«Կոշ» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի արհեստանոցի դուռն այս պահին փակ է։ Այնտեղ գտնվող աշխատանքները դեռ կիսատ են, հույս կա, որ մի օր ավարտուն տեսքով ցուցասրահում են դրվելու, միայն թե՝ նա կրկին վերադառնա հիմնարկ․․․

Երեք ամիս առաջ պատժի կրման կիսաբաց ռեժիմ տեղափոխված Կամո Շալունցին երեկ կրկին վերադարձրել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կիսափակ ռեժին։ Պատժի խստացման պատճառը՝ կրկին Դատախազության կամայական որոշումն է։

25 տարի անազատության մեջ գտնվող 54-ամյա ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի պատժի կրման ռեժիմը մեղմացվել էր մարտի 10-ին։ Տեղաբաշխման հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում անհատապես զրուցելով դատապարտյալի հետ, որոշում էր կայացրել փոփոխել նրա պատժի կրման տեսակը և տեղափոխել «Կոշ»։

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ, Կամո Շալունցի դեպքում հաշվի էր առնվել, որ դատապարտյալի մոտ բացակայում է ռեցիդիվը, բացի դրանից պատժի կրման ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ և դրական վարքագիծ։

«․․․տպավորությունն էր, որ կրկին դատավճիռս կարդացին»

Երեք ամիս կիսաբաց ռեժիմում մնալուց, այնտեղ ադապտացվելուց և աշխատելուց հետո կրկին հետ վերադարձը Կամոյի համար հոգեկան մեծ սթրես էր․

«Ոնց որ առաջին անգամ էլի մտնեի էդ պատերից ներս։ էն տպավորությունն էր, որ կրկին դատավճիռս կարդացին»,- Forrights-ին ասաց ցմահ դատապարտյալը։

Դատախազությունը, Forrights-ի հարցմանն ի պատասխան, նշում է, որ Շալունցի կողմից պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու հանգամանքը չի հիմնավորվել: ՔԿ ծառայությունը, այնինչ, շեշտում է՝ դատապարտյալը դրական վարքագիծ է դրսևորել, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրա ռեժիմը մեղմացնելու համար։

Դատախազությունն ասում է, որ Կամոն չի խրախուսվել, «իսկ իր ունեցած 2.120.000 ՀՀ դրամի չափով ֆինանսական պարտավորության կատարման ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել»:

Մեզ հասած փաստաթղթերը, սակայն, այլ բան են վկայում։ 2019 թվականի ապրիլի 4-ի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդության մեջ, «տուժող կողմին պարտավորություններ»՝ քաղաքացիական հայց տողում գումարի չափը նշվում է 520․000 ՀՀ դրամ գումար։ Թե ինչպես է գումարը քառապատկվել որևէ հիմնավորում չկա: Ի դեպ, կիսաբաց ռեժիմում Շալունցի աշխատելու հնարավորությունը  պայմանավորված է հենց հայցը մարելու ցանկությամբ, որի իրականացումը «Նուբարաշեն»-ում անհնար է:

Պատժի կրման ռեժիմը կրկին խստացնելու որոշման մեջ անդրադարձ է կատարվել նաև Շալունցի և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի համագործակցությանը։ Ըստ դատախազության՝ դատապարտյալի անունն առկա չէ բանտային արվեստի խանութ-տաղավարի մուտքի 2019թ․ ապրանքագրերում․ «այսինքն՝ նա միայն կնքել է նշված պայմանագիրը, սակայն չի կատարել դրա պահանջները»:

Մինչդեռ հիմնադրամի տնօրեն Էմին Մարտիրոսյանը Forrights-ին ասաց, որ դատապարտյալի հետ պայմանագիրը  երկու անգամ է կնքվել․

«Մի փոքր կդժվարանամ հստակ թվեր տրամադրել, բայց դատապարտյալը մեզ հետ պայմանագիր է կնքել և դրան համապատասխան ներկայացրել թղթից իր աշխատանքները։ Մեր տաղավարում ես հիշում եմ նրա աշխատանքներից»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Կիսափակ ռեժիմ կրկին վերադարձնելու մասին պարզաբանման մեջ նշվում է նաև, որ դատապարտյալը պատժի կրման ընթացքում ունեցել է երեք կարգապահական տույժ, որից վերջինն այս պահին մարված չէ։

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, անդրադառնալով այդքան շահարկված կարգապահական տույժերին, նկատեց․

«Ինչպես Դատախազությունը, այնպես էլ դատարանները մշտապես առաջ են բերում դատապարտյալի պատժի կրման ընթացքում կարգապահական տույժերը՝ հաշվի չառնելով երկու կարևոր հանգամանք՝ անգամ ազատ քաղաքացին իր կյանքի ընթացքում բազմաթիվ մեծուփոքր զանցանքներ է կատարում, այնինչ դատապարտյալի միակ «հանցանքը» հեռախոս ունենալն է, որն իր այն քիչ միջոցներից մեկն է հարազատների հետ կապը պահպանելու»։

Ըստ փաստաբանի՝ 5, 7 15 տարի առաջ ստացած հեռախոսային տույժերը շարունակում են խոչընդոտ հանդիսանալ դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակվելու կամ ռեժիմի փոփոխության համար, ինչն անընդունելի է․

«Այդ փաստը չի փոփոխվելու, տույժերն այդպես էլ գրված են մնալու դատապարտյալի անձնական գործերի մեջ։ Դե միանգամից ասեք՝ ոչ մի հույս չկա կրկին ազատության մեջ գտնվելու»։

Ըստ դատախազության՝ «մարզական մրցաշարին մասնակցելը, առանձին վերցրած, առանց լրացուցիչ վարքագծային դրսևորումների, չի կարող դրական վարքագիծ դրսևորելու հիմք հանդիսանալ»:

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ուրիշ ի՞նչ քայլեր կամ գործողություններ պետք է ձեռնարկի չորս պատի մեջ փակված դատապարտյալը՝ դատախազության հավանությանն արժանանալու համար։

Կիսաբաց ռեժիմ անցնելը Շալունցի համար ազատության մեջ հայտնվելուն հավասար զգացողություն էր

Կամոն երեկվանից բավականին բարդ և բարձր հուզական հոգեվիճակի մեջ է։ Նրա հետ այս պահին հոգեբաններ են աշխատում։ Կիսաբաց ռեժիմ անցնելը Շալունցի համար ազատության մեջ հայտնվելուն հավասար զգացում է եղել։ Ասում է՝ 25 տարի լինել խցում, ապա միանգամից բաց տեղ հայտնվելը, ազատություն էր, շոկ․

«Առաջին օրը, որ մտա, մի քանի օր չէի կարողանում քնել: Ոնց նայում ես, սա մի փոքր գյուղ է, մի ընտանիք:  Որ մտա «զոն», տեսա սիրամարգեր և կատուներ, կրկին ապշեցի: Որովհետև նման բան չէի տեսել. այս ձևի գեղեցկություն, այս ձևի մաքրություն, այս ձևի հարգանք: Ամենից կարևորը այստեղ հարգանքն է»,- armradio-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվել էր Կամոն։

Կամո Շալունցն իր խնամքին 30-ամյա հաշմանդամ աղջիկ ունի՝ Անուշը տառապում է ծանր աստիճանի մտավոր հետամնացությամբ, արտահայտված խոսքի բացակայությամբ և աջակողմյան հեմիպարեզով հոգեկան հիվանդությամբ։ Կիսաբաց ռեժիմում գտնվելու հանգամանքը նրան մեկ քայլ ավելի էր մոտեցրել աղջկան․

«Տպավորություն էր, որ աղջկաս ավելի մոտ եմ։ Մեկ քայլ էր մնում, որ ազատության մեջ լինեի ու կարողանայի պատշաճ խնամք իրականացնել։ Նա այս պահին դրսում հայտնվելու վտանգի առաջ ա կանգնած։ Դատախազության էս որոշմամբ ներսս ամեն ինչ գլխիվայր շուռ եղավ, դատարկվեց և՛ հոգիս, և՛ դրա շուրջը ձևավորված իրականությունը»։

 Հ.Գ. Ի դեպ, դատախազությունը կեղծ տվյալներով է առաջնորդվել նաև ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի ռեժիմի փոփոխության կասեցման որոշումը կայացնելիս: Ընդ որում, այդ կոպիտ սխալի մասին մենք զգուշացրել էին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, սակայն նա  այդ նույն գրությունը ուղարկել էր Հանրային հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան: Արթուր Մկրտչյանի կասեցման որոշմանը կանդրադառնանք ավելի ուշ:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest