակ թեմա է, փակ վերք, որը դեռ երկար ժամանակ է արյունահոսելու։

Բաքվից վերադարձածները բոլորը հոգեբանի, իսկ մի մասն էլ հոգեբուժի կարիք ունեն և համապատասխան օգնություն են ստանում։ Նրանց մի մասը հոգեբանական տրավմաներով կրկին զորակոչվում է բանակ։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest