Երկու երեխաների հայր Արշակ Փարվանյանը 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը ներկայացել է զինկոմիսարիատ եւ հաջորդ օրը մեկնել Արցախ: Նրան հաջողվել է հայտնաբերել միայն 2021թ-ի հունվարի 4-ին` ԴՆԹ հետազոտության միջոցով:

Փարվանյանը, ծնվել էր 1981-ին Երեւանում, չորս տարի անց ընտանիքը մշտական բնակության էր տեղափոխվում Արագածոտնի մարզի Աղձք գյուղ:

1999-2001թթ ծառայել էր ՀՀ զինված ուժերում, որպես ՀՈՊ համակարգերի մասնագետ։ Ծառայությունը ավարտելուց հետո ուսումը շարունակել էր «Արտաքին տնտեսական կապերի» համալսարանի Ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետում, ստացել էր տնտեսագետի որակավորում։

Հարազատները պատմում են` Արշակը հմուտ էր ամեն ինչում, եթե մի բան պիտի աներ ուրեմն դա կատարյալ պիտի լիներ։ «Արշակի անձնային որակներից կարելի է անվերջ խոսել․ հայրենասիրություն բարություն, ընկերասիրություն, կամեցողություն, հումորի յուրօրինակ զգացում։ Լավ հայր ու զավակ էր, նվիրված իր ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Հայրենասիրությունը լոկ հատկանիշ չէ, այն կամ լինում է կամ ոչ։ Նա միշտ է հպարտացել իր հայ լինելով, միշտ հպարտորեն էր մասնակցում ՊՆ կողմից բոլոր զորավարժություններին, գիտակցում էր այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմող երկիր ենք ու կռիվն անխուսափելի է, պետք է պատրաստ լինենք», — ասում է Արշակի քույրը` Աստղիկը:

Մոր`  Ռուզաննա Դուլյանի խոսքով, երբ արդեն սեպտեմբերի 28-ին Արշակը մեկնելիս է եղել Արցախ, հարազատները նրան խնդրել են մեկնումը գոնե մեկ շաբաթով հետաձգել, սակայն նա հրաժարվել է: Նույն օրը նա հասել է Ստեփանակերտ, այնտեղից Հադրութ: «Երկու օր Հադրութում մնալուց հետո հարյուր հոգու նստացրել են ավտոբուսները եւ ուղարկել են Ֆիզուլի: Ֆիզուլիից հետո նրանից տեղեկություն չստացանք»,- ասում է մայրը:

Իսկ Արշակի հայրը` Աշոտ Փարվանյանն պատմում է` ամիսներ շարունակ որդուց որեւէ լուր չեն ունեցել.«Մենք իմացանք, որ նրանք ավտոբուսով շարժվել են, բայց անգամ տեղ էլ չեն հասել: ԱԹՍ-ները ռմբակոծել են ու ամեն ինչ ավարտվել է: Նրան փակ են բերել, բացելու հնարավորություն չի եղել: Նախ թույլ չէին տալիս, ու հետո էլ` բացես, ի ՞նչը տեսնես: Ու այդպես փակ բերել են, այնդպես էլ տարել, հուղարկավորել ենք… Եղածից բուժում չկա»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest