Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով զոհված Նշան Պետրոսյանի ընտանիքի անդամներն ահազանգում են պատասխանատու պաշտոնյաների անգործության մասին։ Մասնավորապես, նրանք Forrights.am-ի հետ զրույցում մատնանշում են զորամասի հրամանատրության անպատասխանատվությունը։ Դիրքը, որի համար կյանքը զոհել է 19-ամյա ժամկետային զինծառայող Նշանը, եղել են ընդամենը 9 հոգով՝ միայն ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով։

«Իրենք կռվել են ու շատ լավ են կռվել, բայց 9 հոգով են այդ դիրքում եղել, 9 հոգով են կռվել, զորամասից հաստատել են այս տեղեկությունը։ Վեցը եղել են ժամկետային զինծառայող, երեքը՝ պայմանագրային։ Իրենք շատ ուժեղ հրետանակոծության են ենթարկվել։ Տղաներից մեկը՝ Գասպարյան Արմենը, Կապանից, իր ծնողի հետ խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ ենք։ Հորը հրաժեշտ է տվել, ասել է՝ լավ պապ, լցվան խրամատ»,- մեզ հետ զրույցում պատմեց Նշանի քույրը՝ Աննա Պետրոսյանը։

Զորմասից և զինծառայողների միջև կապը մարտական գործողությունների մեկնարկից 1,5 ժամ անց կորել է։ Այս մասին ևս զորմասի ներկայացուցիչներ են փոխանցել Աննա Պետրոսյանին, այդպես էլ անպատասխան թողնելով քրոջ հիմնական հարցերը։ Ինչո՞ւ են շրջափակման մեջ հայտնված զինծառայողները միայնակ մնացել, ինչո՞ւ նրանց չեն օգնել, ինչո՞ւ են ավտոմատներով մնացել ԱԹՍ-ների դեմ կռվում․ Պետրոսյաններն այս հարցերի պատասխաններ են ցանկանում ստանալ Պաշտպանության նախարարությունից։

«Դիրքերը պաշտպանում էին իրենց կցված սովորական ավտոմատներով։ Խոսեցինք մայորի հետ՝ ազգանունը Սարգսյան, հարցրեցինք՝ ի՞նչ եք արել այդ տղաներին օգնելու համար, չէ որ իրենք ամբողջ գիշեր կռվել են ու սպասել են օգնությանը։ Ոչ մի օգնություն չի եղել, գոնե շրջափակումից դուրս գային։ Մայորն ասաց՝ չենք կարողացել։ Իրենց հետ եղել է իրենց հրամանատարը՝ Արայիկ Առաքելյանը, դիրքի ավագը Գասպարյանն Արմենն է եղել, երկուսն էլ մահացել են։  Ոչ մի աջակցություն չի եղել։ Հետը, որ խոսում էինք ասում էր՝ հենց կռիվ սկսվի, մենք այստեղի ողջ դուրս չենք գա»,-ասաց քույրը։

Նշանն ընտանիքի հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ այնպիսի մտքեր է արտահայտել, որից ենթադրելի է եղել, որ զինվորները միայնակ են և հարկ եղած ժամանակ նրանց հնարավոր է՝ օգնություն չլինի։ «Իրենց ուղեղի մեջ մտցրել էին, որ նահանջ չկա, կմահանաք էս պոստի մեջ, բայց պոստից դուրս չեք գա, նահանջի ստրատեգիա չկար»,-ասաց քույրը։

Նշան Պետրոսյանը դիրքեր էր բարձրացել օգոստոսի 17-ին՝ մեկ ամսով։ Սակայն, հրաման են ստացել, որ հերթափոխը պետք է  շարունակեն մինչև ամսվա վերջ։

Հրաժեշտի զանգ

Մինչ մարտերի մեկնարկը Նշանն ու զինակից ընկերն արդեն տեղեկություն են ունեցել թշնամու հարձակման մասին։ Ամենամոտ ընկերոջն է ասել, որն էլ հետո ընտանիքի անդամներին է ասել։ Նշանի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 12-ին՝ մի քանի րոպեով, զգացել են, որ անտրամադիր է, տխուր, բայց պատճառների մասին ոչինչ չի ասել։  Սակայն, երկու օր առաջ զանգել և տանեցիներին խնդրել է իր հետ երկար խոսել։ Քույրն ասում է՝ տպավորություն էր, թե մեզ հրաժեշտ է տալիս։

«Ամսի 10-ին երկար խոսեցինք, ինքը ոնց որ մեզ կարոտած լիներ, գրեթե մեկ ժամ խոսեցինք, ասում էր՝ խոսեք իմ հետ։ Ինքը, որ այդպես էր ասում մեր մեջ կասկած ու վախ ընկավ։ Ոնց որ ուզեր մեզ հրաժեշտ տար»,-ասաց Աննան։

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, երբ համացանցից տեղեկացել են Ջերմուկում սկսված մարտերի մասին, էլ չեն կարողացել Նշանի հետ խոսել։ Զանգերն անպատասխան մնալուց հետո Նշանին փնտրել են բոլոր հիվանդանոցներում՝ հույս են ունեցել, որ ընտանիքի միակ տղային, գոնե վիրավոր կգտնեն։  Սակայն, սեպտեմբերի 30-ին ընտանիքին հայտնել են՝ Նշանը զոհվել է։ Նրա մարմինն ադրբեջանական կողմը սեպտեմբերի 20-ին է փոխանցել Հայաստանին, ևս 94 զոհերի հետ։ Նշանի դիրքի բոլոր զինծառայողները զոհվել են։

Նշանն առողջական խնդիրներով և մարտական հերթապահություն է իրականացրել, և ինժիներական ծանր աշխատանքներ իրականացրել

Նշան Պետրոսյանն անցկացրել էր ծառայության 1,5 տարին։ Զորակոչվել էր Վանաձորի զորամաս, հետո տեղափոխվել Ջերմուկ։ Նրան և զինակիցներին, քրոջ խոսքով,  դիրքեր են բարձրացրել միայն ինժիներական աշխատանքեր իրականացնելու համար «Պետք է միայն ինժիներական աշխատաներ կատարեին, բայց իրականացնում էին նաև հերթապահություն»,-ասաց Աննա Պետրոսյանը և շեշտեց, որ եղբայրն առողջական խնդիրներով է մեկնել ծառայության, իսկ բանակում առողջական վիճակը գնալով վատացել է։

«Նշանը չպետք է բարձրանար խրամատ, որովհետև նա ինժիներական աշխատանքներ կատարելու հետ անհամատեղ առողջական վիճակ ուներ։ Ողնաշարի խնդիրներ ուներ, իր մոտ ախտորոշել էին նաև սրտի առիթմիա։ Այս խնդիրներով զորակոչվեց, իսկ բանակում ավելի խորացան։ Ինքը մի քանի շաբաթ բուժկետում պառկեց, քանի որ ցավերին չէր կարողանում դիմանալ, հոսպիտալ էր գնում։ Ախտորոշվել էր, որ ողնաշարի որոշ մկաններ զարգացած չեն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են բացառապես ձեռքով։ Հավաստիացրել են, որ տեխնիկա կգնա ու ոչ մի տեխնիկա չի գնացել»։

Քույրը պատասխանատու պաշտոնյաներին հարց է ուղղում՝ 19-ամյա եղբայրն ու նույն տարիքի մյուս տղաները էլ ինչպե՞ս պետք է կռվեին թշնամու դեմ, երբ ֆիզիկապես հյուծված են եղել մեկ ամիս շարունակ դիրքերում ձեռքերով տեխնիկայի փոխարեն ամրաշինական աշխատանքեր կատարելու հետևանքով։  Մայոր Սարգսյանն Աննային փորձել է համոզել, որ եղբայրը ֆիզիկական ծանրաբեռնավածություն չի ունեցել դիրքերում, սակայն, եղբայրը հեռախոսային խոսակցություններում մշտապես խնդիրների մասին է խոսել։  «Խոսելուց ասում էր՝ այնքան հոգնած եմ, բլինդաժը բետոն էինք անում։ Այդ ամենն անում էին վեց հոգով ու նաև հերթապահություն»։

Նախորդ տարի Իշխանասարում երկու անգամ շրջափակման մեջ է ընկել

2021 թվականի նոյեմբերի 16-ին Նշանին Վանաձորի զորմասից տեղափոխել են Իշխանասար, երբ թշնամին ներխուժել էր Սյունիքի սահմաններ։ Նշանն այդ ժամանակ հետախուզական վաշտի նշանառուն է եղել։

«Այնտեղից նկարներ էր ուղարկում, դիրքերն անմխիթար վիճակում էին։ Կարելի է ասել, որ դիրքեր գոյություն չունեին։ Մի քանի օր էր մնացել, որ իջնեին ընկել էին շրջափակման մեջ։ Առաջին անգամ, երբ ընկնում շրջափակման մեջ իրենց չկրակելու հրաման են տալիս, երբ ուզում են գերեվարել բոլորը հանում են նռնակներն ու ասում են՝ մեզ չմոտենաք, մեզ կտրաքացնենք, 120 հոգի իրենց շրջափակման մեջ էր պահում։ Իրենց փոխգնդապետն է բանակցել, որ իրենք ազատվել են։ Այստեղից ուրիշ դիրք են տեղափոխվում, նորից ընկնում են շրջափակման մեջ ու այս անգամ չեն սպասում հրամանի, պաշտպանվում են՝ բավականին ակտիվ։ ԱԹՍ էր աշխատել իրեց վրա, մի քանի օր առանց հաց ու ջրի են եղել։ Այստեղ թեժ մարտեր են եղել, Նշանը դիպուկահարն էր, ասում էր, որ միայն ինքը 10 հոգու սպանել է։ Իրենց «Սև Հովազ»-ի տղաներն են շրջափակումից հանում»,-ասաց Աննա Պետրոսյանը։

Իշխանասարի մարտերից հետո Նշանը, թեև առողջական խնդիրներին, բայց դիրքերից հրաժարվել է շուտ իջնել։ Հայրենիքին մատուցած ծառայության համար հրամանատարն ասել է, որ մեդալի է արժանի, սակայն, չեն տվել։

Նշանը բանակում, ընդհանրապես, տեսնելով զինվորի նկատմամբ վերաբերմունը, թե ինչպես  զինվորի կյանքը չի գնահատվում, զինվորը արժեք չի համարվում, ինչպես են վերաբերվում զինվորին, մեծ հիասթափություն է ապրել։

Նշանի մասին զրույցի ամբողջ ընթացքում մեր հարցերին միայն քույրն էր պատասխանում։ Ծնողներն առայժմ չեն կարողանում խոսել անդառնալի կորստի մասին։ Միայն մայրը ժամանակ առ ժամանակ կրկնում էր․ «Տարան էրեխուս գլուխը կերան․․․»։

Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել Պետրոսյաններին ու չեն ցավակցել նրանց Նշանի մահվան կապակցությամբ։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest