Այսօր տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի» ընդլայնված նիստը։ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ հրապարակային զեկույցը, այն է՝ իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք։

Զեկույցի գլխավոր ուղերձն էր «Իրավունքի գերակայության վրա հիմնված ամուր կարգապահությունը մարտունակ բանակի հիմքն է», նպատակը՝ վեր հանել զինված ուժերում առկա որոշ խնդիրներ, տալ կոնկրետ գնահատականներ և դրանց լուծմանն ուղղված թիրախային առաջարկներով հասնել Հայաստանի զինված ուժերում իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահության ամրապնդմանը։

Քննարկվեցին բանակը և մարդու իրավունքները, ոլորտում շարունակաբար արձանագրվող խնդիրները, բանակում մահացության դեպքերին վերաբերող հարցերը։ Վերջիններս գնահատվել են 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հետպատերազմյան վիճակի հաշվառմամբ։ Զինվորական կարգապահության խնդիրներին առնչվող բողոքները, սպաների և զինվորների հետ առանձնազրույցները, նրանց ընտանիքների հետ հանդիպումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ բանակում կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունն այսօր առաջնային արդիականություն է։

Զեկույցն անդրադարձել է բանակում մահվան և ինքնավնասման դեպքերին։ Հաճախ ինքնավնասման դեպքերի պատճառների մեջ էական դեր են խաղում զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, զինծառայողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների ցածր մակարդակը, ինչպես նաև զինծառայողների նկատմամբ անհատական մոտեցման բացակայությունը։

Թեև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված մարտական գործողությունները լրջագույն մարտահրավեր էին հատկապես զինծառայողների կյանքի իրավունքի ապահովման տեսանկյունից, այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների հիման վրա, ուսումնասիրվել է 2018-2020 թվականների ընթացքում միայն խաղաղ պայմաններոում զինծառայողների կյանքի պաշտպանության վիճակը և հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրված ինքնավնասման դեպքերը։

Պետությունը պարտավոր է պատասխանատվություն կրել բանակում տեղի ունեցած ցանկացած վնասվածքի և մահվան դեպքի համար։ Բոլոր այն դեպքերում, երբ պետական մարմիներն օբյեկտիվ պատճառներով գործի ճշգրիտ հանգամանքերը չեն  կարող պարզել, պետք է բավարար և համոզիչ կերպով բացատրեն իրադարձությունների հաջորդականությունը և ներկայացնեն դիմումատուի պնդումները հերքող հիմնավոր ապացույցներ։

Անհրաժեշտ է, որ Պաշտպանության նախարարությունը հստակ և տեսանելի քայլեր ձեռնարկի բանակում մահվան և ինքնավնասման պատճառներն ու նպաստող պայմանները վերհանելու, դրանց համակարգային լուծումներ տալու և արդյունքում՝ դրանք բացառելու ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողների մահվան կամ ինքնավնասումների կապակցությամբ կոնկրետ հարցադրումներով պաշտոնական պարզաբանումներ է պահանջում իրավասու պետական մարմիններից և գործուն քայլերի վերաբերյալ տեղեկություններ։

Պաշտպանի գնահատմամբ՝ այդ քայլերն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխելու համար։

Բանակում ոչ կանոնադրային փոխհարաբերությունները լուրջ խնդիր են ինչպես զինծառայողների իրավունքների պաշտպանության, այնպես էլ զինուժի մարտունակության ապահովման։

Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest