30 տարի բանտում անցկացրած, ծանր հիվանդ, ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանը պարբերաբար նոպաներ է ունենում, ուշագնաց է լինում, ճնշումն է տատանվում:

Փետրվարին կաթվածահար էր եղել, որից հետո դեմքի մի կողմը քարացել է։  Վերջին ամսում Արամ Առաքելյանին «Արմավիր» ՔԿՀ–ից երկու անգամ տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց և թեթև բուժումներից հետո՝ կաթիլային, մի երկու սրսկում, վերադարձրել «Արմավիր» ՔԿՀ։

Արամ Առաքելյանի ախտորոշումը գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածն է, որը նշված է նրա բժշկական փաստաթղթերում։ Այս պաթոլոգիան կառավարության կողմից հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է, սակայն դատապարտյալին չեն ցանկանում ազատել։ Առաքելյանի դիմումը՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապելու  հիմքով իրեն պատժի կրումից ազատելու վերաբերյալ երկար ձգձգումից հետո մերժվել է, քանի որ ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, գլխուղեղի իշեմիկ կաթվածը միանգամայն համատեղելի է կալանքի կրման հետ:

Արամ Առաքելյանի կինը՝ Ելենա Առաքելյանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն ու ամուսնուն վերաբերող բոլոր մյուս բժշկական փաստաթղթերը տարել է Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ և հանձնել է փորձաքննության։

Բուրդենկոյի ինստիտուտի մասնագետները ուղղակի ջաղջախիչ եզրակացություն են տվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» և միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ, տեղ–տեղ դաս տալով մեր մասնագետներին։

«Հիվանդի վիճակը իշեմիկ կաթվածից հետո քննարկվում է կոնսիլիումում, որին մասնակցում են պրոֆեսիոնալ և գործող բժիշկները, նյարդավիրաբույժներն ու նյարդառեանիմատոլոգները։ Ամենակարևորը՝ հիվանդը, դրան պետք է մասնակցի ինքը՝ հիվանդը։ Պետական հանձնաժողովը կազմված է եղել միակ բժշկից՝ Գ․ Խաչատրյանից, որը արտաքին զննում է իրականացրել և հաշվի չի առել, որ հիվանդությունը սկսվել է սրտի նոպայից /մինչ օրս ԷԿԳ–ից բացի որևէ այլ սրտի հետազոտություն չի անցկացվել, չնայած դուրս գրման փաստաթղթում նշված առաջին իսկ ցուցումը Հոլտերային մոնիտորինգն է/։ Հայտնի է, որ ԷԿԳ–ն փոքր ինֆորմատիվություն ունեցող հետազոտություն է, իսկ կաթվածի պատճառը կարող է լինել սրտի հիվանդությունը, էմբոլիկ կաթվածը, երբ արյան մակարդուկն առաջաբնում է սրտամկանում, ապա արյան հոսքով հասնում է ուղեղի զարկերակը»։

Բաց թողնելով հաջորդող բժշկական տերմինաբանությունը, նշենք միայն հայտնի ինստիտուտի մասնագետների հետևյալ գնահատականը․

«Բժիշկ Խաչատրյանը ուշադրություն չի դարձրել, կամ չի ցանկացել դարձնել իշեմիկ կաթվածի հետևանք հանդիսացող աջ քներակին առկա անեւրիզմի, զարկերակի պաթոլոգիկ նեղացման վրա, որը մահացու վտանգ ներկայացնող հետևանքներից է և պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն»։

Փաստորեն, ուսումնասիրելով Արամ Առաքելյանի կնոջ տրամադրած համակարգչային տոմոգրամման մասնագետները ցուցել են անհապաղ վիրահատություն, նշելով, որ Անեվրիզման դանդաղ գործողության ռումբ է։ Նրանք նաև եզրակացրել են, որ «բժիշկ Գ․ Խաչատրյանը փաստացի միանձնյա է իրականացրել բուժզննությունը, իսկ մյուս հինգ պաշտոնյաները ուղղակի դրել են իրենց ստորագրությունները»։

Ահա այսպես, սիրողական մակարդակով է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ը վարվում դատապարտյալների հետ։ Փաստորեն, նրանք ոչ միայն ազատազրկման ձևով են պատիժ կրում, այլև կալանավայրում ձեռք բերվող հիվանդությունների ձևով, որոնք չինովնիկները չեն ցանկանում բուժել։

