Այսօր տեղի ունեցավ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանի, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հանրային կապերի պատասխանատու Անի Հարությունյանի ասուլիսը:

Տաթևիկ Յաղջյանի զեկուցմամբ՝ այս եռամսյակը չի տարբերվել նրանով, որ նոր՝ թվով 70 հատուցումներ են նշանակվել հիմնադրամի կողմից, և արդեն 675 միլիոն դրամ տրամադրվել է միանվագ գումարի տեսքով։ 70 դեպքերից մեծամասնությունը հիմնականում անհայտ կորած զինծառայողներն են։

Այս պահին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4760 շահառուներ։ Պատերազմից առաջ կար 417 դեպք, որոնք ներառում էին 2008-2020 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի դեպքերը։

4760 շահառուներից 3998-ը զոհեր են, 152-ը անհայտ կորած զինծառայողներ և 610-ը հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս դեպքերի մասով արդեն տրամադրվել է մի փոքր քիչ, քան 60մլրդ դրամ հատուցման տեսքով, և այս ժամանակահատվածի համար հավաքագրվել է 72մլրդ դրամ։

Յաղջյանը նշեց, որ 72մլրդ դրամից 11 մլրդ դրամը կազմում են նվիրաբերությունները։ Մեծամասնությունը՝ 70% և ավելին, գալիս է Հայաստանից և Արցախից, սակայն կա նաև Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում։ Հիմնական երեք մեծ դոնոր պետություններ են ԱՄՆ, ՌԴ և Եվրոպայի մի քանի երկրներ՝ Գերմանիան և Ֆրանսիան։

Խոսվեց հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության մասին։ Զոհված և անհայտ կորած զինծառայողների շահառուների շրջանակներում մինչև այս շահառու էին համարվում զինծառայողի առաջնային ընտանիքի անդամները, որոնք էին ծնողները, կինը, ամուսինը և երեխաները։ Բացառություն էին կազմում նաև քույրը և եղբայրը, ովքեր անչափահաս էին և գտնվել էին զինծառայողի հոգածության ներքո։ Նոր օրենքով, սակայն, երկու փոփոխություն առաջ եկավ․ հիմնադրամի շահառու կարող է դառնալ նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող այն անձը, որն ունի համատեղ զավակ․

«Սա փակում է այն իրավիճակները, երբ զինծառայողը փաստացի ամուսնական կապի մեջ է եղել կնոջ հետ, սակայն ամուսնությունը գրանցված չի եղել, բայց վերջիններս վարել են կենցաղ, ունեցել են երեխաներ ու երեխաների հայրությունը ճանաչված է եղել։ Մնացած շահառուներին հավասար՝ այս դեպքում կինը ևս կդառնա հիմնադրամի շահառու և կստանա հավասար ֆինանսական աջակցություն»,-ասաց Յաղջյանը։

Երկրորդը՝ զինծառայողի քույրերը և եղբայրները ևս կարող են դառնալ հիմադրամի շահառու։ Այստեղ, սակայն, կա մի փոքր տարբերություն․ քույրերը և եղբայրները կարող են դառնալ հիմնադրամի շահառու՝ բացառության դեպքում, երբ տվյալ զինծառայողի գծով առաջնային ժառանգներից չկա որևէ մեկը, ով արդեն ստանում է հատուցում։ Օրինակ՝ զինծառայողը չունի ծնողներ, ամուսնացած չի եղել և չի ունեցել զավակներ։ Այս դեպքում քույրը և եղբայրը կդառնան հիմադրամի շահառուներ։

«Արդեն իսկ օրենքի փոփոխությունից հետո ուժային մարմիններից ստացել ենք այսպիսի 10 գործ, որտեղ քույրերը և եղբայրները հանդիսացել են շահառուներ։ 9  գործով արդեն իսկ որոշում է կայացվել, և հատուցումները տրամադրվել են միանվագ։ Ամենամսյա վճարումները շարունակում ենք կատարել։ Գործերը 1 շաբաթվա ընթացքում մուտքագրվելուց հետո, հաշվեհամարները բացվում են հիմնադրամի կողմից, և գումարները անմիջապես փոխանցվում են»,-նշեց հիմնադրամի տնօրենը։

Անի Հարությունյանը խոսեց հիմնադրամի երկու նոր ծրագրերի մասին։ Ապրիլի 24-ին ընդառաջ բացվել է «Ի հիշատակ» նվիրաբերությունը, որի միջոցով հնարավոր է նվիրաբերություն կատարել հիմնադրամին՝ հարգանքի տուրք մատուցելով որևէ զինծառայողի հիշատակին և նրա ընտանիքին։

Հիմնադրամը կհամագործակցի նաև Երևանի գինու օրերին հետ, որը տեղի կունենա հունիսի 3-5-ը։

«Մենք ունենալու ենք տաղավարներ, որտեղ նախ և առաջ ներկայացնելու ենք հիմնադրամի պատմությունը, կատարած աշխատանքը և մեր առաքելությունը։ Մասնակցելու են նաև մեր շահառու տղաները։ Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող տղաները ներկայացնելու են իրենց ձեռագործ աշխատանքները և փոքրիկ բիզնեսները, որոնք շատ դեպքերում սկսել են պատերազմից հետ»,-ասաց Հարությունյանը։

Հարց հնչեց, թե ինչպես են ապահովում անվտանգությունը, որովհետև հիմնադրամների անվան տակ սոցիալական կեղծ էջեր են օգտագործվում, և ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի մարդիկ իմանան՝ ուր են ուղարկում գումարները։

Տաթևիկ Յաղջյանի խոսքով՝ պատերազմից հետո այդ միջոցառումները շատացել են, իրենք մոնիթորինգ են անում՝ հասկանալու՝ ինչ հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ կան, որոնք հավաքագրում են միջոցներ ու ուղղում զինծառայողներին։

«Մեր տեսանկյունից կարող ենք մի բան անել․ ապահովել թափանցիկությունը, քանի  որ ցանկացած 1 դրամ, 10 դրամ և 100 միլիոն դրամ, որը կմտնի հիմադրամ շատ թափանցիկ տեսանելի է մեր կայքում»,-ասաց Յաղջյանը։

Հարցին՝ արդյո՞ք տրամադրված գումարները բավականացնում են, վերջինս պատասխանեց, որ այս 4760 դեպքերը կարողանում են ծածկել, բայց անընդհատ շեշտում են, որ հիմադրամը պետք է մշտապես հավաքագրած միջոցներ ունենա։ Այդ պատճառով հիմա միջոցներ են կուտակում, որպեսզի եթե որևէ սրացում լինի սահմանին, պատրաստ լինեն ու գործեն օպերատիվ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest