Յուրաքանչյուր տարի հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:

Արդեն ավելի քան քսան տարի է՝ Հայաստանը վավերացրել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան», որով պարտավորվում է արդյունավետ քննություն իրականացնել խոշտանգումների դեպքերի վերաբերյալ և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Օրվա առթիվ ՄԻՊ-ը ուղերձով է հանդես եկել, որում մասնավորապես նշում է, որ Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

Նա նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ «ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի» են արժանացել բազմաթիվ հայեր։

«Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ», — շեշտել է Գրիգորյանը։

Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դեռ 2020-ի դեկտեմբերին փաստել էր, որ «բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից կա՛մ գերեվարվելիս, կա՛մ տեղափոխման ժամանակ, կա՛մ տարբեր կալանավայրերում կալանքի ընթացքում»: Ադրբեջանի նախագահը այս մարտին հայտարարել էր, թե «չեն պատերազմել քաղաքացիական անձանց դեմ, դաժանություն չեն ցուցաբերել»։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ խոշտանգումների գործերով դրական տեղաշարժ չկա․

«Որևէ լավ բան չեմ կարող ասել։ Քրեական գործեր հարուցվում են, սակայն հետագա քննությունը արդյունավետ չի լինում, հիմնականում մեղավորները չեն պատժվում և քրեական գործերը կա՛մ կասեցվում են, կա՛մ կարճվում։ Հաշված գործեր են, որ դատարան է ուղարկվում, բայց քննություններն անընդհատ նույն ձևով, չորս ամիսը մեկ, երեք ամիսը մեկ նիստեր են նշանակվում ու ձգձգվում են»։

Հատուկենտ դատական գործերից էր, օրինակ, Նուբարաշեն ՔԿՀ-ում խոշտանգման պատճառով մահացած Արմեն Աղաջանյանի գործով կայացված նախադեպային որոշումը։ 2015 թվականի խոշտանգման քրեականացումից հետո սա երկրորդ մեղադրական դատավճիռն էր։ Արա Ղարագյոզյանը մեզ տրված հարցազրույցում ասել էր, որ սրանով ճանապարհ է բացվում մնացած խոշտանգման գործերի համար ևս․

«Սա ուղենշային և կարևոր որոշում է, քանի որ տարիներ շարունակ ոչ ոք չէր ենթարկվել քրեական պատասխանատվության խոշտանգման համար։ Առաջին ատյանի դատարանում այս գործով անցնող արդեն երկրորդ խոշտանգման դեպքը կա և, քանի որ Աղաջանյանի դեպքը արդեն հաստատված հանգամանք է, կարծում եմ՝ այս գործի նկատմամբ ևս մեղադրական դատավճիռ կկայացվի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուարդ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ ​Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել են տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն:

Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

 

 

 

Pin It on Pinterest