Արամ Առաքելյանը և նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը բողոքարկել էին միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը դատարանում:

«Մի անգամ ամուսնուս տարան դատի, բայց ոչ նրան, ոչ էլ նրա փաստաբանին նրան նախապես չէին տեղեկացրել, – պատմում է Արամ Առաքելյանի կինը, – Դատավորն ասաց, որ բոլորին տեղեկացրել է, բայց ծանուցում չի եկել։ Մյուս նիստը եղավ հուլիսի 19–ին։ Ամուսինս ու նրա պաշտպանը գնացին, բայց այդ անգամ էլ դատախազը չէր եկել՝ Գարեգին Իսախանյանը։ Ամուսինս դատավորին բողոքել է, ասելով, որ իր առողջական վատ վիճակից ելնելով, ամեն անգամ չի կարող գնալ դատարան, «բոքսերում» անվերջ ու անիմաստ սպասել ու հետ գնալ, ինչին դատավորը պատասխանել է՝ դա իմ պրոբլեմը չի», — պատմում է կինը։

Օգոստոսի 1-ին Էջմիածնի դատարանը վերջապես լսել է Առաքելյանի հայցն ընդդեմ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման և մերժել է այն: Նիստը տևել է մոտ մեկ ժամ: Առաքելյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը նիստի ժամանակ հիմնավորել է, կաթվածի հետևանքով Առաքելյանի անոթներում առաջացած անեվրիզմը՝ լայնացումը, վտանգավոր պաթոլոգիա է, անոթը ցանկացած պահի  կարող է պայթել և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել, սակայն հանձնաժողովը անդրադարձ չէր կատարել անեվրիզմային:

«Հանձնաժողովը քննարկել էր զուտ ինսուլտը և ոչ դրա հետևանքները:  Ցուցված է եղել Հոլտերային մոնիտորինգ, որը չի արվել, դրա նպատակը սրտի աշխատանքի ստուգումն է, առիթմիա ունի, թե ոչ: Հանձնաժողովի եզրակացությունը հիմնված է մեկ մասնագետի եզրակացության վրա: Հանձնաժողովն, ըստ կարգի, պետք է կազմված լիներ 7 անձից, բայց կազմված է եղել 5 հոգուց: Հանձնաժողովում պարտադիր պետք է լիներ հոգեբույժ, որը չի եղել: Մենք հիմնավորել էինք, որ տրված թերի, կասկածելի եզրակացություն և միջնորդել էին, որ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, սակայն դատարանը մերժել է, պատճառաբանելով, որ քրեակատարողական օրենսդրությամբ նման եզրակացություն նշանակելու կարգ չկա» , — նշեց  փաստաբանը Forrights.am-ի հետ զրույցում:

Արամ Առաքելյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լսումը դատարանում նույնպես ձգձգվում էր։ Մեկ ՔԿՀ-ն չէր կարողանում  ապահովել Առաքելայնի տեղափոխումը դատարան, մեկ հերթն իրեն չէր հասնում։

Ռոբերտ Ռեւազյանն ասում է, որ Արամ Առաքելյանի վաղաժամկետ ազատման գործով դեռևս ոչ մի դատական նիստ չի կայացել։ «Օր նշանակել են, եղել է, որ մի քանի նիստ է եղել իրենից առաջ, երկար են տևել նիստերը, և իրենը չեն հասցրել լսել»,– ասում է փաստաբանը։

Հուլիսի 14–ին նրան տարել են դատարան, յոթ ու կես ժամ դատարանի «բոքսերում»՝ դատապարտյալների համար նախատեսված խցում, պահելուց հետո սրտի կաթված տարած, ծանր հիվանդ Առաքելյանին կրկին հետ են տարել։  Դատարանի աշխատակազմից նրան տեղեկացրել են՝ մեր աշխատանքային ժամը վերջացավ, քո նիստը նշանակվում է մի ամիս հետո, օգոստոսի 15–ին։ Արմավիրի դատարանում, որտեղ լսվում է Արամ Առաքելյանի գործը, այդ ճաղավանդակով խցում օդորակիչ չկա, շոգ է։

Փաստորեն, դատապարտյալները ոչ միայն ազատազրկման ձևով են իրենց պատիժը կրում, այլև կալանավայրում ձեռք բերվող հիվանդությունների, որոնք պատասխանատու կառույցները չեն ցանկանում բուժել, նաև չինովնիկական անտարբերության։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest