Հուլիսի 26-ին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Նա նշում է, որ 2-րդ եռամսյակի ընթացքում ամենաարտառոց երևույթը լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռությունների կտրուկ աճն է․

«Երբ երկրում լարվում է հասարակական-քաղաքակական իրավիճակը, ավելանում են նաև հարձակումները լրատվամիջոցների և լրագրողների վրա։  Անցած եռամսյակը՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածը, բավականին լարված էր, երբ արմատական ընդիմությունը անհնազանդության ակցիաներ էր կազմակերպում, և մեր կողմից գրանցած 11 դեպքերից 10-ը հենց այդ ժամանակահատվածում էր: Ցուցարարների և ոստիկանության ընդհարումների ընթացքում տուժում էին նաև լրագրողները և օպերատորները: Եղել են դեպքեր, երբ նպատակադրված գործողություններ են իրականացվել ընդդեմ առանձին լրատվամիջոցի ներկայացուցիչների»։

ԽԱՊԿ նախագահը ավելացնում է՝ երբեք չեն տեսել և չեն արձանագրել, որ մեղավորները այդ իրավախախտումների հետևանքով լուրջ պատասխանատվության ենթարկված լինեն։

«11 դեպքից 10-ը հանրահավաքների ժամանակ է եղել, մեկը՝ Ազգային ժողովում»,- նշում է Ա․Մելիքյանը։

Նրա խոսքով՝ թեև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի առումով կտրուկ նվազում է նկատվել, սակայն պետական մարմիններից տեղեկատվություն ստանալը մնում է շատ բարդ․ բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց դժգոհություն են արտահայտում։

«Պետական մարմինները շատ հաճախ պարզապես խուսափում են լրատվամիջոցներին պատշաճ արձագանք տալուց»,- ասում է Ա․ Մելիքյանը, ապա կարևորում հունիսի 9-ին խորհրդարանի՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքում ընդունած փոփոխությունը։

«Պետական մարմինների այն պատասխանատուները, որոնք անհիմն մերժել են կամ չեն տրամադրել հրապարակման ենթակա տեղեկատվությունը, կենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության։  Եթե մինչ այդ 10․000-ից 50․000 դրամի վարչական տույժ էր նախատեսվում, ապա հիմա՝ 30․000-ից 70․000 հազար»,- նշում է Մելիքյանը։

Նրա հավաստմամբ՝ խոսքի ազատության խախտման 24 դեպքից միայն մեկի դեպքում է, որ լրատվամիջոցը դիմել է դատական ատյաններ, որպեսզի դատարանը պարտադրի պետական մարմնին տեղեկություն տրամադրել:

«Լրատվամիջոցները հիմնականում չեն դիմում, երևի չեն ուզում ժամանակ կորցնել և քաշքշուկների մեջ ընկնել»,- ասում է ԽԱՊԿ նախագահը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest