ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացնող դատախազ Գարեգին Իսախանյանը անհասկանալի, չպատճառաբանված դաժանություն է ցուցաբերում 20 և ավելի տարիներ կալանավայրում անցկացրած ցմահ դատապարտյալների հանդեպ: Ընդ որում՝ որքան ավելի երկար է մնացել դատապարտյալը բերդում, այնքան ավելի է սահմանափակում մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի հիմնարկ տեղափոխվելու նրա իրավունքը:

Արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի գրեթե բոլոր որոշումները ցմահ դատապարտյալների պահման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ կասեցվում են Գարեգին Իսախանյանի կողմից: Ընդ որում՝ նշանակություն չունի, թե նույն հանձնաժողովը քանի անգամ է պնդել իր որոշումները և կրկին ՙՙբացել՚՚ առանձին ցմահների ռեժիմը: Օրինակ,, Արմեն Տեր-Սահակյանին 4 անգամ են կիսափակ հիմնարկից կիսաբաց տեղափոխել ու հետ տարել, Արտակ Ալեքյանին՝ 3:

Վերջինիս ապրիլի վերջին օրերին իր և հարազատների համար անակնկալ ձևով տեղափոխել էին ՙՙԱրմավիր՚՚ ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ: Եւ դա այն պահին, երբ Ալեքյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ուղղված հերթական բողոքի տեքստն էր մտմտում:  ՙՙՄեզ համար սա հրաշք էր, որովհետև ունեինք նախարարին ուղղված  թուղթը, որ Արտակին էլի տարել են կիսափակ», — պատմում էր Ալեքյանի հայրը՝ Գևորգ Ալեքյանը:

22 տարի բերդում անցկացրած Արտակ Ալեքյանին, որը վաղուց արդեն կյանքի համը ստանում է զուտ կիրառական արվեստի գործեր՝ եկեղեցիներ, հուշանվերներ պատրաստելով, այս որոշումը ոգևորել էր: «Դուրս եմ գալիս խցից, զբոսնում եմ ամբողջ օրը և երջանիկ եմ, որ մինչև գիշերվա տասնմեկը կարող եմ դրսում լինել, հետո էլ գնալ հանգիստ քնել», — ասել էր Արտակը ծնողին: Եւ ահա, օրերս նրանից նոր ահազանգ ստացանք: Արտակին ծանուցել են, որ դատախազ Գարեգին Իսախանյանը կասեցրել է տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և իրեն կրկին հետ են տարել կիսափակ հիմնարկ:

Ալեքյանը հայրը՝ Գևորգ Ալեքյանը ասում է, որ նախորդ անգամ, ապրիլի 5-ին Իսախանյանը, հերթական անգամ կասեցնելով տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, կեղծ տեղեկություններ էր ներկայացրել: Որոշման հիմնավորումներում գրել էր, որ դատախազությունը ուսումնասիրություն է իրականացրել ՙՙԱրմավիր՚՚ ՔԿՀ-ում ու պարզել է, որ  ՙՙՔԿՀ-ում 2021 թվականի մայիսի 05-ին կազմակերպված մշակութային ինքնագործ միավորումը որոշակի աշխատանք է իրականացրել միայն 2021 թվականին, իսկ դատապարտյալ Ալեքյանն ընդգրկվել է այդ միավորմանը միայն 2022 թվականի հունվարի 5-ին, և միջնորդագիր ներկայացնելու դրությամբ դեռ չէր մասնակցել միավորման աշխատանքներին ՚՚:

Այստեղից դատախազը հետևություն է արել, որ Ալեքյանի ընդգրկվածությունը հիմնարկի մշակութային ու լուսավորչական միջոցառումներին չի կարող հաշվի առնվել նրա ուղղման աստիճանը որոշելիս:

Մինչդեռ Արտակ Ալեքյանը պնդում է, որ ակտիվորեն ներգրավվել է հիմնարկում կազմակերպած բոլոր մշակութային և այլ միջոցառումներին, որ ապրել է ակտիվ կյանքով:

