Երկու երեխաների հայր Արշակ Փարվանյանը 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը ներկայացել է զինկոմիսարիատ եւ հաջորդ օրը մեկնել Արցախ: Նրան հաջողվել է հայտնաբերել միայն 2021թ-ի հունվարի 4-ին` ԴՆԹ հետազոտության միջոցով:
Փարվանյանը, ծնվել էր 1981-ին Երեւանում, չորս տարի անց ընտանիքը մշտական բնակության էր տեղափոխվում Արագածոտնի մարզի Աղձք գյուղ:
1999-2001թթ ծառայել էր ՀՀ զինված ուժերում, որպես ՀՈՊ համակարգերի մասնագետ։ Ծառայությունը ավարտելուց հետո ուսումը շարունակել էր «Արտաքին տնտեսական կապերի» համալսարանի Ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետում, ստացել էր տնտեսագետի որակավորում։
![](https://forrights.am/wp-content/uploads/2022/03/IMG_1417-copy-1024x683.jpg)
Հարազատները պատմում են` Արշակը հմուտ էր ամեն ինչում, եթե մի բան պիտի աներ ուրեմն դա կատարյալ պիտի լիներ։ «Արշակի անձնային որակներից կարելի է անվերջ խոսել․ հայրենասիրություն բարություն, ընկերասիրություն, կամեցողություն, հումորի յուրօրինակ զգացում։ Լավ հայր ու զավակ էր, նվիրված իր ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Հայրենասիրությունը լոկ հատկանիշ չէ, այն կամ լինում է կամ ոչ։ Նա միշտ է հպարտացել իր հայ լինելով, միշտ հպարտորեն էր մասնակցում ՊՆ կողմից բոլոր զորավարժություններին, գիտակցում էր այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմող երկիր ենք ու կռիվն անխուսափելի է, պետք է պատրաստ լինենք», — ասում է Արշակի քույրը` Աստղիկը:
Մոր` Ռուզաննա Դուլյանի խոսքով, երբ արդեն սեպտեմբերի 28-ին Արշակը մեկնելիս է եղել Արցախ, հարազատները նրան խնդրել են մեկնումը գոնե մեկ շաբաթով հետաձգել, սակայն նա հրաժարվել է: Նույն օրը նա հասել է Ստեփանակերտ, այնտեղից Հադրութ: «Երկու օր Հադրութում մնալուց հետո հարյուր հոգու նստացրել են ավտոբուսները եւ ուղարկել են Ֆիզուլի: Ֆիզուլիից հետո նրանից տեղեկություն չստացանք»,- ասում է մայրը:
Իսկ Արշակի հայրը` Աշոտ Փարվանյանն պատմում է` ամիսներ շարունակ որդուց որեւէ լուր չեն ունեցել.«Մենք իմացանք, որ նրանք ավտոբուսով շարժվել են, բայց անգամ տեղ էլ չեն հասել: ԱԹՍ-ները ռմբակոծել են ու ամեն ինչ ավարտվել է: Նրան փակ են բերել, բացելու հնարավորություն չի եղել: Նախ թույլ չէին տալիս, ու հետո էլ` բացես, ի ՞նչը տեսնես: Ու այդպես փակ բերել են, այնդպես էլ տարել, հուղարկավորել ենք… Եղածից բուժում չկա»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: