«Ես ուզում եմ, որ Արամի մասին չխոսեն անցյալ ժամանակով, իր նկարները ցուցադրվեն, ինքը միշտ հիշվի»

88

Հունիսի 24-ին  «Liver» արվեստի մենեջմենթի ընկերության ջանքերով Հայ բարեգործական  ընդհանուր  միությունում  բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Արամն ուսանել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, հետո`Հայաստանի  գեղարվեստի  պետական  ակադեմիայում, գրաֆիկ-դիզայներ էր, նպատակ ուներ ուսումը շարունակել Իտալիայում: 21 տարեկանում զորակոչվելով բանակ` Արամը ծառայել է նախ Արմավիրի զորամասում, այնուհետեւ`Կուբաթլիում:

Մայրը` Կարինե Հարությունյանը, պատմում է, որ թեեւ արվեստագետներն ազատ կյանքի են սովոր, սահմանափակումներ չեն հանդուրժում, սակայն Արամը երբեք չի բողոքել բանակային ծառայությունից:

Արամի մարտական ընկերը` Սեյրան Սողոյանը, վիրավորվել է, մի կերպ է հաջողվել փրկել նրա կյանքը․

«Արամին վերջին անգամ տեսել եմ այն օրը, երբ ես վիրավորվել եմ, ինքն էլ իմ գրկում է զոհվել: Ես ուզում եմ, որ Արամի մասին չխոսեն անցյալ ժամանակով, իր նկարները ցուցադրվեն, ինքը միշտ հիշվի»,- ասաց Սեյրանը:

Արամի  զոհվելուց հետո Գեղարվեստի ակադեմիայից  ոչ ոք նրա ընտանիք չի այցելել, չի հետաքրքրվել նրա հարազատներով:

«Ամիսներ անց ես գնացի Գեղարվեստի ակադեմիա, վերցրեցի տղայիս նկարները, բերեցի տուն, չթողեցի, որ որեւէ նկար մնա այնտեղ: Եթե նրանք այդ ընթացքում չհիշեցին իրենց ուսանողին, ինչո՞ւ պետք է նրա նկարները մնային այնտեղ »,- նշեց տիկին Կարինեն:

Թագուհի Հակոբյան