Նա 2022 թվականին տեղի ունեցած տարբեր միջոցառումներին իր մասնակցությունն ապացուցող փաստաթղթեր ունի՝ ցուցահանդես-վաճառքի ժամանակ իր գործերի վաճառքի վճառման հանձնարարական ՙՙԻնեկո՚՚ բանկից, վկայական առ այն, որ մասնակցել է 2022 մարտի 11-ին ՙՙԻրավական նախաձեռնությունների կենտրոն՚՚ ՀԿ-ի կազմակերպած ՙՙՁեռք տուր, հասարակություն՚՚ խորագրով միջոցառմանը, ՙՙԱրմավիր՚՚ ՔԿՀ ղեկավարության որոշումը, որ 2021 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է լուսավորչական ինքնագործ միավորման կազմում, իր գործերը 2022 թ. փետրվարին ցուցահանդես հանձնելու վերաբերյալ ակտ, նույնիսկ 2020 թվականին ստացած երկու հավաստագրեր տարբեր դասընթացների մասնակցելու մասին, շնրհավորագրեր, լուսանկարներ:

Ըստ դատախազ Իսախանյանի, նման միջոցառումներ չեն եղել, դրանք կրել են ձևական բնույթ, Արտակ Ալեքյանն էլ թվարկածս դասերին, կամ այլ միջոցառումների չի մասնակցել:

Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես, որտեղից են հայտնվել այդ միջոցառումների ժամանակ արված լուսանկարները, որոնք Ալեքյանը ևս առատորեն ներկայացրել է Forrights.am-ին:

Գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ դատախազ Գարեգին Իսախանյանը, փաստորեն, ապրիլի 5-ի որոշումը հիմնավորել է կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներով: Չի բացառվում, որ նա այլ շահագրգռվածություն ունի դատապարտյալ Արտակ Ալեքյանի ռեժիմի փոփոխության վերաբերյալ ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովի որոշման կասեցման հարցում:

«Այս նոր կասեցումը դեռ չենք ստացել: Ոչ քաղվածք, ոչ կասեցման որոշում որդուս ձեռքը չեն տվել: Բանավոր կասեցրել են: Բայց մենք համոզված ենք, որ այս անգամ ևս դատախազ Իսախանյանի ընդունած որոշումն ապօրինի է՚՚, — ասում է Գևորգ Ալեքյանը: Ըստ նրա, որդուն հոգեբանական բռնության են ենթարկում:

Նա հոգեկան մեծ տառապանքների մեջ է, դեպրեսիոն վիճակում, որից ամեն անգամ մեծ դժվարությամբ է դուրս գալիս: «Հոգեկանը խառնվում է իրար, ստեղծագործական աշխատանքին խոչընդոտում են, վատթարացնում են վիճակը, էլ ինչ սրտով մասնակցի  ինքնագործ խմբերի միջոցառումներին, ի՞նչ սրտով էլ իր եկեղեցիները սարքի՚՚:

Մենք հարցրեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, թե ինչով է պայմանավորված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացնող դատախազի դաժան վերաբերմունքը ցմահների հանդեպ, արդյո՞ք ստուգել են դատախազի կապերը ցմահների գործերով անցնող տուժողների հետ: տեղեկություն ունենք, որ դատախազությունը օրենքն ընդունելու պահին պայմանավորվածություն ունի ԱՆ նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հետ,  որ նախկինների հետ կապ ունեցող կամ որևէ կերպ առնչվող ցմահների ռեժիմը չփոխեն և ոչ մի որոշում նրանց օգտին չընդունեն:

Նա պատասխանեց. ՙՙԴատախազությունը որոշումները կայացնելիս առաջնորդվում է միայն օրենքով, որևէ այլ գործոն չի կարող նշանակություն ու ազդեցություն ունենալ: Նման կապերի, պայմանավորվածությունների մասին խոսակցություններն ավելորդ են ու անհիմն: Եթե ինչ-որ կոնկրետ փաստեր կան, ապա ցանկացած անձ կարող է դրանց մասին տեղեկացնել գլխավոր դատախազությանը և դրանք որևէ պարագայում չեն անտսվի: Ոչ թե ենթադրություններ, այլ փաստական տվյալներ, հանգամանքեր: Ի դեպ, առանձնահատուկ որևէ վերաբերմունք չկա նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ: Դատախազը ՔԿՀ-ներում պահվող ցանկացած անձի վերաբերյալ՝ անկախ նրանից ինչ ժամկետներով են դատապարտվել, որոշումները կայացնում է՝ ելնելով նրանց վերաբերող փաստաթղթերի, անձնական գործի ամբողջական ուսումանսիրության արդյունքում: Հետևաբար տեղին չեն նաև դաժանության մասին որակումները՚՚:

Ինչպես տեսնում ենք, դատախազությունը Արտակ Ալեքյանի դեպքում կոնկրետ փաստերը հաշվի չի առել և նույնիսկ կեղծել է:  Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ դատախազությունը կեղծ տվյալներ է ներկայացնում ցմահների պահման ռեժիմի փոփոխության դեպքերով:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest