Եթե կրկին վերադառնանք մահապատժի, ապա այն կվերաբերի անհամեմատ ավելի շատ անձանց, քան 2001 թվականին

86
Արթուր Դավթյան

Գրեթե ամեն օր հանրությանը հրամցվում են զինվորականների, սպաների, նախկին պայմանագրայինների դեմ քրեական վարույթներ հարուցելու մասին պաշտոնական հաղորդագրություններ: Պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անփութության և այլ ծառայական հանցանքների համար գեներալներ են կալանավորվում, կամ մեղադրյալի կարգավիճակում հայտնվում: Եւ այս եռուն շրջանում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առաջարկ է հնչեցնում  պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու իրավական հիմքեր ստեղծելու վերաբերյալ :

Առաջարկն , ինչպես հայտնի է, ուղղված է եղել  ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որը զուսպ էարձագանքել, զերծ մնալով կարծիք հայտնելուց: «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասել է նախարարը:

Այս պահի դրությամբ կարծիքները հիմնականում կտրուկ բացասական են:

«Երբ դատախազությունն է թելադրում քրեական արդարադատությունը կարգավորող օրեսդրությունը». Արթուր Գրիգորյան

«Երկրի տոտալիտար լինելու վառ ցուցանիշ է, երբ դատախազությունն է թելադրում քրեական արդարադատությունը կարգավորող օրեսդրությունը՚, — Forrights.am-ի հետ զրույցը սկսեց փաստաբան Արթուր Գրիգորյանը,- Հաստատապես միտում եմ տեսնում մեր երկիրն «իզգոյ՚ դարձնելու: Մի երկիր, որը որ իզգոյի, վտարանդիի կարգավիճակում է, ալևս ոչ մի բանի համար պատասխանատու չի: Հավանաբար, դա ձեռնտու է իշխանությանը»:

Հնարավո՞ր է, որ ուզում են սրանով հաճոյանալ Ռուսաստանին: Փաստաբանը պատասխանում ․ ՙ«Ոչ թե հաճոյանալ, այլ մինչև հիմա մեր երկիրը Ռուսաստանի անհաջող մակետն է եղել: Հենց այդ հետքերով էլ  մեզ ուզում են տանել, գցել որոգայթի մեջ: Ոնց որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանը վտարվեց, այնպես էլ Հայաստանն է վտարվելո»՚:

Նա հիշեցնում է, որ մենք դեռև 1993 թվականին վավերացրել ենք Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և մասնավորապես դրա կամընտիր երկրորդ արձանագրությունը ի վերացում մահապատժի: Այդ ժամանակ մորատորիում եղավ, մինչև մահապատժի վերջնական վերացումը օրենքով: ՙԱյն, ինչ կատարվում է հիմա՝  միջազգային պարտավորություններից նահանջ է և հենց Ռուսաստանի պատվերով կատարվող հերթական միջազգային սադրանքն է: Իրական դավաճանության խնդիրն այսօր նաև ցույց է տալիս, որ այն աստիճանի է հասունացել, որ տակից չեն կարողանում դուրս գալ և մեկ կամ մի քանի հոգու քավության նոխազ դարձնելու խնդիր  կա», — ասում է Արթուր Գրիգորյանը: նա կանխատեսում է. եթե մահապատիժը կրկին մտցնեն, ապա չի բացառվում, որ դրան շատ արագ հետադարևձ ուժ տան: մենք այդպիսի օրինակներ ունենք բրեժնևյան ժամանակներից՚:

«Դատախազը պաշտոնավարման ավարտից հետո հնարավոր է, կզբաղվի քաղաքականությամբ». Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին հարցրեցինք, թե ինչու է, իր  կարծիքով, սա արվում և ի՞նչ հետևանքներ կունենա:

ՙ«Ես մի քանի տարբերակ եմ ինձ համար մտածել, նաև կարծիքներ ուսումնասիրել: Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ սա կարող է լինել քաղաքական քայլ, որ դատախազը պաշտոնավարման ավարտից հետո հնարավոր է, կզբաղվի քաղաքականությամբ: Ինձ համար գլխավոր դատախազը նախկին հանցավոր ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից   մեկն է, ով  պահպանեց պաշտոնը հեղափոխությունից ու պատերազմից հետո: Նա միշտ մնացել է նվիրված նախորդ ռեժիմին, ու սրա ապացույցն է տարբեր գործերով ձգձգումները, մարդկանց անսպասելի փախուստները, տարբեր գործերով անտրամաբանական  զարգացումներն ու ձևական քննությունները: Ենթադրում եմ, չի բացառվում, որ նա ենթադրում է, որ կարող է տեղի ունենա հեղաշրջում ու այդ հոդվածի վերադարձնելը կվերաբերվի բացառապես գործող իշխանություններին»:

Նինա Կարապետյանցը ևս չարի արմատը տեսնում է ռուսական կոնտեքստում: «Հայաստանը միշտ փորձարկումների փոքրիկ դաշտ է եղել, ու չ ի բացառվում, որ Ռուսաստանը ուզենա հասկանալ, թե ինչպես վարվել այն անձնաց հետ, ում ինքը համարում է պետական դավաճաններ, դրա համար օգտագործելով Հայաստանը՚:

Կարել՞ի է այսօր մահապատիժը որպես արդարադատության  գործիք օգտագործել: Թերևս սա է գլխավոր ասպեկտը:

Նինա Կարապետյանցը ասում է՝ չկա որևէ գիտական հիմնավորում, ապացույց, որ մահապատիժը կանխում է հանցագործությունները, կամ նվազեցման է բերում: «Մահապատիժն այն պատժի տեսակներից է, որի հետևանքները դատական սխալի դեպքում վերականգնել հնարավոր չի: ՙԱրդարադատության համակարգի ի սպառ բացակայության պայմաններում այսպիսի խիստ, անդառնալի հետևանքների բերող պատժի կիրառումն անթուլատրելի եմ համարում», ասում է իրավապաշտպանը:

Հոկտեմբեր 27-ի համար ևս պահանջում էին բացառություն

2001 թվականին, Եվրոպայի խորհրդի շեմին կանգնած Հայաստանում հանրային քննարկումներ էին սկսվել մահապատիժն արգելելու շուրջ, հայ քաղաքական գործիչների մի մեծ մաս գտնում էր, որ Հոկտեմբերի «27»-ի դեպքում կարելի է եւ պետք է բացառություն անել:

Այսօր նույն բացառությունը առաջարկում են մտցնել պատերազմի հանցագործների դեպքում: Այն ժամանակ Հայաստանում 30-ից ավելի մահվան դատապարտված անձինք կային: Այսօր ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, պետական դավաճանության փաստով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր որպես մեղադրյալ ներգրավված է 43 անձ, որից 10-ը կալանքի տակ են։ Եվս 3 քրեական գործ, որոնք առնչվում են 12 անձանց, արդեն իսկ դատարան են ուղարկվել, 11 մեղադրյալ կալանավորված է։ Այս տեղեկությունները դատախազությունը հայտնել է հուլիսի 11-ին:

Հետևապես, չի բացառվում, որ այսօր, եթե  Հայաստանը կրկին վերադարձնի մահապատիժը քրեական օրենսգիրք, ապա այն կվերաբերվի անհամեմատ ավելի շատ անձանց:

«Մահապատժի մասին խոսելուց առաջ մի պահ հարկավոր է խորը շունչ քաշել եւ հասկանալ, որ մահապատիժ կիրառելու իրավունք նշանակում է որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունք: Սա վերացական վեճ չէ եւ առնչվում է մարդու ամենագլխավոր, ամենահիմնական իրավունքին, բոլոր իրավունքների նախապայման իրավունքին` կյանքի իրավունքին, ապրելու, սեփական մեղքը հասկանալու, մեղանչելու, սեփական սխալները վերլուծելու, ուղղվելու հնարավորության իրավունքին»՚ — գրել է 2003 թվականի ապրիլին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Այսօր նա ասաց Forrights.am-ի հարցին պատասխանելով. «Ես, իհարկե, չէի պատկերացնի, որ այսքան տարի անց այդ թեման կքննարկվի և առավել ևս ես չէի  պատկերացնի, որ ՀՀ գլխավոր դատախազը այսքան տարիների ընթացքում հասկացած չի լինի, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մահապատժից: Սա ինձ զարմացնում է՚:

Կարծում եք, կընդունվ՞ի այս առաջարկը հանրության կողմից: «Հույս ունեմ, որ հանրությունը չի ընդունի, ու  կարծում եմ, այդ առաջարկությունը կմ նա օդի  մեջ: Այն պետք է մերժվի, և չ միայն լայն հանրության  կողմից: Մասնագիտացված հանրությունը պետք է արտահայտվի ու մերժի մահապատիժը», — ասաց իրավապաշտպանը:

Սյուզան Սիմոնյան